Մատչելիության հղումներ

«Սա հնարավորություն է տալիս ունենալ պետական սահման». Անդրանիկ Քոչարյանը՝ Երևանի ու Բաքվի միջև ստորագրված արձանագրության մասին


«Սա հնարավորություն է տալիս ունենալ պետական սահման», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի անվտանգության պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Մայիսի 15-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները, արձանագրություն ստորագրել: Վարչապետի աշխատակազմից նւյն օրը հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Ստորև ներկայացնում ենք հատված հացազրույցից.

«Ազատություն». - Վարչապետը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման արձանագրությանը խիստ կարևորեց, համարեց այն մեծ հաջողություն, կարո՞ղ եք բացատրել, թե ինչո՞ւ է այդ արձանագրությանը մեծ հաջողություն, երբ այս սահմանազատման գործընթացը ոմանց կարծիքով Կատարվում է Ադրբեջանի թելադրանքով:

Քոչարյան. - Սա հնարավորություն է տալիս ունենալ պետական սահման, դրանով ասված է ամեն ինչ: Սա հաջողություն է, որովհետև մինչև այդ պահը մենք շատ երկար ճանապարհ ենք անցել, որպեսզի մոտեցնենք սեփական սահմանի խնդիրները լուծելու և իրականություն դարձնելու հարցը, և պարզվեց, որ Հայաստանում կան ուժեր, որոնց չի բավարարում դա, և փոխանակ այդ խնդիրը լուծված լինել շատ տարիներ առաջ, այդ խնդիրը հիմա մենք ունեցանք հնարավորություն լուծելու, որը տալիս է հնարավորություն հույս ունենալ, որ սահմանի առկայությունը կարող է զսպող դեր ունենալ հակամարտության էսկալացիայի համար, որովհետև դա, իհարկե, երաշխիք չի տալիս, որ դա չի խախտվի, բայց դա երաշխիք է տալիս, ունենալ սահման, որը խախտել 2 կողմից էլ չի կարելի, իսկ խախտելու դեպքում դուք լեգիտիմ իրավունք ունեք սահմանը պաշտպանելու կամ սահմանախախտներին ենթարկել պատժի:

«Ազատության». - Հիմա ընդդիմությունը գտնում է, որ այդ արձանագրությունները և ընդհանրապես սահմանազատման գործընթացը ապօրինի է, և այն տեղի է ունենում Հայաստանի Սահմանադրության խախտումներով: Ինչպե՞ս կարձագանքեք այս քննադատությանը:

Քոչարյան. - Ընդդիմությունը ունի իրավական բոլոր հնարավորությունները, սահմանադրական խախտման պարագայում դիմել Սահմանադրական դատարան և ստանալ պատասխան, որևէ խնդիր չեմ տեսնում, բայց բնականաբար, իրենք էլ շատ լավ գիտեն, որ սահմանադրական խախտման որևէ խնդիր գոյություն չունի, որովհետև Հայաստանի տարածքի որևէ միլիմետր չի խախտվում: Եվ այստեղ շահարկումները պարզապես նրա համար են, որպեսզի էսկալացիան մեծացնեն խնդրի շուրջ և հարցը տեղափոխեն Երևան, դարձնելով իշխանափոխության հնարավորություն, որը, ըստ էության իրենք իրացնում են, բայց գործողությունների տրամաբանությանը հուշում է, որ սխալ ձևաչափով են շարժվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG