Սահմանազատումը հաջող է անցել և Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Նախ ուզում եմ նշեմ շատ կարևոր համաձայնություն, որը Ադրբեջանը և Հայաստանը ձեռք են բերել, դա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որպես սկզբունք սահմանազատման գործընթաց սկսելն է, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերելն է, որ օգտագործվելու են Խորհրդային միության վերջին տարիներին գոյություն ունեցող իրավական քարտեզները և դա է պատճառը, որ 1976 թվականի քարտեզն է սահմանազատման գործընթացի հիմք վերցվել և, ըստ դրա, մենք առնվազն 4 գյուղերի մասում՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքում, սահմանազատում է իրականացվել և գծվել է սահմանը՝ սահմանից այս կողմ ՀՀ տարածքն է, սահմանից այն կողմ Ադրբեջանի տարածքն է», - ասաց Գրիգորյանը։
Երեկ արտգործնախարարությունը հաղորդեց, որ սահմանագծի հատվածների համաձայնեցված արձանագրությունն է ստորագրվել։ Համաձայնեցվել է անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Ավելի ուշ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց՝ «Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ», իսկ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»:
Գրիգորյանը պարզաբանեց՝ այդ տարածքներում Զինված ուժերն էին ծառայություն իրականացնում և այդ պատճառով, որտեղ դիրքեր կան, այդ դիրքերում համայնքներն իրենց հողերին հասանելիություն չեն ունեցել, իսկ հիմա, երբ որ այդ դիրքերից Զինված ուժերը դուրս են գալիս և սահմանապահ զորքերն են տեղակայվում, այդ տարածքներն ազատվում են և անցնում են գյուղացիներին։
ԱԽ քարտուղարը շեշտեց՝ սահմանազատման գործընթացը հաջող է և դրանով նախադեպ է ստեղծվել, որպեսզի շարունակվի սահմանազատումը հենց 1976 թվականի քարտեզներով։
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության պնդումներին, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի և դա նաև միակողմանի զիջում է՝ Գրիգորյանը կրկին շեշտեց՝ Հայաստանը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ բան չի զիջել, ՀՀ տարածքն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է 1976 թվականի սահմանը։ Իսկ ենթակայության տակ գտնվելն ու քոնը լինելը, ըստ ԱԽ քարտուղարի, տարբեր բաներ են իրականության մեջ։
«Քոնն է այն, ինչ լեգիտիմ սահմանազատման շրջանակներում պատկանում է Հայաստանի Հանրապետությանը», - ասաց Գրիգորյանը։