Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: Թեհրանը դեմ է որևէ ճանապարհի, որ կլինի միջանցքի տրամաբանությամբ, լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին: Մենք Հայաստանի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք ու միատեսակ ենք մտածում», - նշել է դեսպանը:
Իլհամ Ալիևը շարունակում է պահանջել Հայաստանից ճանապարհ, որ Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն լինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Հայաստանի վարչապետը պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո: Իր վերջին ասուլիսում հայտնեց, որ տարածաշրջանային ապաշրջափակման Երևանի առաջարկներին Բաքուն մոտ երեք ամիս է չի պատասխանել:
Մեհդի Սոբհանին այսօրվա ասուլիսում մի քանի անգամ շեշտեց՝ ճանապարհների ապաշրջափակմանը դեմ չեն, բայց դրանք պետք է բացվեն պետության ինքնիշխանության ներքո:
«Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային ու տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհ, որը միջանցքի տրամաբանությամբ է, մենք դրան դեմ ենք», - ընդգծեց նա:
Իրանի դեսպանը մի քանի ժամ տևած ասուլիսում շեշտեց՝ խիստ դեմ են այն ամենին, ինչը կբերի Հայաստան-Իրան սահմանի փոփոխության: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանը զիջումների ու գործարքի չի գնա ինչ երկիր էլ որ լինի, քանի որ սա Իրանի անվտանգության հարցն է: Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունե՞ն այս հարցում, հետաքրքրվեցին լրագրողները:
«Մենք հստակորեն և՛ Ռուսաստանին, և՛ մյուս երկրներին հայտնել ենք մեր հստակ դիրքորոշումը: Մենք դեմ ենք այն ճանապարհին, որը կլինի միջազգային վերահսկողության ներքո, մենք դեմ ենք այն ամենին, ինչը կբերի սահմանների փոփոխության: Մենք խիստ դեմ ենք այն ամեն ինչին, որը կհանգեցնի աշխարհաքաղաքական փոփոխության: Հստակ այդ մասին արտահայտվել ենք: Եվ այս հարցի առումով որևէ երկրի նկատառումները հաշվի չենք առնում: Որոշ երկրներ փորձում են նման կասկած առաջացնել, որ Իրանը Զանգեզուրի հարցում իր դիրքորոշումները զիջել է, Զանգեզուրի հարցը մեր անվտանգության հետ է շաղկապված: Մենք մեր երկրի զգային անվտանգության հարցում հաստատակամ ենք, որ երկիրն էլ լինի, սա մեր դիրքորոշումն է», - պատասխանեց Սոբհանին:
Իսկ ի՞նչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը որոշի ուժով բացել ճանապարհը, հարձակվել Հայաստանի վրա: Դեմ են ուժի կիրառմանը, ընդգծեց Իրանի Դեսպանը, դիվանագիտական ճանապարհով ջանքերը կգործադրեն, որ չլարվի իրավիճակը տարածաշրջանում:
«Ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի: Ես չեմ ցանկանում հիմա խոսել այն մասին, թե ինչ է հնարավոր ապագայում տեղի ունենա ու հավանականությունների վերաբերյալ դիրքորոշում արտահայտեմ: Բնականաբար, Հայաստանի դիրքորոշումը, որ իր տարածքով անցնող ցանկացած ճանապարհ պետք է լինի իր ինքնիշխանության ներքո, միջազգայնորեն ընդունված իրավունք է: Եթե ուղղորդվենք այս տրամաբանությամբ, ուստի նոր հակամարտություն պետք է տեղի չունենա և մեր ողջ ջանքերը կգործադրենք, որ նոր հակամարտությունը կանխենք: Եթե հիմա հարձակում լինի, կարծում եմ Հայաստանն ունի պաշտպանական հզորություն ու հնարավորություն, պաշտպանելու իր երկիրը: Ձեր երկրի պաշտպանության կարողությունները մի թերագնահատեք», - ընդգծեց Մեհդի Սոբհանին:
Թեհրանի դիրքորոշումն օրերս Իրանի նախագահը վերահաստատել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը: Հունվարին նախ Բաքու, ապա Երևան էր այցելել Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը: