Մատչելիության հղումներ

Ինչի՞ դիմաց հայտարարագրողները կստանան սոցիալական կրեդիտ. վարչապետի ու ՊԵԿ-ի ասածներում՝ հակասություն

Լրացված

Լուսանկարը՝ հայտարարագրման գործընթացի վերաբերյալ տեսանյութից
Լուսանկարը՝ հայտարարագրման գործընթացի վերաբերյալ տեսանյութից

Հայտարարագրման ժամկետը տեղափոխվեց նոյեմբեր

Հայաստանի ավելի քան 700 հազար աշխատող քաղաքացիների համար հայտարարագրման ժամկետն այսօր մայիսի 1-ից տեղափոխվեց նոյեմբերի 1, այդ մասին հայտնեց վարչապետն ասուլիսի ընթացքում։ Վերջին շաբաթներին եկամուտները հայտարարագրում անել փորձող մարդիկ իրական խնդիրներ էին բարձրաձայնում, օրինակ՝ ID քարտեր ստանալու հերթը հասել է արդեն մայիսի վերջ, հունիս։

Եթե ID քարտերի հերթն էլ ավելի մեծանա, կամ առաջ գան կառավարության պատասխանատվության տիրույթում գտնվող այլ հարցեր, մարդիկ չկարողանան հայտարարագիրը լրացնել մինչև նոյեմբերի 1-ը, ապա Փաշինյանն ասաց՝ միևնույն է, 2024-ի համար «սոցիալական կրեդիտ» կոչվածը ստանալու հնարավորություն քաղաքացիները կստանան. «Մենք ասում ենք՝ եթե դիմել եք, ուրեմն մեղավորը մենք ենք, դուք չեք, և մեր մեղավորության պատճառով դուք եթե սոցիալական կրեդիտ ունեք, չեք կորցնի»:

Սոցիալական կրեդիտը տարեկան մոտ 70 միլիարդ դրամ է, որ կառավարությունը պատրաստվում է վերադարձնել քաղաքացիներին՝ նրանց վճարած եկամտային հարկից, հայտարարագիրը լրացնելու ու նույն հարթակում կրեդիտ ստանալու համար դիմելու դեպքում։ Երեկվանից՝ նախ կառավարության նիստին, այսօր էլ՝ ասուլիսին, վարչապետը պարզաբանեց՝ տարեկան մինչև 100 հազար դրամ քաղաքացին կարող է ստանալ առողջական ու կրթական ծախսերի դիմաց։

«Սուտ տեղեկություն». Մեսրոպ Առաքելյան

«Սուտ տեղեկություն», վարչապետին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հղում անելով կառավարության 2023 թվականին ընդունված որոշմանը, որտեղ սահմանվում է, թե ինչն է համարվում սոցիալական ծախս, ինչը՝ ոչ, հետևաբար՝ որ ծախսը կարող է փոխհատուցվել։

Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցերին էլ դեռ անցյալ շաբաթ Պետեկամուտների կոմիտեն է մանրամասն բացատրել, որ ըստ այդմ՝ մանկական խմբակներին կամ ատամնաբուժարանին արված վճարները, գործող կարգավորման համաձայն, չեն համարվում սոցիալական ծախս ու փոխհատուցման ենթակա չեն։
«Ազատությունը» Կառավարությանը հարց է ուղղել՝ ինչո՞ւ է վարչապետը գործադիրի որոշմանը և ՊԵԿ-ի տեղեկությանը հակասող տվյալներ տալիս: Առայժմ պատասխան չկա:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատում է, որ առանց այդ էլ քաղաքացիների համար արդեն բարդ գործընթացը էլ ավելի է խճճվում՝ շփոթեցնող տեղեկությունների պատճառով։

«Սա ինչ-որ բան է, որ գրեթե ամեն մի ընտանիքի վրա ազդում է, իմ կարծիքով՝ սա պետք է շատ երկարատև արշավ լիներ, որտեղ մարդկանց պատրաստեին, թե ինչ պետք է իրենք անեին», - ասաց նա:

Հայտարարագրման գործընթացի մասին տեղեկատվական արշավ որպես այդպիսին չի էլ անցկացվել, թեև իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ասում են՝ «այդպես չէ, մարդիկ էին անուշադիր»։ ՊԵԿ-ի յութուբյան ալիքում, օրինակ, հայտարարագիրը լրացնելու քայլերի մասին աջակցող առաջին տեսանյութը հայտնվել է միայն 10 օր առաջ, հաջորդ տեսանյութը՝ 7 օր առաջ։ Խոսք ընդհանրապես չկա հեռուստատեսության, ռադիոեթերներում կամ սոցցանցերում վերջին 1 տարում վարված որևէ տեղեկատվական արշավի մասին։

Մասնագետի խոսքով՝ կառավարության նիստերին այս մասին խոսելը բավարար չէ 700 հազար մարդու որևէ տեղեկություն հասցնելու համար։

Օրինակ՝ հիմա արդյո՞ք քաղաքացիների մեծ մասը գիտի, որ ID քարտ ստանալուց հետո էլ պետք է «Մոբայլ ID» կամ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերել, Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Դեռ շատերը չեն էլ հասկացել, որ պետք է ID ունենան, երբ հասկանան, այդ հերթերը կդառնան... մեծ կասկածներ ունեմ, որ կարող է մինչև նոյեմբեր չստացվի: Հաջորդ հարցը՝ մարդիկ պետք է գնան, «Մոբայլ ID» ստանան, դեռ պետք է մարդկանց բացատրել»:

Իր հայտարարագիրն արդեն լրացրած մասնագետի խոսքով՝ ստորագրություն ունենալուց հետո էլ ամեն ինչ այնքան հեշտ ու մատչելի չէ, որքան ներկայացնում են վարչապետն ու մյուս պաշտոնյաները. «Այս ամեն ինչը հաշվապահի տրամաբանությամբ է գրված, ու ես հասկանում եմ, որովհետև մինչև դա հարկայինը շփվել է հաշվապահների հետ, բայց պետք է գիտակցել, որ հիմա հարկայինի դուռը թակում են հասարակ մարդիկ, որոնք այդ լեզվին չեն եիրապետում»:

Կհետաձգվի՞ արդյոք նոյեմբերի 1-ի վերջնաժամկետը ևս, փորձագետը կասկածներ ունի, որ այո, և անգամ 10 ամիսը բավարար չէ 700 հազար մարդու դուռը թակելու ու նրան առանց շփոթեցնելու անհրաժեշտ տեղեկություն ու աշխատող գործիքները տալու համար։

XS
SM
MD
LG