Մատչելիության հղումներ

Ադրբեջանից փորձում են խոչընդոտել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին. Բաքվին ՔՊ-ի արձագանքն ու ընդդիմության մեկաբանությունը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Մինչ Բաքուն Երևանից պարբերաբար պահանջում է փոխել Սահմանադրությունը, Հայաստանի իշխանությունից հայտարարում են, թե Ադրբեջանն իրականում ցանկանում է խոչընդոտել նոր Սահմանադրության ընդունմանը:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արման Եղոյանի գնահատմամբ՝ այդ մասին է նաև Ադրբեջանի փոխարտգործնախարարի վերջին հայտարարությունը:

«Այդ հայտարարությունը ես գնահատում եմ որպես խոչընդոտ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումներին, որպես խոչընդոտ: Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ», - հայտարարեց Եղոյանը:

Ադրբեջանցի դիվանագետ Էլնուր Մամեդովը երեկ նշել էր. - «Սպասում ենք, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը՝ Սահմանադրության փոփոխությունների միջոցով օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»:

Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունները Բաքուն չի շարունակի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը փոխված չէ: Արման Եղոյանն ի պատասխան հիշեցրեց, թե ինչ փուլում են բանակցությունները. - «Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, 2-ը համաձայնեցված չեն, և դրանցից ոչ մեկը չի վերաբերում ՀՀ Սահմանադրությանը: Այսքանը կարող եմ ասել, դրանից դուրս խոսակցությունները, ինչ ասեմ, արդեն մեկնաբանեցի»:

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ՝ բանակցություններն այժմ կանգնած են Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի նախապայմանի պատճառով:

«Ըստ Էության, Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ իրականացնելու այդ կետերը ևս: Այսինքն, եթե երկու կետերը վերաբերում էին հայցերի ետքաշմանը և սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, Նիկոլ Փաշինյանը իր ստատուսով, հրապարակումով համաձայնել է դա իրականացնել, այսինքն՝ վեճ, խնդիր չկա: Խնդիրը, փաստորեն, որ բանակցությունները կանգ են առել, չեն շարունակվում, Ադրբեջանի այս նախապայմանն է, որը հենց էդպես էլ ձևակերպվել է՝ նախապայման՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որպեսզի ստորագրվի էդ փաստաթուղթը», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Տևական ժամանակ է՝ ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Հայ պաշտոնյաները նախ հակադարձում էին, թե դա երկրի ներքին գործն է, հետո նշում էին, թե խաղաղության պայմանագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Թե՛ այս փաստարկները, թե՛ Հայաստանի Սահմանադրական դատարանի մեկնաբանությունը Անկախության հռչակագրի վերաբերյալ Բաքվի մտահոգությունները փաստացի չփարատեցին: Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ հենց սա է պատճառը, որ վարչապետ Փաշինյանը հստակ հայտարարեց՝ Հայաստանը կունենա նոր Սահմանադրություն:

«Ադրբեջանում ցանկանում են ոչ միայն պայմանավորվածություն Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» հետ, այլ ցանկանում են պայմանավորվածություն և համաձայնություն ամբողջ ժողովրդի հետ, հասարակության հետ, որը պիտի արտահայտվի գուցե այս դեպքում արդեն հանրաքվեով», - ասաց Քրիստինե Վարդանյանը:

Մինչդեռ վարչապետը նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին խոսելիս նշել էր, որ նախորդները լեգիտիմության լրջագույն պակաս ունեն:

Արդարադատության նախարարն այսօր կրկին շեշտեց՝ Սահմանադրության նոր տեքստի վրա աշխատում են, այն պատրաստ կլինի մինչև 2026-ի ընտրությունները: Սրբուհի Գալյանը նաև խորհրդարանական ընդդիմությանն առաջարկեց մասնակցել քննարկումներին:

«Հուսով եմ՝ ձեր խմբակցությունը և մեր մյուս ընդդիմադիր խմբակցությունը մասնակցություն կունենա և օգտագործելով հարթակը նաև ներառականությունը սահմանադրական բարեփոխումների ապահովելու համար: Խնդրում եմ մասնակցություն ունենալ այդ գործընթացին», - հայտարարեց Գալյանը:

«Առաջարկ ինչի՞ն մասնակցել, Ադրբեջան նախապայմանի բավարարմա՞նը», - հարց է տալիս Քրիստինե Վարդանյանը;

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը կեղծ, հորինված, իսկ որոշ դեպքերում՝ Ադրբեջանի թելադրանքով իրականացվող գործընթացներին չի մասնակցում», - իր հերթին, հայտարարեց խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Արդարադատության նախարարն օրերս չէր բացառել, որ նոր Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի հղումը:

Երևանը ստացավ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը

Երեքուկես ամիս Բաքուն չէր պատասխանում խաղաղության պայմանագրի նախագծի Երևանի առաջարկներին: Ըստ կողմերի՝ դրանցից մեկը միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու, մյուսը՝ սահմանին երրորդ երկրների ուժերի բացառման մասին են:

Այսօր կեսօրին փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատեց՝ Բաքվից դեռ պատասխան չէին ստացել:

Արդեն երեկոյան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն «Ազատությանը» փոխանցեց. - «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»:

XS
SM
MD
LG