Սեփականության վկայականի էջերը թերթելով Մհեր Սիմոնյանն ասում է՝ այս օրերին այդպես էլ որևէ համոզիչ բացատրություն չստացավ՝ ինչպե՞ս ստացվեց, որ սեփականության վկայականով իրեն պատկանող տունն ու հողակտորը Ադրբեջանի տարածքում են և պետք է վերադարձվեն: Տեղի է ունեցել պատմական սխալ՝ սա է միակ բացատրությունը, որն այս ընթացքում Մհեր Սիմոյանը լսել է պաշտոնյաներից: Վերջին գործարքն էլ պետական կնիք է ստացել երկու տարի առաջ, երբ մայրը տունը նվիրել է իրեն:
«Սովետական Միության ժամանակ, ասում են, որ սխալ էին թույլ տվել, ֆսյո [վերջ. - ռուսերեն]», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սիմոնյանը:
Ինչպե՞ս են մարդիկ սեփականության վկայական ստացել, եթե այդ տարածքները դուրս են Հայաստանի դե յուրե սահմաններից: Կադաստրի կոմիտեից առաջարկեցին պատասխան ստանալու համար գրավոր հարցում ուղարկել: Իշխանությունը պնդում է՝ չորս գյուղերը, որոնք անցնելու են Ադրբեջանին, երբեք Հայաստանի տարածք չեն հանդիսացել:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հակադարձում է. - «Բոլոր էդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածք են, և հենց դա է պատճառը, որ Կիրանցի առանձին այն ժամանակվա համայնքի բնակիչներին որպես սեփականություն տրվել է Կիրանցի համայնքին պատկանող հողամաս: Կիրանցի համայնքապետը չէր կարող հողամաս տալ հարևան համայնքից կամ հարևան պետությոնւից, տվել է Կիրանց համայնքի վարչական սահմանների մեջ գտնվող հողակտորը»:
«Ադրբեջանին են անցում Հայաստանի դե յուրե տարածքները»
Վարդան Պողոսյանը հիմնավորում է՝ 2010 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանվել է Ոսկեպարի, Կիրանցի և Բաղանիսի վարչական սահմանների նկարագրությունը:
«Կիրանց համայնքը գտնվում է մարզի հյուսիս-արևելյան մասում», հետո նկարագվում է ըստ քարտեզի, որ Ա-Բ հատվածում սահմանակից է կոնկրետ էս դեպքում Ադրբեջանին, Բ- Գ հատվածով՝ Բերքաբերին, աշխարհագրորեն եթե պատկերացնում եք՝ Խեյրիմլին ընկնում է դրա արանքը, այսինքն՝ առանց Խեյրիմլին ներառելու ինքը չէր կարող Բերքաբերի հետ սահման ունենար: Հենց միայն սա արդեն բավարար ապացույց է դրա համար», - պնդեց սահմանադրագետը:
Ասում է՝ եթե հակառակն է, թող իշխանությունը տրամադրի այն քարտեզները, որոնք 2010 թվականին օրենքի ընդունելիս Կադաստրի կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողով: Այդ քարտեզները ստանալու համար ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը վերջերս դիմել է Կադաստրի կոմիտե և պաշտոնական պատասխան ստացել, որ «օրենքի ընդունման համար հիմք հանդիսացած քարտեզագրական նյութեր չեն հայտնաբերվել»:
«Քարտեզները չեն տալիս, որովհետև եթե էդ քարտեզներն էլ լինեն, ապացուցելը, որ դրանք բոլորը՝ էդ չորս նախկին Ադրբեջանական ԽՍՀ գյուղերի տարածքները, այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ են՝ համապատասխանաբար Կիրանցի, Ոսկեպարի և Բաղանիսի, դա ապացուցված կլինի վերջնականապես, բայց մեզ չեն տալիս այդ քարեզները», - նշեց Պողոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում, դրանից առաջ էլ տված հարցազրույցում 2010-ին խորհրդարան ներկայացված քարտեզների մասին հստակ չի խոսել, շատ ընդհանրական պնդել է, թե բոլոր փաստաթղթերը, որոնց մասին ընդդիմությունը բարձրաձայնել է, Կառավարության ձեռքի տակ են, այդ թվում՝ 1988 թվականի արձանագրությունները:
«Այդ փաստաթղթերը բոլորը կան, ես այնտեղ հիշում եմ, որ փաստաթղթերի թվարկումներ էին անում, բոլոր փաստաթղթերը, բնականաբար, կան, Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրության տակ են, և դրանց հետ աշխատում են, ընդ որում՝ ոչ մեկ գերատեսչություն», - ասել է վարչապետը:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը համարում է, որ 1988 թվականի արձանագրությունը միակ լեգիտիմ հիմքն է, որով կարող են առաջնորդվել հանձնաժողովները սահմանազատման և սահմանագծման հարցում: Վերջին ասուլիսի ընթացքում վարչապետ Փաշինյանն ասաց, թե այդ փաստաթուղթն իրավական ուժ չունի. - «Էդ փաթեթը չի հասցրել մտնել ուժի մեջ, հասկանո՞ւմ եք»:
Սահմանադրագետը, մինչդեռ, շեշտում է՝ Խորհրդային Միության տարիներին սահմանները որոշելու իրավասություն ունեցել են կառավարությունները, որն էլ արվել է 1984-ից մինչև 1988 թվականը, երբ հայ - ադրբեջանական ողջ սահմանը սահմանազատվել է:
«Հիմա Փաշինյանն ասում է, որ այդ ամենը գոյություն չունի, մենք առաջնորդվում ենք 76 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզներով: Դա որևէ իրավաբանական հիմք չունի, որովհետև 1976 թվականին որևէ պայմանագիր ՀՍՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև չի եղել, այլ վերջին սահմանը, որը որ սահմանվել է, սահմանագծվել և դեմարկացվել է, 1988 թվականինն է, որը Հայկական ԽՍՀ-ի համար ձեռնտու է եղել, Ադրբեջանը մեծ դիմադրության ճանապարհով ստիպված է եղել գնալ էդ ճանապարհով, ու հիմա Փաշինյանը թեթև ձեռքով ասում է, որ դրանք իրավաբանական ուժ չունեն», - ընդգծեց սահմանադրագետը:
Մասնագետը հանցագործություն է որակում այն, ինչ այժմ իրականացնում է Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը. - «Տալիս ենք առանց որևէ իրավասու մարմնի և ներպետական ընթացակարգերի համապատասխան ձևով, և դա պարզապես Սահմանադրության և մեր օրենսդրության կոպտագույն խախտում է, իսկ էն մարդիկ, որոնք որ էդ գործընթացը իրականացնում են, իրենք հանցագործություն են գործում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի իմաստով՝ դա պետական դավաճանության հանցակազմն է»:
«Պետք է ամբողջ սահմանի հարցով հասնեին համաձայնության»
Այս դեպքում, ըստ Պողոսյանի, սահմանազատման հանձնաժողովները պետք է ամբողջ սահմանի հարցով հասնեին համաձայնության, հետո Հայաստանի ներպետական օրենսդրության համաձայն այն պետք է ներկայացվեր ԱԳՆ, որն էլ իր հերթին Կառավարությանն առաջարկեր կնքել միջազգային պայմանագիր պետական սահմանը որոշելու մասին: Եթե այդ պայմանագրով նախատեսված լիներ, որ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան տարածքից որևէ փոփոխություն է լինելու, այն արդեն պետք է դրվեր հանրաքվեի, որից հետո միայն ներկայացվեր Ազգային ժողով՝ հաստատման:
Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի ղեկավարը հրաժարվեց արձագանքել այս հարցին, բայց իշխանությունը շարունակում է պնդել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում: Այս ընթացքում, սակայն, որևէ պաշտոնական պարզաբանում չի հնչել, թե ինչպես է պետությունը Հայաստանի տարածքից դուրս գտնվող գույքի համար տրամադրել սեփականության վկայական: