«Ժողովրդավարական երկրները գնում են էն ճանապարհով, որ բանկային գաղտնիքը, հազար ներողություն, սրբազան կով չէ, բանկային գաղտնիքը կարող է բացահայտվել: Ես օրինակ, իմ օրինակով բերեմ՝ ես ընդհանրապես ոչ մի խնդիր չունեմ բանկային գաղտնիքի հետ», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անձամբ խնդիր չունի, բայց բանկային գաղտնիքը Հայաստանում, ամեն դեպքում, սահմանված ու պաշտպանված է օրենքով։ Նույն օրենքը հատուկ կարգավորում ունի բանկային գաղտնիքը հարկային մարմիններին հասանելի դարձնելու մասին. - «Բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում է հարկային մարմիններին միայն դատարանի` Քաղաքացիական կամ Քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա»։
Բանկային գաղտնիքի մասին օրենքի այս հոդվածը չի փոխվել, նույնն է, սակայն հայտարարագրերին առնչվող փոփոխությունների փաթեթով խմբագրվել է Հարկային օրենսգիրքը, որի «Բանկային հաշվի քաղվածքի և ամփոփ տեղեկությունների ստացում» հոդվածում նշված է, որ «հարկային հսկողության համար ՊԵԿ-ը ստանում է հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկություններ»: Այստեղ ոչինչ չկա բանկային գաղտնիքը խախտելու համար դատարան գնալու պահանջի մասին։
Չի՞ ստացվում, որ խախտվում է Բանկային գաղտնիքի մասին օրենքը, փորձագետը վստահ է՝ խախտվում է։
«Բանկային հաշվի ամփոփ տեղեկություն՝ սա նույնպես բանկային գաղտնիք կազմող տեղեկություն է: Ծավալները տարբերվում են քաղվածքից՝ այստեղ հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվի վրա առկա մնացորդն է, մուտք եղած գումարների համագումարն է և ելք եղած գումարների համագումարն է: Միևնույն է՝ այս տեղեկությունները նույնպես շարունակում են ունենալ այդ ստատուսը, իրենք նույնպես բանկային գաղտնիք են, բայց այս տեղեկությունների համար արդեն նախատեսված չի դատական հսկողություն, դատական որոշում», - «Ազատության» հետ զրույցում ասաց անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը:
Հարկային օրենսգրքի սահմանած «բանկային հաշվի ամփոփ տեղեկություն» կոչվածը, սակայն, այնքան էլ բանկային գաղտնիք չէ, կարծում է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը։
«Խոսքը իր մուտքերի և ելքերի մասին մեկ թվով մուտք, ելք պատկերացում ունենալն է՝ առանց ունենալու հասանելիություն իր գործարքների, կամ թե ում հետ է այդ գործարքը արել, այդ տվյալների: Այսինքն՝ դա հստակ է: Երկրորդը՝ Պետական եկամուտների կոմիտեն միշտ չունի այդ հասանելիությունը, այդ հասանելիությունը ստանալու է հստակ ստուգման ժամանակ, այսինքն՝ եթե ստուգում է բացվում որևէ անձի նկատմամբ», - ասում է Էդուարդ Հակոբյանը:
Անձնական տվյալների պաշտպանության փորձագետը հակադարձում է՝ բանկային հաշվի մնացորդը ևս բանկային գաղնիք է, և օրենքը չի ասում, թե միայն մանրամասն քաղվածքն է համարվում բանկային գաղտնիք, իսկ այ հաշվի մնացորդը՝ ոչ։
«Սա խնդիր է, որովհետև տեղեկության, մարդու մասին տվյալների կարգավիճակը չի փոխվում՝ շարունակում է մնալ բանկային գաղտնիք, բայց նույն կարգավիճակը ունեցող տեղեկության հետ երկու տարբեր ձևով են վարվում: Սա խնդրահարույց է, սա տվյալների պաշտպանության ընդհանուր սկզբունքներին է հակասում, որովհետև տվյալը չի կարող միաժամանակ և՛ լինել զգայուն, և՛ չլինել զգայուն՝ կա՛մ բանկային գաղտնիք է, կա՛մ՝ չէ», - ընդգծեց Գևորգ Հայրապետյանը:
Արդյոք ՊԵԿ-ը ստանալու է հայտարարագիր ներկայացնող բոլոր 700 հազար աշխատող քաղաքացիների հաշիվների ամփոփ տեղեկությունը, հարցի պատասխանը հնարավոր չէ ստանալ Հարկային օրենսգրքից: ՊԵԿ ղեկավարի խոսքով, այդուհանդերձ, ոչ՝ Կենտրոնական բանկի միջոցով ստանալու են տեղեկություն միայն այն քաղաքացիների մասին, որոնց վերաբերյալ ստուգումներ են արվում. - «Այո, ստուգման ժամանակ հասանելիություն ունենք շատ սահմանափակ տեղեկատվության: Հետևաբար՝ կարող են մեր սիրելի հայրենակիցները հանգիստ լինել, որ Պետական եկամուտների կոմիտեն չունի տեղեկատվություն և չի ունենալու տեղեկատվություն բոլոր իր մանրամասն գործարքների վերաբերյալ բանկային համակարգում»:
Իսկ ո՞վ է ստուգելու, արդյոք, օրինակ, ՊԵԿ ցանկացած պաշտոնյա հասանելիություն կունենա՞ որևէ քաղաքացու հաշիվների մուտքերի ու մնացորդների էջին, և առհասարակ ինչպե՞ս են պաշտպանվելու հազարավոր քաղաքացիների հայտարարագրերի էլեկտրոնային տվյալները, համակարգչի սերվերների մասին ի՞նչ անվտանգային կանոններ են գործելու, և այլն: Այս մասին ևս քաղաքացիները չեն տեղեկացվել։
Հարցը նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի ուշադրությունն է գրավել։
«Բոլոր լծակները, որոնք թույլ են տալիս պետությանը՝ վերահսկել քաղաքացիներին, անվերահսկելի են քաղաքացու կողմից: Այսինքն մենք փաստացի չգիտենք՝ ոնց կարող ենք իմանալ, օրինակ՝ այդ տվյալները ի՞նչ քանակի են հավաքագրվում, ումի՞ց, արդյոք այդ տվյալները հետո պատշաճ կերպով պահվում են, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մարտիրոսյանը:
Հարկային օրենսգիրքը սահմանում է, որ բանկերից քաղաքացիների հաշիվների մասին տվյալները փոխանցվում են Կենտրոնական բանկի միջոցով, որին «Ազատություն»-ը հարցում էր արել պարզելու՝ ինչպե՞ս են կարգավորվում փոխանցման գործընթացն ու տվյալների անվտանգության հարցերը։ Պատասխանել են, որ դրա մասին կա Կենտրոնական բանկի նախագահի որոշում, որը «սահմանում է զուտ տեխնիկական և ծրագրային ապահովման, կիբերանվտանգության պահանջները»։ Այդ կարգավորումները ևս հրապարակված չեն։