Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով
Սահմանազատման արդյունքում Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է, հաստատում է վարչապետի աշխատակազմը։ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ կառավարությունից անդրադարձել են սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարությանը։
Մասնավորապես, թե Կիրանցի հատվածում հարցերն ինչպե՞ս են լուծվում. նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է, կառավարությունից փոխանցել են. «Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին:
Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում»:
Կիրանցի վարչական ղեկավարն ու գյուղացիներն ավելի վաղ ասել էին, որ այս երեք կետերը, որ վարչապետը զգայուն էր անվանել, գյուղի դպրոցի հատվածում է, որն, ըստ բնակիչների, մի քանի տասնյակ մետրի վրա կհայտնվի Ադրբեջանի հետ սահմանից, մյուս երկուսը կամրջի ու մի քանի մասնավոր տների հատվածներում են, որ ենթադրաբար Ադրբեջանին կանցնեն։
Վարչապետի աշխատակազմը նշել է նաև, որ կհիմնանորոգվի Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար:
Ինչ վերաբերում է գույքային հարցերին, վստահեցնում են, թե դրանց ծավալը մեծ չի լինի, և կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները և կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ:
Ինչո՞ւ 1976թ.-ի քարտեզներով
Երկու երկրների փոխվարչապետերի նախագահությամբ երեկ՝ մայիսի 15-ին հանդիպում էր կայացել, ուշ երեկոյան հաղորդեց ԱԳՆ-ն՝ հայտնելով, որ հանձնաժողովները, նախորդ՝ ապրիլի 19-ի հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն՝ համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը:
1976 թվականի քարտեզները, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցողն են, «Արմենպրես»-ին ասել են վարչապետի աշխատակազմից՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են դրանք օգտագործվել սահմանազատման համար։
«ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը», - նշել են կառավարությունից, հավելելով, - «Այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել, և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված»:
Սահմանազատվող չորս գյուղերից անհանգիստ էին հատկապես Ոսկեպարում ու Կիրանցում։ Բողոքի ցույցեր եղան, Ոսկեպարում մտահոգ էին Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով, թե ադրբեջանական ուժերի տեղակայումից հետո այնտեղ մտնել չի լինի։
Ոսկեպարի եկեղեցին ամբողջությամբ ՀՀ տարածքում է՝ հեռու սահմանագծից՝ ըստ կառավարության
Կառավարությունից հայտնել են, որ ոչ միայն եկեղեցու, այլև Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հարցն էլ «լուծվել են լավագույն ձևով», և որ ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, իսկ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու:
«Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար և չկա», - նշել են վարչապետի աշխատակազմից:
Ըստ այս տեղեկատվության՝ առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են համաձայնեցված սահմանի վրա, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
«Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ»
Վարչապետի աշխատակազմը նաև անդրադարձել է մեղադրանքներին, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի կողմից, և սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար:
«Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որևէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը:
Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետև վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ և սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում ևս», - պնդել է կառավարությունը:
Հենց հատվածական սահմանազատման դեմ և միակողմանի զիջումներ անելու քննադատությամբ Կիրանցից սկիզբ առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որ արդեն Երևանում պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը։