Գրանցված աշխատող ես կամ ունես քաղիրավական պայմանագիր` մինչև մայիսը 1-ը պետք է եկամուտների հայտարարագիր լրացնես, որ պետությունն իմանա եկամուտներիդ շարժը: Օրենքը սահմանում է՝ եկամուտը միայն աշխատավարձդ չէ, այլև` բոլոր այն անձնական անկանխիկ փոխանցումները, որոնք ստացել եք այլ անձանցից: Այդ եկամուտները պետք է լրացնել, անգամ եթե այդ գումարները նվիրատվություն են կամ պարտքով են տրվել։ Վերջնաժամկետից երեք ամիս առաջ այս պարտադիր պահանջը դժգոհության ու շփոթության մեծ ալիք է բարձրացրել, մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչպես են լրացնելու հայտարարագիրը:
Մինչ այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ կոռուպցիայի ու ստվերի դեմ են պայքարում, սոցիալական խնդիրն են լուծում:
«Ընտանեկան կամ աղքատության նպաստ ստացող մարդիկ, ովքեր ընդհուպ կարող են, համենայն դեպս՝ 19 թվի հետազոտությունները մեզ ցույց են տվել դա, ովքեր կարող են բանկերում ընդհուպ մի քանի միլիոն, տասնյակ նույնիսկ, ավանդներ ունենալ և տոկոսներ ստանալ», - ասում էր Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը համոզված է՝ խոշոր բիզնեսների ներկայացուցիչներ կան, որոնք իրենց եկամուտները հայտարարագրման ոչ ենթակա անձանց հաշիվներում են պահում: Փաշինյանը հակադարձում է որակումներին, թե պետությունը քաղաքացիների գրպանն է մտնում. - «Էդ ո՞ւմ պետությունն ա, ժողովուրդ ջան, էդ ո՞ւմ պետությունն ա: Էդ պետությունը ո՞վ ա՝ էդ պետությունը էն մարդն ա, ով որ դա ասում ա, ասում ա՝ «ինչի՞ ա պետությունը ուզում իմ գրպանը մտնի»: Պետությունը չի մտնում իրա գրպանը, ինքն ա իրա, մի ձեռով իրա ձախ գրպանն ա ստուգում, մի ձեռով՝ իրա աջ գրպանը»:
Պետական այրերի փաստարկները չեն համոզում քաղաքացիներին
Պետական այրերի փաստարկները չեն համոզում քաղաքացիներին, օրինակ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնում: Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը պետության կողմից համատարած հայտարարագրումը հերթական անհասկանալի փոփոխություն է համարում ու «չարեփոխում» որակում:
«Ստորագրություններ հավաքենք, որ ուղղենք դեպի Ազգային ժողով, որպեսզի փոփոխություն լինի, և եթե Ազգային ժողովը չանի, հանրաքվեի տարբերակով անենք: Սա պետք է նաև իշխանության համար դաս լինի, որ չի կարելի մի ամբողջ ժողովրդի իրենց կիսագրագետ կապրիզների տանջանքի զոհը դարձնել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Առաքելյանը:
Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը պետական բյուջեում լրացուցիչ եկամուտներ չի նախատեսում, այսօր էլ վերահաստատել է վարչապետը: Այդ դեպքում ինչի՞ համար է եկամուտի հայտարարագրումը,- Մեսրոպ Առաքելյանի հարցն է: Հայտարարագրմամբ ստվերի ու կոռուպցիայի դեմ պայքարը Առաքելյանը լուրջ չի համարում:
«Սա Նիկոլ Փաշինյանի արդեն հոգնացնող թեզն է դարձել, որ «թալանի դեմ պայքարում ենք, ժողովուրդ ջան»: Այ մարդ, էդ թալանչիների տեղն էլ գիտեք, հետներն էլ լավ շփվում եք, գնացեք բռնեք էդ մարդկանց, ի՞նչ եք ուզում: Այսինքն՝ քանի՞ հոգի են, լավ, հարյո՞ւր, հազա՞ր, 5 հազա՞ր էդ պոտենցիալ թալանչիները, ովքեր թաքցնում են, 2.5 մլն մարդու տանջում են, որ մեջից էդ 5 հազար հոգուն բռնե՞ն: Էլ չասած՝ էդ մարդիկ, որ եկամուտ են ստանում, հարկ չեն մուծում, ստվերային բիզնեսով են զբաղվում, էդ մարդիկ շարունակում են զբաղվել, էս ի՞նչ կապ ունի հայտարարագրման հետ», - ընդգծեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը:
Պետեկամուտների կոմիտեից հայտնել են՝ եթե նվիրատվությունը 300 հազարը չի անցում, ապա կարող են չհայտարարագրել: Առաքելյանը նկատեց՝ նույն ՊԵԿ-ն է հայտարարում, որ 70 տոկոս պարագայում 300 հազարի շեմը չեն անցում, այսինքն՝ միևնույն է համակարգը թերի է աշխատելու:
«Հիմա պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյանի ասած ինչ-որ պաշտոնյայի բաջանաղը կաշառք է ստանում, ասենք՝ մի 100 հատ փոքր խանութից ամեն ամիս կաշառք է ստանում 200 հազար դրամ, ամսական 20 մլն կաշառք է ստանում: Էդ 200 հազար դրամները չի հայտարարագրվելու, չէ՞, իրենց ասած, այսինքն՝ մարդը ամեն ամիս հարյուր հոգի իր հաշվին 200 հազար դրամ փող է փոխանցում: Նիկոլ Փաշինյանը որ պիտի գնար էդ ստվերը բռներ, հիմա իրենց ասածով էլ՝ մի մարդ է լինելու, որը 20 միլիոն ամեն ամիս հաշվին փող է ունենալու, տարեկան 240 միլիոն դրամ փող է ունենալու, ինքը գրելու է 0, որովհետև ինքը 300 հազարից փոքր գործարքներով է էդ կաշառքը ստացել: Բայց դուք, ենթադրենք, ձեր բարեկամի կողմից 330 հազար դրամ փող եք ստացել՝ էդ պիտի հայտարարագրեք», - ընդգծեց Առաքելյանը:
Անգամ եթե քաղաքացին ցանկանում է հայտարարագիր ներկայացնել, ապա բջջային քարտը պետք լինի իր անունով, էլեկտրոնային ստորագրություն պետք է ունենա, որի համար «Էկենգ» համակարգին տարեկան 3000 դրամ պետք է վճարի, պարտադիր է պլաստիկ նույնականացման քարտը, եթե չունի, կրկին 3000 դրամ պետք է վճարի: Այս թեմայով արդեն իսկ դժգոհություններ կան. չէ՞ որ մի շրջան պետությունը պլաստիկ նույնականացման քարտեր չէր տրամադրում, իսկ անձնագրային բաժիններում հերթերը նորություն չեն: Համակարգն էլ դեռևս նորմալ չի աշխատում, փաստում է նաև Փաշինյանը, որը երեկ Կառավարության ֆինանսական ոլորտը համակարգող բարձրաստիճան պաշտոնյաների հետ լրացնում էր իր հայտարարագիրը:
«Առաջին խնդիրը, որ տեսել ենք, ես ինձ ստեղ ինֆորմացիա չգտա, թե իմ ժամկետը երբ է, այսինքն՝ ես ինչ ժամկետով եմ կաշկանդված: Ես չգտա՝ ես ի վերջո հայտարարագրման ենթակա անձ ե՞մ, թե՞ չէ; Երրորդը՝ տեսանյութը, որը ինձ ասում էր, թե ոնց պիտի անեմ, ինքը հին էր, որովհետև ինքը ասում էր՝ հեսա բջջային հավելվածը կլինի, բայց դուք երեկ ինձ ասեցիք, որ արդեն բջջային հավելվածը կա», - թվարկեց Նիկոլ Փաշինյանը:
«Թոշակառուների ձեռն էլ սմարթֆոն կա»
Վարչապետը վստահ է՝ բոլորն ունեն սմարթֆոններ, մինչդեռ իրականությունն այլ է:
«Թոշակառուների ձեռն էլ սմարթֆոն կա, մարդիկ նստած բան են նայում՝ Ֆեյսբուք են, թե Ինստագրամ, թե ՏիկՏոկ՝ ով ինչ ճաշակ ունի, մարդիկ նստած նայում են դա: Հիմա էդ էներգիան, կներեք, էլի, օրվա մեջ ամեն մեկս մի ժամ ոնց ըլնի անիմաստ սքրոլ անի, եկեք էդ մի ժամից կես ժամը իմաստավորված սքրոլ անենք, և, ենթադրենք, օրվա մեջ, մի շաբաթվա մեջ օրը կես ժամ դնենք սրա վրա՝ հաստատ կլրացնենք, կավարտենք, կգնա», - ասում էր Փաշինյանը:
Թեև վարչապետին երեկ Կառավարության անդամները զեկուցեցին, թե բջջային հավելվածն աշխատում է, փաստացի տեսնում ենք՝ համակարգը չի աշխատում:
Հայտարարագիր ներկայացնելու դժվարություններին բախվում են անգամ ֆինանսական կրթություն ունեցող պատգամավորները: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր բարձրաձայնեց խնդիրը:
«Հարցնում եք, ու ֆինանսների նախարարն էլ ասում է՝ չէ, նոր բեռ չկա, որ հարկ չի առաջանում: Էս իմ հայտարարագիրն է, տպել բերել եմ, լրացրել եմ մի կերպ, որովհետև ձեր համակարգը չէր աշխատում: Սա ունի 3-րդ բաժին, կա 10-րդ ենթակետ, և այդ ենթակետը՝ գույքի օտարման դիմաց եկամուտ. ավտոմեքենաս վաճառել եմ, ինքը հարկ է հաշվարկել ավտոմատ 10 տոկոս», - վարչապետին դիմելով՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Փաշինյանը վերցրեց պատգամավորի հայտարարագիրը՝ ասելով, թե մանրամասն կպատասխանեն հարցերին: