Այն գործընթացը, որ տեղի է ունենում Տավուշում, ամեն ինչ կարող ենք կոչել, բայց ոչ սահմանազատում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Արթուր Խաչատրյանն է:
«Ազատություն». - Պարոն Խաչատրյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման արձանագրությունը Հայաստանի վարչապետը համարում է կարևոր ձեռք բերում, նշում է, որ այն ամրապնդում է անվտանգությունը ոչ միայն սահմանի այդ հատվածում, այլ նաև ողջ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Դուք լուրջ վերապահումներ ունեք այս արձանագրության վերաբերյալ և նրա այս հայտարարության մասին. կբացատրեք, թե ինչո՞ւ:
Խաչատրյան. - Պատերազմը, դա խաղաղություն է, այդ ոճի մեջ է Փաշինյանը: Պարտությունը, փաստորեն անվերապահ կապիտուլյացիան ներկայացնում է մարդը որպես հաղթանակ: Այն գործընթացը, որ այսօր տեղի է ունենում Տավուշի մարզում, ամեն ինչ կարող եք կոչել, բայց ոչ սահմանազատում և սահմանագծում: Դա բացահայտ միակողմանի կապիտուլյացիա է: Ադրբեջանը պահանջեց դուրս գալ ինչ-որ տարածքից, որ Ադրբեջանը համարում է իր, միևնույն ժամանակ, որևէ բան չասելով Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու վերաբերյալ: Փաշինյանը և իր կառավարությունը, ներառյալ Մհեր Գրիգորյանը, որոնք խոսում էին, ասում են, այո, Հայաստանը վերահսկում է ինչ-որ տարածքներ, որոնք Սովետական Ադրբեջանի մաս են եղել, բայց Ադրբեջանը վերահսկում է 32 գյուղի տարածք, որը հետագայում դարձավ 31 գյուղ, մի բառ անգամ չասեց այդ 32 գյուղից դուրս գալու մասին, 200 քառակուսի կմ ավելի տարածքից դուրս գալու մասին: Այսինքն՝ Փաշինյանը թշնամու պարտադրանքի տակ գնացել է միակողմանի զիջումների, խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, բայց ցինիկաբար դա ներկայացնում է որպես հաղթանակ:
Հիմա կարող եք ասել, իսկ ինչպե՞ս է ինքը խախտել Սահմանադրությանը: Սահմանադրությանը պահանջում է տարածքային փոփոխության ժամանակ նոր հարցը դնել քվեարկության, շատ պարզ է խնդիրը: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջի սահմանազատում և սահմանագծումը, որ ունի իրավական ուժ, իրավական ուժ ունի միայն այդ փաստաթուղթը, այլ ոչ թե Սովետական Միության գլխավոր շտաբի ինչ-որ փաստաթղթեր, ինչ-որ թղթեր, ստորագրել են արձանագրություն և այդ արձանագրությանը կից 150 քարտեզից ավելի շատ կար, այսինքն կից 150-ից ավելի քարտեզ եղել: Կարծեմ 159 քարտեզ շատ մեծ մասշտաբով, որոնք հստակ գծում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը: Հիմա ասում ենք, ներկայացրեք այդ քարտեզները, Փաշինյանն ասում է, դրանք գաղտնիք են: Հիմա հարց է առաջանում, ումի՞ց են գաղտնի, այդ փաստաթղթերը կան Ադրբեջանում, կան Ռուսաստանում և կան Հայաստանում: Ադրբեջանից դա գաղտնիք չի կարող լինել, հետևաբար գաղտնիք է սեփական ժողովրդից, այսինքն, ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չգիտեմ իմ սահմանը, որտեղով է անցնում, որովհետև Փաշինյանը այդ վերջի քարտեզները գաղտնի է պահում: