Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:
ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ՝ զրույցը տևել է շուրջ մեկուկես ժամ, շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։
«Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ», - ասված է Մուսինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Մեհդի Սոբհանին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: Թեհրանը դեմ է որևէ ճանապարհի, որ կլինի միջանցքի տրամաբանությամբ, շեշտել էր նա:
«Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին: Մենք Հայաստանի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք ու միատեսակ ենք մտածում», - նշել էր դեսպանը:
Իլհամ Ալիևը շարունակում է պահանջել Հայաստանից ճանապարհ, որ Ադրբեջանը կկապի Նախիջևանին ,ու այն լինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Հայաստանի վարչապետը պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո: Իր վերջին ասուլիսում հայտնեց, որ տարածաշրջանային ապաշրջափակման Երևանի առաջարկներին Բաքուն մոտ երեք ամիս է չի պատասխանել: