Պաշտոնական Երևանը երեկ հայտարարեց՝ ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, բայց մինչև այս պահը իշխանությունը դիրքորոշում չի հայտնել՝ արդյոք Երևանի առաջարկներն ընդունվե՞լ են, կա՞ համաձայնություն վիճահարույց կետերի շուրջ, արդյոք Բաքուն նոր առաջարկնե՞ր է ներկայացրե՞լ, բանակցությունները կշարունակվե՞ն, Երևանը նոր առաջարկներ կանի՞, թե՞ համաձայնությունը կայացել է:
Հայաստանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Երևանը պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, պատասխանի սպասում էին երեքուկես ամիս։
Երևանն ու Բաքուն տարեվերջին հայտարարում էին՝ դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
Վարչապետ Փաշինյանն իր հարցազրույցներում հիմնական գծերով փոխանցել էր Երևանի պատկերացումները՝ առաջարկել են, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան - Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, իսկ միջազգային դատարաններից հայցերը փոխադարձաբար հետ կանչելու գաղափարն ընդունելի են համարում խաղաղության պայմանագրի կնքման դեպքում։
«Ազատություն»-ը ԱԳՆ գրավոր հարցում է ուղարկել ճշտելու համար՝ արդյոք այդ երկու կետերը շարունակում են վիճելի մնալ, նաև Բաքուն նոր առաջարկներ ներկայացրե՞լ է։
Մի քանի օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը 17-կետանոց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված միանգամայն այլ երկու դրույթ էր նշել, թե դրանցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»։ Երևանից հերքեցին, որ դրանք պայմանագրի նախագծի չհամաձայնեցված կետերն են:
ԱԳՆ-ին նաև հարցրել ենք՝ արդյոք Բաքվից ստացած վերջին պատասխանում Ադրբեջանն այդ կետերը կամ դրանցից որևէ մեկը ներառե՞լ է:
Մինչ խաղաղության բանակցություններում անորոշությունը պահպանվում է, այս պահին հայտնի է, որ Բաքուն անպատասխան է թողել կապուղիների ապաշրջափակման և սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկները։
Ժամեր առաջ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ում Զինաթափման համաժողովում իր ելույթի ժամանակ այդ ու Ադրբեջանին արած մյուս՝ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկների մասին է խոսել ու դեռ հույս հայտնել, որ Բաքվից դրանց դրական կարձագանքեն:
«Այս նախաձեռնությունն ուղղված է փոխադարձ վստահության ձևավորմանը, սպառնալիքի առկայության ընկալման նվազեցմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սպասելով այս կառուցողական առաջարկի պատասխանին՝ մենք շարունակում ենք հուսալ, որ երկխոսությունն ու համագործակցությունը կգերակայեն թշնամանքի և անվստահության նկատմամբ», - հայտարարել է Միրզոյանը: