Մատչելիության հղումներ

Ալիև․ «Հայաստանը պետք է ապահովի մեր կապը Նախիջևանի հետ՝ առանց խոչընդոտների և ստուգումների»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները և ապահովի կապը Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև։ Այդ մասին այսօր Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդամենը մի քանի րոպեի ընթացքում երեք անգամ արտաբերելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

«Մեր կողմից իրականացվող նոր նախագծերի թվում ես ցանկանում եմ հիշատակել «Զանգեզուրի միջանցքը»։ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի նախաձեռնությունն է։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակից հետո այս հարցը մուտք գործեց միջազգային օրակարգ։ «Զանգեզուրի միջանցքը» միջազգային բառապաշարում այսօր ընդունված տերմին է։ Մենք, իհարկե, գործնական քայլեր ենք ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ։ Ճիշտ է նաև, որ Հայաստանն այս հարցում ոչ կառուցողական մոտեցում է դրսևորում և չի կատարում այն պարտավորությունները, որ ստանձնել է նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն ակտով։ Այդ փաստաթղթում հստակորեն գրված է, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև պետք է տրանսպորտային կապ ապահովվի», - հայտարարում էր Ալիևը։

Տրանսպորտային խնդիրներին նվիրված այս խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի նախագահն անդրադարձավ նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառույցների բացման՝ Հայաստանի վարչապետի կողմից առաջ քաշվող նախագծերին, չթաքցնելով իր, մեղմ ասած, թերահավատ վերաբերմունքը դրանց։

«Դուք երևի լսել եք, որ Հայաստանն առաջ է քաշել այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և աշխարհում էլ երկիր չմնաց, որտեղ նրանք այդ նախագիծը ներկայացրած չլինեն։ Իրականում, սակայն, այդ այսպես կոչված նախագիծն առանց Ադրբեջանի ոչինչ է։ Մենք տարբեր խողովակներով այդ մասին բազմիցս ասել ենք նաև հայկական կողմին։ Եթե դուք իրոք ցանկանում եք կյանքի կոչել այդ նախագիծը, առաջին հերթին պետք է Ադրբեջանին դիմեք։ Առանց մեզ դա պարզապես թղթի կտոր է, իսկ մեր առաջ քաշած պայմաններն արդար են, հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և այն պարտավորությունների վրա, որ Հայաստանն է ստանձնել», - հայտարարում էր Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծում էր, որ այժմ, քանի դեռ «Զանգեզուրի միջանցքը» չի բացվել ,Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանը շրջանցող, Իրանի տարածքով անցնող ճանապարհի շինարարության ուղղությամբ։Ալիևի խոսքով՝ Թեհրանի հետ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, երբ Բաքվում «տեսան Հայաստանի ոչ անկեղծ պահվածքը»։

«Այդպիսով Հայաստանը շարունակելու է փակուղում մնալ և նրանց՝ տարանցիկ պետություն դառնալու երազանքն այդպես էլ երազանք կմնա։ Նրանց կորուստներն ավելի մեծ են լինելու, քան մերը։ Այդ իսկ պատճառով այս խնդիրը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, և Հայաստանի հետ մեր երկկողմ շփումներում մենք մշտապես ընդգծում ենք՝ պետք է ազատ անցում ապահովվի Ադրբեջանից Ադրբեջան՝ առանց ստուգումների և խոչընդոտների», - պնդում էր Ադրբեջանի նախագահը։

Եվ չնայած Բաքվում կայացած այս խորհրդակցությունը նվիրված էր բացառապես տրանսպորտային խնդիրներին՝ Իլհամ Ալիևը կրկին խորացավ պատմական իրադարձությունների մեջ՝ պնդելով, թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը և Զանգեզուրի այսպես կոչված անջատումը «ադրբեջանցի ժողովրդի դեմ կատարված հանցագործություններ էին»։

«Մենք Զանգեզուրը չենք մոռացել ու չենք մոռանա։ Կրկնում եմ՝ մենք Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենք։ Հայաստանը, սակայն, պետք է կատարի իր պարտավորությունները և անխոչընդոտ անցում տրամադրի Ադրբեջանից Ադրբեջան», - պնդել է Ալիևը:

«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս ընդգծել էր, որ հայկական կողմն ապաշրջափակման հարցում առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը», իսկ խաղաղության պայմանագրի հարցում առաջարկել են լուծումներ և շարժվելու են այս ուղղությամբ: Ալիևի նախորդ հարցազրույցից հետո էլ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG