Մատչելիության հղումներ

«Ցանկանում եմ առավել կենտրոնանալ գիտական գործունեության վրա». Եղիշե Կիրակոսյանը՝ պաշտոնը լքելու որոշման մասին

Լրացված

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ժամերի լռությունից հետո՝ միայն օրվա երկրորդ կեսին խոսեց պաշտոնը լքելու որոշումից. ցանկանում է կենտրոնանալ գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։

Կիրակոսյանը երախտագիտություն հայտնեց վարչապետին վստահության համար։ Բայց չանդրադարձավ իր պաշտոնանկության լուրերի հայտնվելուց հետո հնչող գլխավոր հարցին՝ արդյոք տարաձայնություններ ունի՞ իշխանության հետ՝ Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններ ներկայացրած հայցերը հետ կանչելու շուրջ:

Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության դատարաններում Բաքվի դեմ Երևանի հայցերը ներկայացրած Կիրակոսյանի հեռանալու մասին լուրը երեկ հայտնի դարձավ, «Ազատության»-ը կառավարության լրատվականից ասացին՝ նա սեփական դիմումի համաձայն է ազատվելու պաշտոնից, պնդեցին՝ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:

Թե ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսքը, կառավարության լրատվականից չեն մանրամասնում: Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ պայմանավորվածության մասին ոչինչ չի ասել:

Վարչապետ Փաշինյանն արդեն ստորագրել է Եղիշե Կիրակոսյանին ազատելու որոշումը:

Դեռ անցած տարվա օգոստոսին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Կիրակոսյանը դժգոհ է միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացված հայցերից հրաժարվելու գաղափարից, գնացել է արձակուրդ, որից որոշել է հետ չգալ ու հրաժարական տալ: Կիրակոսյանն վերադարձավ արձակուրդից :

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրում դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու դրույթը: Իշխանությունը չի հերքել, որ դա Ադրբեջանի պահանջն է:

Չնայած վարչապետի պատրաստակամությանը՝ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում փոխադարձաբար հրաժարվել հայցերից, Փաշինյանի գրասենյակի ներկայացուցիչ Կիրակոսյանն այս տարվա հունվարին «Ազատության» հետ զրույցում ասել էր. - «Դատական վեճերի և խաղաղության միջև հակադրություն դնելն արհեստական է, իմ ընկալմամբ, հետևաբար ես դրա մեջ անկեղծություն չեմ կարող տեսնել: Եվ նորից եմ ասում, որ միջազգային դատարաններում վեճերի քննությունը վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ է ժամանակակից աշխարհում ընդունված»:

Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային ատյաններում միմյանց դեմ 5-ական հայցեր ունեն ներկայացրած։

Ադրբեջանը միայն 3.5 ամիս անց պատասխանեց խաղաղության պայմանագրի հայկական խմբագրմանը, ընդ որում, անհայտ է՝ հայցերի հետկանչի Երևանի առաջարկներում ի՞նչն է անընդունելի:

Հնարավո՞ր է Ադրբեջանը նոր առաջարկ է արել, ոչ թե խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում, այլ մինչև այդ է պահանջում հայցերի հետկանչը: Արդյոք Եղիշե Կիրակոսյանի հեռանալու պատճառը միջազգային դատական ատյաններից հայցերը հետ քաշելու շուրջ տարաձայնություններն էին, նախքան Կիրակոսյանի գրառումն այս հարցերն էինք ուղղել իշխանական պատգամավորներին:

«Եթե պարոն Կիրակոսյանը հետագայում կցանկանա մեկնաբանություն տալ, իհարկե, հետաքրքիր կլինի լսել, բայց ես իսկապես չեմ կարծում, որ այստեղ կապ է պետք փնտրել: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի վերջին 12-րդ խմբագրությանը, որն Ադրբեջանն ուղարկել է, այն առաջարկները, որ Հայաստանն ուղարկել էր, Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակի չէր համաձայնվել, տեքստի մասին մեկնաբանություն անել չեմ կարող, այդ առաջարկները, նոր առաջարկները քննարկվում են, և հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանը կփորձի արդեն սեփական առաջարկով հանդես գալ ու պատասխանել Ադրբեջանին», - ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը միջազգային ատյաններում միմյանց դեմ 5-ական հայցեր ունեն ներկայացրած։

Մինչդեռ ընդդիմադիրների կարծիքով՝ Կիրակոսյանի հեռացումն ու հայցերի հետկանչի շուրջ հայ-ադրբեջանական քննարկումները կապված են. - «Այլ տարբերակ ուղղակի չեմ տեսնում: Խաղաղության թղթի կոտրի միջի այդ բացերը, որ կային, այդ երկու հարցերը, մեկը, բնականաբար, դրան էր վերաբերում, իսկ դա նշանակում է՝ հրաժարվել հայկական, մեր պետականության բոլոր սկզբունքային հարցերից»:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը շեշտում էր՝ Կիրակոսյանը բաց պետք է խոսի. - «Թող ասի, թե իրենից ինչեր են պահանջել, Փաշինյանն իրեն ի՞նչ հակապետական հրահանգներ կամ հանձնարարականներ է տվել»:

Ներկայացուցչի թափուր պաշտոնում վարչապետը պետք է նշանակում անի երկամսյա ժամկետում: Այս պահին հստակություն չկա, թե ով կփոխարինի Կիրակոսյանին:

Մամուլը երեկ գրում էր, որ Կիրակոսյանի հետ նաև նրա ողջ թիմն է հեռանում: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը երեկ «Ազատության»-ը ասել է, որ անցած շաբաթավերջին մեկ-երկու աշխատակից է գործից դուրս եկել, բայց հաստիքները համալրվել են: Կառավարությունից ևս երեկ վստահեցրել էին՝ գրասենյակը շարունակում է իր գործունեությունը:

XS
SM
MD
LG