Բոլոր գրանցված կամ քաղիրավական պայմանագրով աշխատողները մինչև մայիսը 1-ը պետք է եկամուտների հայտարարագիր լրացնեն, եթե իհարկե Հայաստանի քաղաքացի են կամ ռեզիդենտ:
Ինչից սկսել. Սկզբի համար անհրաժեշտ է ID քարտ։
Այս քարտից բացի նաև էլեկտրոնային ստորագրություն է պետք, դրա համար նախ պետք է գնալ հեռախոսային օպերատորի գրասենյակ, այստեղ արդեն համարին կկցեն էլեկտրոնային ստորագրությունը, որն արժե 500 դրամ։ Եվս 3000 դրամ պետք է վճարել՝ ակտիվացնելու այդ ստորագրությունը, ամեն տարի այս վճարումը պետք է կրկնել։
Ո՞ր եկամուտն է հայտարարագրվելու, որը՝ ոչ, ո՞ր փողի համար է քաղաքացին հարկվում, որի համար՝ ոչ։
ՊԵԿ-ը նշում է՝ եթե չեք աշխատում ու օրենքով սահմանված կարգով հայտարարատու չեք, բայց Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին Հայաստանից ու արտերկրից փոխանցումներ եք ստացել, ապա այս տարի հայտարարագիր չեք ներկայացնելու։ Բայց եթե ասենք երեխայի խնամքի արձակուրդում եք, պիտի հայտարարագիր ներկայացնեք։
Իսկ եթե աշխատում եք ու հայտարարագիրը պարտադիր է, կարող եք չհայտարարագրել տարվա ընթացքում ուրիշներից ստացած մինչև 300 հազար դրամ եկամուտները։ Այս շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված եկամուտներին։
Հիփոթեքային կամ այլ վարկը փոխառություն չի համարվում․ այսինքն՝ հիփոթեքը հայտարարագրելու կարիք չկա։ Բայց եթե տունը վարձով եք տալիս, ապա պարտավոր եք հայտարարագիր ներկայացնել ու վարձի 10 տոկոսը պետությանը տալ։
Շարժական ու անշարժ գույքը հայտարարագրելու կարիք չկա․ հայտարարագրում պիտի ներառեք միայն հաշվետու տարվա ընթացքում ստացած եկամուտները։
Հայտարարագիր պիտի ներկայացնեն նաև ֆրիլանսերները և այն քաղաքացիները, որոնք աշխատավարձ դրսից են ստանում․ Օրինակ՝ եթե աշխատում եք եվրոպական ընկերությունում, Հայաստանում չեք հարկվի, եթե ստացել եք արդեն իսկ հարկված աշխատավարձ այն երկրից, որտեղ եկամտային հարկը 20 տոկոս և ավելի է։ Իսկ թե 20 տոկոսից ցածր է այդ եկամտահարկը, տարբերությունը կվճարեք Հայաստանի Հանրապետությանը։
Եթե դուք որևէ ֆիզանձից ծառայությունների մատուցման համար եք գումար ստացել՝ կապ չունի Հայաստանում, թե երկրից դուրս, պիտի փողը հայտարարագրեք ու 20 տոկոս հարկվեք։
Իսկ 2024-ի ընթացքում ձեր բախտը բացվել է շահումով խաղերի ասպարեզում, այլ կերպ ասած խաղատներում, տոտալիզատորից, վիճակախաղերից փող եք շահել, պիտի շահածը հայտարարագրեք, բայց կրկին՝ չեք հարկվելու։
Պարտադիր հայտարարագրման այս պրոցեսում պարզ է մի բան․ եկամուտներն ամբողջությամբ պիտի երևան։ Իշխանությունն ասում է՝ այսպես կոռուպցիոն ռիսկերն են նվազեցնում։
Ավելի մանրամասն՝ «Ազատության» վիդեոռեպորտաժում.