Մատչելիության հղումներ

«Միջանցքը» մնում է ՀՀ-ի կարմիր գիծը. ԱԺ նախագահի այս պնդումն ընդդիմության մտահոգությունները չի փարատում


Առանց գաղտնազերծելու Ադրբեջանի հետ ապաշրջափակման շուրջ քննարկվող տարբերակները՝ Ազգային ժողովի նախագահն այսօր վերահաստատեց, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի համար անընդունելի է և մնում է կարմիր գիծ։

«Այսինքն՝ ո՞նց կարելի է մի բառի շուրջ շահարկումներ կառուցել այն դեպքում, երբ այդ բառն ասվել է բոլոր իրավական գործընթացներն անցնելուց հետո։ Այսինքն՝ ի՞նչ, ենթադրո՞ւմ եք, որ 40 կմ գնացքը գնալիս ամեն 4 կիլոմետրը մեկ պետք է կանգնի։ Որտե՞ղ են այդպիսի բան անում: Երկիր մուտք գործելուց բոլոր իրավական, ինչպես բոլոր երկրներում է, բոլոր երկրների համար է... սա նույնպես տարբերակների, քննարկումներից մեկը, անխոչընդոտ որ մտնի, դուրս գա, այդպիսի բան ոչ մեկը չի ասել, չի քննարկում, և դա մեզ համար անքննարկելի է», - ասաց նա:

Ճանապարհների ապաշրջափակման մասին Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ընդդիմադիր տարբեր գործիչներ պնդում են՝ Սիմոնյանի նկարագրած անխոչընդոտ ճանապարհը, որ հայկական կողմը պատրաստ է տրամադրել, հենց Ադրբեջանի պահանջած միջանցքն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, օրինակ, սոցիալական ցանցի իր էջում գրել էր․ «Միջանցք տալը հո պոզով-պոչով չի լինում։ Ասում են՝ ոչ մի դեպքում միջանցք չենք տալու, սակայն պատրաստ ենք ապահովել Սյունիքի մարզով փակ բեռների անխոչընդոտ անցումն առանց կանգառների»։


Ադրբեջանը մշտապես հղում է անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին և պահանջում առանց ստուգումների ճանապարհ:

Հայաստանն այս հարցում մեղմացրե՞լ է դիրքորոշումը, Ալեն Սիմոնյանն այսօր պնդեց՝ հայկական կողմի համար սկզբունքային է, որ ճանապարհները բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության պահպանմամբ. «Դա, իմ ընկալմամբ, նաև Ադրբեջանի համար ընդունելի տարբերակ է»:

Հարցին, թե Բաքուն կո՞ղմ է փոխադարձությանը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Յուրաքանչյուր տարբերակում չի կարող միակողմանի լինել: Մենք ինչ քննարկում ենք, չենք քննարկում միայն Հայաստանի համար նախատեսված տարբերակը. չէ՞ որ մեզ էլ ձեռնտու կլինի, որ մեր բեռները նախ կապ ունենանք ՌԴ հետ երկաթուղային, հետո բեռները հնարավոր լինի Նախիջևանի միջոցով գնացքով տեղափոխել Իրանի տարածք, մի խոսքով՝ այո»:

Ընդդիմությանն ամեն դեպքում մի հարց է մտահոգում՝ ինչո՞ւ են իշխանությունից ասում՝ Ադրբեջանն ինչ ճանապարհ էլ ստանա, միջանցք է կոչելու: Պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ Փաշինյանն ու թիմակիցները մարդկանց նախապատրաստում են:

«Նրանք այնտեղ ասում են միջանցք, այստեղ էլ նախապատրաստում են, որ մենք միջանցք չենք տալու, բայց թուրքերն ու ադրբեջանցիները միևնույն է՝ դա միջանցք են անվանելու: Պարզապես մեզ է ուզում մեր այսպես ասած՝ զգոնությունը բթացնի, որ իրականում մենք միջանցք չենք տվել, բայց դե թուրքերն ասում են միջանցք, ոչինչ», - շեշտեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Հայաստանի իշխանությունը նախկինում սուր էր արձագանքում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, ավելին՝ վարչապետ Փաշինյանը շուրջ մեկուկես տարի առաջ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում վիճում էր Ադրբեջանի նախագահի հետ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործման պատճառով: Մինչդեռ վերջին ասուլիսին Փաշինյանը, երեկ էլ Ազգային ժողովի նախագահը առաջարկեցին նկատի ունենալ, որ Ադրբեջանը ինչ ռեժիմով էլ ճանապարհ ստանա, այն անվանելու է միջանցք:

«Երբ գետնի վրա կտեսնենք՝ ինչ է, հո տենց ասելով չէ», - նշեց Արմեն Ռուստամյանը:

Բաքվից երեկ ապաշրջափակման շուրջ Հայաստանի ներկայացրած առաջարկները գործնական նշանակություն չունեցող էին որակել և պնդել, թե դրանք թյուրիմածությունների տեղիք են տալիս: Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ պնդում էր, թե դրանք իրատեսական են և բավարարում են երկու կողմերի ակնկալիքներին:

Ընդդիմությունից վստահ են՝ Հայաստանն Ադրբեջանի ճնշման ներքո այս հարցում ևս հետքայլ կանի ինչ-որ փուլում:

Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG