Ներկայումս ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը, և «տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական արդյունքները», այսօր ասել է Ադրբեջանի նախագահը իրանցի պաշտոնակցի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ սա հույս է ներշնչում, որ երկար ընդմիջումից հետո «Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել»։ «Մենք ողջունում ենք Իրանի աջակցությունն այս հարցում», - ասել է նա։
Իրանի արտգործնախարարության խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, թե Թեհրանը հարգում է Երևանի և Բաքվի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնությունը։
Հայաստանի վարչապետը Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը օրեր առաջ «մեծ հաջողություն» էր որակել։
Ադրբեջանի առաջնորդը նաև շեշտել է, թե տարածաշրջանի զարգացումը պետք է ապահովվի տարածաշրջանում ապրող ժողովուրդների կամքով։
«Ոչ տարածաշրջանային երկրների միջամտությունը մեր գործերին անընդունելի է»,- նշել է նա՝ շարունակելով. - «Ես կարծում եմ, որ Հայաստանը չպետք է սխալ քայլ կատարի՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ ու կամքով»։
- Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։