Մատչելիության հղումներ

ՔՊ-ից ուղիղ չեն ասում՝ հայկական տարածք մտնող ադրբեջանական բեռները կստուգվե՞ն. ընդդիմությունը «միջանցքի» վտանգ է տեսնում

Լրացված

Ավտոճանապարհ Սյունիքի մարզում, արխիվ
Ավտոճանապարհ Սյունիքի մարզում, արխիվ

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ հռչակած իշխանության ներկայացուցիչներն ուղիղ չեն ասում՝ ապաշրջափակումից հետո Հայաստան մուտք գործելիս ադրբեջանական բեռները ստուգվելո՞ւ են: Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հարցը համարեց տեխնիկական:

«Բանակցություններ են ընթանում բոլոր ձեր նշած մանրամասների վերաբերյալ, և պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում՝ ձեր նշած տեխնիկական հարցերի վերաբերյալ, բնականաբար, այդ ամենը կկոմունիկացվի մեր հանրության հետ:
Այս պահին ես ձեր հարցին նպատակահարմար չեմ համարում պատասխանել, որովհետև բանակցություններ են ընթանում», - խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հովհաննիսյանը:

Այդուհանդերձ, թեման շարունակեց ՔՊ մեկ այլ ներկայացուցիչ Արման Եղոյանը՝ կրկին առանց ուղիղ պատասխանի. - «Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող, այո, ցանկացած բեռ պիտի մի որոշակի, չասենք ստուգում, բայց վերահսկողության ենթարկվի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը պիտի իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում»:

ՔՊ-ական երկու պատգամավորները միայն մի բան էին հստակ պնդում՝ Հայաստանը պետք է իմանա իր տարածքով անցող բեռների պարունակությունը, բայց չէին մանրամասնում՝ ինչ տարբերակով են այդ տեղեկությունը ստանալու: Եթե ադրբեջանական բեռների դեպքում Հայաստանի իրավասու կառույցներին տեղեկությունը տրամադրի Բաքուն, հայկական կողմի համար դա ընդունելի՞ է. «Ազատության» այս հարցին նույնպես ՔՊ-ականներն ուղիղ չպատասխանեցին:

«Կարո՞ղ է հավանական լինել, որ Հայաստանի տարածքով անցնի որևէ բեռ, որի, էսպես ասած, պարունակության, բովանդակության մասին Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները չիմանան. ոչ, նման բան չի կարող լինել, չի կարող ուղղակի լինել: Թե ինչ տեխնիկական միջոցներով է դա Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինն իրականացելու, և որ մարմինն է իրականացնելու, դա այս պահին քննարկվում է, քննարկման սեղանին են այդ տեխնիկական հարցերը, որոնց կանդրադառնանք, երբ որ կգա դրա, անդրադառնալու ժամանակը», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Ընդդիմությունը մտահոգիչ է համարում

Իշխանության ներկայացուցիչների խուսափողական պատասխանները մտահոգիչ է համարում խորհրդարանական ընդդիմությունը: Այն, որ իշխանությունը, մի կողմից, երկաթուղու գործարկման շուրջ Բաքվին արած առաջարկները չի բացահայտում, մյուս կողմից էլ՝ ՔՊ-ականները շեշտում են ոչ թե բեռները ստուգելու հանգամանքը, այլ դրանց պարունակության մասին տեղեկություն ստանալը, Գեղամ Մանուկյանի մոտ կասկածներ է առաջացնում, որ իշխանությունը պատրաստ է Բաքվին տրամադրել առանց ստուգումների ճանապարհ:

«Քաղպայմանագրի» ներկայացուցիչների ձևակերպումը՝ ուղղակի Հայաստանի Հանրապետությունը պետք է տեղյակ լինի՝ ինչ է տեղափոխվում, հա, տեղյակ եղավ՝ Ադրբեջանն եմ, տեղափոխում եմ, օրինակ, միջուկային զենք, և՞: Հայ սահմանապահներ, հայ մաքսավորներ, այլ մասնավոր կազմակերպություն, ինչպես ժամանակին Նիկոլ Փաշինյանն է ասել, էդ բոլորը տարիներ շարունակ հնչել են, բայց հիմա ձևակերպումը դառել է՝ Հայաստանը պետք է տեղյակ լինի՝ ինչ են տեղափոխում. միջուկային զենք», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորը պատահական չի համարում ապաշրջափակման շուրջ Բաքու ուղարկված առաջարկների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը: Կառավարության ղեկավարը վերջին ասուլիսին ասել էր՝ այդ առաջարկները համապատասխանում են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ակնկալիքներին: Բաքուն ակնկալում է առանց ստուգումների ճանապարհ ստանալ Ադրբեջանից դեպի իր էքսկլավ Նախիջևան և այն անվանում է «միջանցք»:

Եթե Հայաստանը չստուգի ադրբեջանական բեռները և բավարարվի Բաքվի փոխանցած տեղեկությամբ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի գնահատմամբ՝ իշխանությունը հետքայլ կանի իր հռչակած ևս մի կարմիր գծից:

«Եթե դու դրանք վերահսկելու, ճշգրտելու հնարավորություն չունես, բնականաբար, դա դառնում է միջանցքային տրամաբանություն: Հիմա թե այն, ինչ վերաբերում է Ադրբեջանին և տեղի է ունենալու այդպիսի մեխանիզմների պարագայում, բնականաբար, սա ոչ միայն խորը կասկածներ է առաջացնում, այլ, կրկնում եմ, գալիս է հաստատելու այն մտահոգությունը, որ իրականում քննարկումը հենց գնում է միջանցքային տրամաբանության ներքո, սակայն իշխանությունը փորձում է որոշակի թեթև փաթեթավորումներ մտածել թեման հնարավորինս էդ տրամաբանությունից հեռու տանելու համար», - ասաց Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմության կասկածները խորացնում է նաև այն փաստը, որ իշխանությունն այժմ սուր չի արձագանքում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, հակառակը՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն այժմ առաջարկում են նկատի ունենալ, որ Ադրբեջանը ինչ ռեժիմով էլ ճանապարհ ստանա, այն անվանելու է միջանցք:

Ի դեպ, Բաքուն երկաթուղու գործարկման Երևանի առաջարկներն անվանել էր «գործնական նշանակություն չունեցող»: Ընդդիմությունից կարծում են՝ քանի դեռ Ադրբեջանը ճնշմամբ ավելին ստանալու հնարավորություն է տեսնում, չի շտապի Երևանի առաջարկներն ընդունել:


XS
SM
MD
LG