Ինչո՞ւ է Կառավարությունը շահագրգիռ, որ վարձու աշխատողներն իրենց եկամուտները հայտարարագրեն: Բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանում ի՞նչ հարց են այսպիսով լուծում: Ի՞նչ կփոխվի, եթե տեսնեն՝ ով որքան եկամուտ ունի:
«Երբ որ տեսնենք՝ քաղաքացիները ինչ եկամուտներ ունեն, դա մեզ հնարավորություն կտա ավելի լավ աջակցել, և ովքեր որ դրա կարիքն ունեն՝ ավելի շատ աջակցել». - Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսպես է բացատրում այս համակարգի ներդրման նպատակը:
Օրինակ, այդ վիճակագրությունն ունենալով՝ պետությունը կկարողանա պարզել՝ սոցիալական նպաստները իրական հասցեատերե՞րն են ստանում, թե՞ հարուստները:
«Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ որ նպաստներ ենք տվել, կամ Կառավարությունը նպաստներ է տվել, ու դրա արդյունքում հայտնվել է մի իրավիճակում, որ նպաստ է տրվում մի, օրինակ, շատ հարուստ մարդու, ով որ մեծ ներդրումներ ունի բաժնետոմսերում, կամ ավանդներում, և հետևաբար՝ դա ոչ թիրախային քաղաքականություն է: Իսկ արդյոք դա օբյեկտիվ է, թե ոչ՝ այո, որովհետև պետությունը չի ունեցել նորմալ վիճակագրություն՝ ճիշտ և թիրախային քաղաքականության վարելու, և հետևաբար էդ ձևով ինքը ունենում է այդպիսի վիճակագրություն», - մանրամասնեց Հակոբյանը:
Պետեկամուտների նախագահի տվյալներով՝ անցած տարի 59 հազար քաղաքացի է հայտարարագիր լրացրել, այս տարի՝ 4 հազար 451: Կրթության ու առողջապահության վճարների դիմաց 3 հազար 732 քաղաքացի է սոցիալական ծախսը հետ ստացել: Այս տարի 825 հոգի է դիմել այդ գումարը ստանալու համար, որը մինչև 100 հազար դրամ է:
Հայտարարագրման հետ կապված մարդկանց անհանգստացնող հարցերից մեկն էլ այն է, որ իշխանությունն այսպիսով հող է նախապատրաստում հետագայում մեկ այլ հարկատեսակ սահմանելու համար:
«Որևէ մեկը թող չանհանգստանա, որ նոր հարկատեսակով հարկվելու է: Այլ հարց է, որ, օրինակ, կան մարդիկ, ովքեր ունեն եկամուտներ, որոնք ստվերում են՝ մասնավորապես, օրինակ, վարձակալական վճարները, հայտարարագրելու դեպքում պետք է հարկ վճարեն, բայց նոր հարկատեսակի՝ որպես այդպիսին, չի ավելանում», - ասաց Էդուարդ Հակոբյանը՝ շարունակելով. - «Հավանականության մասին դժվար է հիմա խոսել, ամեն ինչ, ընդհանրապես, հարկային քաղաքականությունը ծագում է տվյալ պահի տնտեսական զարգացումներից: Մենք հիմա հստակ ասում ենք, որ այս փուլերի ընթացքում՝ անցած տարի, այս տարի և մյուս տարի, մեր մոտեցումը նա է, որ նոր հարկատեսակ չի սահմանվում»:
Հայտարարագրի վերջնաժամկետը սկզբում մայիսն էր, վերջերս հետաձգեցին մինչև նոյեմբեր: Ինչո՞ւ անցան հայտարարագրմանը, եթե համակարգը դեռ պատրաստ չէր դրան, տեխնիկական խնդիրները լուծված չէին, ու մարդիկ պատշաճ իրազեկված չեն՝ ինչպես ու ինչ եկամուտ են լրացնելու: Հայտարարագրման թեման իսկական քաոսի վերածվեց այդ բացերի պատճառով: ՊԵԿ նախագահը ճիշտ հակառակ կարծիքին է՝ որ համակարգը պատրաստ էր այս խոշոր փոփոխությանը:
«Պատրաստ ենք, որովհետև անցած տարի համապատասխան պլատֆորմները մշակվել են, ուղեցույցները կան, մենք պարզապես հիմա այդ գործիքակազմը շատ ավելի կատարելագործում, ընդլայնում ենք և գնում ենք մարդկանց ավելի մոտ բացատրելու, որպեսզի իրենք կարողանան ավելի հեշտ այս համակարգի հետ առնչվեն», - վստահեցրեց Հակոբյանը:
Եթե քաղաքացիները նախապես գիտեին, ու Կառավարությունն էլ պատրաստ էր այս համակարգի ներդրմանը, այդ դեպքում ինչո՞ւ են հանրային աղմուկից ու դժգոհություններից հետո մարզային այցեր սկսում, որ մարդկանց տեղեկացնեն այդ համակարգի մասին: Էդուարդ Հակոբյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ գնալու են մարզեր ու մարդկանց տեղեկացնեն՝ ինչի մասին է խոսքը, որ կարողանան լրացնել հայտարարագրերը.
Իշխող թիմն էր ՊԵԿ նախագահին այսօր խորհրդարան հրավիրել հայտարարագրման հարցով քննարկման: Այս հանդիպմանը ընդդիմադիրները չէին մասնակցում:
Այս տարի պաշտոնյաներից ու համայնքային ծառայողներից բացի հայտարարագիր պետք է ներկայացնի Հայաստանի ավելի քան 700 հազար վարձու աշխատող: