Մատչելիության հղումներ

Արեգ Քոչինյանի համար Տավուշի սահմանագծումը «միանշանակ ձեռքբերում է»


Տավուշի սահմանագծումը քաղաքագետ Արեգ Քոչինյանի համար «միանշանակ ձեռքբերում է»: Այդ մասին Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահն ասաց «Ազատությանը» տված հարցազրույցում:

«Ամեն ինչը պետք է դիտարկել կոնյունկտուրայի մեջ: Չորս գյուղերի հարց կար դեռևս 20 թվականի նոյեմբերի 9 ի փաստաթղթի առավոտյան տարբերակում, և այնտեղ չկար որևէ դելիմիտացիա-դեմարկացիայի պրոցեսի տրամաբանության մեջ, կար միակողմանի գյուղերի վերադարձի հարց: Անցած չորս տարիների ընթացքում Կառավարությունը կարողացավ հասնել նրան, որպեսզի չորս գյուղերի հարցը տեղավորվի դելիմիտացիա-դեմարկացիայի պրոցեսի մեջ, ինչին ես անձամբ չէի հավատում՝ ես կարծում էի, որ մենք ի վերջո ուղղակի գնալու էինք և գյուղերը հանձնելու էինք վերջին պահին: Բայց ոչ՝ գնացինք դելիմիտացիա-դեմարկացիայի ուղղությամբ, եղավ հայտնի արձանագրությունը երկու փոխվարչապետների միջև, որտեղ հիմք ընդունվեց Ալմա-Աթան և համապատասխան քարտեզները այդ դելիմիտացիա-դեմարկացիան իրականացնելու համար», - ընդգծեց Քոչինյանը:

Ընդ որում, նա ուշադրություն հրավիրեց, «որ չորս գյուղերի տրամաբանության մեջ տարածքներ կան, որտեղ ադրբեջանական կողմը արդեն իսկ ետ է քաշվել»: «Այսինքն՝ այն պնդումը ընդդիմության, որ ադրբեջանական կողմը որևէ տեղ որևէ միլիմետր հող անգամ հետ չի վերադարձնելու, արդեն իսկ ի չիք է դարձել, որովհետև կոնկրետ այս չորս գյուղերի տարածքում կան տարածքներ, որտեղ ադրբեջանական կողմը հետ է շարժվել, և այդ տարածքները անցել են Հայաստանի վերահսկողության ներքո», - ասաց քաղաքագետը:

Արեգ Քոչինյանը շատ կարևորում է, որ հաջորդ փուլում դելիմիտացիա -դեմարկացիան տեղի ունենա, օրինակ, Ներքին Հանդում. - «Որովհետև Ներքին Հանդը հայելային հակառակ պարագան է: Դուք գիտեք, որ այս չորս գյուղերը ամբողջովին չի, որ մեր վերահսկողության տակ են, ավելին՝ դրանցից մեկը ընդհանրապես մեր վերահսկողության տակ չէ՝ դրա կողքի բարձունքներ էին մեր վերահսկողության տակ: Հիմա, նույն իրավիճակը, ըստ էության, այս վերջին գյուղի հետ կապված՝ Ներքին Հանդում է. շրջակա բարձունքները ադրբեջանական վերահսկողության տակ են, իրենք իրենց դիրքերը առաջ են բերել, գյուղը դեռևս մեր վերահսկողության տակ է: Այդ իդեալական հաջորդ փուլը կլիներ, եթե այստեղ ադրբեջանական կողմն իր դիրքերը հետ քաշեր, և Ներքին Հանդի շուրջ ձևավորված այս ճգնաժամը ի վերջո հանգուցալուծվեր: Դա արդեն կլիներ շատ լուրջ արգումենտ հօգուտ խաղաղության պրոցեսի, դելիմիտացիա-դեմարկացիայի և ընդդեմ ընդդիմության այն թեզի, թե Ադրբեջանից որևէ բան, որևէ զիջում որևէ պրոցեսում մենք չենք ստանալու»:

Միաժամանակ, քաղաքագետն ընդգծեց, որ երաշխիք չկա, որ այդպես կլինի. - «Չէ, իհարկե, նման երաշխիք չկա, բայց ինչպես նշեցի՝ այս ամեն ինչին պետք է վերաբերվել կոնյունկտուրայի մեջ: Իրավիճակն այնքան վատն է, որ լավ բան կոմունիկացնելու չկա, պետք է ֆիքսել, թե սրա այլընտրանքն ինչքան ավելի վատն էր: Հասկանո՞ւմ եք, մենք դեռևս այն վիճակում չենք, որ ընտրենք վատի ու լավի մեջ՝ մենք դեռևս ընտրում ենք վատի ու ավելի վատի մեջ: Այո, սա հայտնի չափով Հայաստանի կողմից զիջում էր, որի հանգուցալուծման մեջ մենք կարող ենք տեսնել իսկական և կամային դելիմիտացիայի-դեմարկացիայի պրոցես: Ես դեռևս չեմ ասում, մենք տեսնում ենք դելիմիտացիա-դեմարկացիայի պրոցեսը, ասում եմ՝ արել ենք դրա առաջին քայլը, այ երկրորդ քայլը երբ որ կլինի, ես կասեմ, որ այո, մենք գնացել ենք այդ ուղղությամբ: Բայց պետք է նաև ֆիքսել, որ կարող էր լինել նաև՝ ընդհանրապես առանց այս խոսակցության, որ այդ չորս գյուղերը պարզապես հայկական կողմը վերադարձներ, ինչպես որ կար նոյեմբերի 9-ին: Ու դրա հակառակը, այսինքն՝ եթե մենք այդ ուղղությամբ էլ չէինք գնում, Ադրբեջանը չի թաքցրել, որ ինքը պատրաստ է այդ խնդրի լուծմանը գնալ զինված ուժերի կիրառմամբ»:

«Երաշխիքներ պահանջել նման պրոցեսում՝ նշանակում է ուղղակի պրոցեսը կանգնեցնել, որովհետև նման պարագայում որևէ մեկը Հայաստանին որևէ երաշխիք չի տալու: Նախ՝ չկա մի այնպիսի միջնորդ, որը կարողանում է Ադրբեջանին ստիպել այդ գործողություններին գնալ, պետք է այս իրողություններին արդեն առերեսվել, էլի, հիմա, ինչքա՞ն կարելի է ինքնախաբեությամբ զբաղվել, ու Ադրբեջանն էլ որպես հաղթած կողմ իրեն պարտավորված չի զգում որևէ բանով որևէ կերպ երաշխիքներ տալ: Հիմա կա պրոցես, այդ պրոցեսը հաջողություններ դեռևս գրանցում է՝ ես նկատի ունեմ, արձանագրությունը, ես նկատի ունեմ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջև ընդունված համաձայնագիրը՝ սրանք աննախադեպ էլեմենտներ են, ըստ էության, հայ - ադրբեջանական հարաբերությունների մեջ», - ասաց Արեգ Քոչարյանը՝ իր մոտեցումը ձևակերպելով որպես «շատ զգուշավոր օպտիմիզմ»:

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ «արձանագրությունը փոխվարչապետների միջև կնքված է ամբողջ սահմանի վրա՝ կնքված չի չորս գյուղերի համար»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG