Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմության պնդմամբ՝ ստորագրված արձանագրությունը և դրանից բխող գործողությունները քրեորեն պատժելի են


ԱԺ նիստ, արխիվ
ԱԺ նիստ, արխիվ

Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի:

Ընդդիմադիր պատգամավորները, որոնք այս օրերին միացել և աջակցում են սահմանազատման կասեցման և վարչապետի հեռացման պահանջով պայքարի ելած Բագրատ արքեպիսկոպոսի շարժմանը, այսօր Կառավարության շենքի դիմաց նաև հայտարարեցին, թե միայն այդ արձանագրությամբ զորքերի հետքաշումը հանցագործություն է:

«Այդ գործընթացը ենթադրում է, որ պետք է ունենա հաստատում՝ դրանք պետք է ուղարկվեն Սահմանադրական դատարան՝ դրանց սահմանադրականությունը ճշտելու համար, հետագայում դրանք պետք է գնան խորհրդարան՝ վավերացման համար: Առանց այդ ընթացակարգերի այս գործընթացը ամբողջությամբ ապօրինի է», - հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմադիր պատգամավորը համարում է, որ սահմանազատման հանձնաժողովների ստորագրած փաստաթուղթը պետք է ներպետական վավերացում անցնի՝ որպես միջպետական պայմանագիր:

Այս մեղադրանքների և նաև ընդդիմության նկարագրած ընթացակարգի վերաբերյալ «Ազատություն»-ը փորձեց իշխանական պատգամավորների մեկնաբանությունը ստանալ: Նրանցից ոմանք, այդ թվում՝ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Վլադիմիր Վարդանյանը, հրաժարվեցին խոսել։

Տիգրան Աբրահամյանը բացատրում է, թե ինչու իշխանությունը չի գնա այդ ճանապարհով. - «Երբ որ նայում ես 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նկարագրությունը, այնտեղ շատ ավելի հստակ է դարձնում, որ այդ տարածքները, որոնք իրենք համարում են ադրբեջանական, Հայաստանի Հանրապետության տարածք են հանդիսանում: Անկախ նրանից, թե ինչ քարտեզների հիման վրա են անում, եթե նույնիսկ որոշել են նման բան անելու, ապա այդ ամենը չի համապատասխանում օրենսդրությանը, որովհետև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող որևէ սանտիմետրի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով»:

Իշխանության ներկայացուցիչները, սակայն, պարբերաբար ընդգծում են՝ այդ չորս գյուղերը, որոնք անցնում են Ադրբեջանին, Հայաստանի վարչատարածքային բաժանման մեջ չեն մտնում։

«Ոչ, Հայաստանի 29.8 հազարի մասին չէ խոսքը», - ասում է տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Այժմ, երբ արձանագրությունը ստորագրված է, ի՞նչ է ծրագրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որի նպատակն էր հասնել սահմանազատման կասեցմանը: Շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը կարծում է՝ չեն ձախողել, իրավիճակը կփոխվի, եթե հասնեն վարչապետի հեռացմանը:

«Եթե էս ընթացքում չհաջողվի անգամ իշխանություններին հեռացնել, իշխանափոխությունից հետո անպայման էս ապօրինի գործընթացը որ կա, պիտի վերանայվի, ինչի՞ մասին է խոսքը: Որովհետև ապօրինի է», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորը: Հարցին՝ «բայց արդեն զորքերը հետ են քաշվելու, և այնտեղ արդեն լինելու են ադրբեջանական սահմանապահներ, Դուք ո՞նց եք պատկերացնում», Դանիելյանը պատասխանեց. - «Դե լավ կլինի, որ մինչև այդ ամեն ինչը լինի, ասենք, իշխանությունների հեռացումը, բայց եթե չլինի էլ, եթե, ասենք, հանցագործություն է գործվել, հանցագործություն է եղել, ի՞նչ եք պատկերացնում, էդ հանցագործությունը պիտի թողնվի անպատի՞ժ»:

Վարչապետի աշխատակազմից փոխանցում են՝ առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են համաձայնեցված սահմանի վրա: Այս հարցում ևս պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խնդիրներն է մատնանշում՝ սպառազինության առումով հայ և ադրբեջանցի սահմանապահներին որևէ կերպ հնարավոր չէ համեմատել: Բացի այդ, հիշեցնում է՝ ադրբեջանցի սահմանապահներն այդ հատվածներում արդեն 5-6 տարի է ինչ ծառայություն են իրականացնում:

«Ադրբեջանի սահմանապահ ուժերը՝ որպես զորատեսակ, իրենց մեջ ներառում են հրետանի, օդուժ, և, բնականաբար, իրենց տեխնիկական, մարտական պոտենցիալով և հնարավորություններով այս պահին համեմատելի չեն Սահմանապահ ծառայության հետ Հայաստանի Հանրապետության: Այնպես որ, եթե նույնիսկ մի փուլում իրականացվելու է սահմանապահների իրականացման գործընթաց, պայմանական առումով՝ օրինական գործընթացներից հետո, ապա Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության պետք է վերազինվեն և ունենան այնպիսի հնարավորություններ, որոնք կարողանան իրենց գործառույթները էֆեկտիվ ձևով իրականացնել», - ընդգծեց Աբրահամյանը:

Երեկվա արձանագրությանն այսօր 5-րոպեանոց տեսաուղերձով անդրադարձավ նաև սահմանազատման դեմ պայքարող Բագրատ սրբազանը՝ պնդելով, թե այս իրավիճակից ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG