Մատչելիության հղումներ

ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը


Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ողջունվել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ը:

Ըոտ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա:

Նշյալ արձանագրումն արտացոլվել է «Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման» նպատակով «Միավորված մեր արժեքների շուրջ» խորագրով ընդունված որոշման տեքստում, որն ունի պարտադիր իրավական ուժ անդամ երկրների համար:

Երեկ արտգործնախարարությունը հաղորդեց, որ սահմանագծի հատվածների համաձայնեցված արձանագրությունն է ստորագրվել։ Համաձայնեցվել է անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Ավելի ուշ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց՝ «Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ», իսկ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG