Միացյալ Նահանգների նախագահն Իսրայելին հորդորել է չեղարկել պաղեստինյան «Համաս» խմբավորման հետ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, եթե մինչև շաբաթ «Համաս»-ն ազատ չարձակի իսրայելցի մյուս պատանդներին: Դոնալդ Թրամփը փաստացի արձագանքել է «Համաս»-ի հայտարարությանը, որ հետաձգում են պատանդների և բանտարկյալների փոխանակման գործընթացի հաջորդ փուլը:
«Ես թույլ կտամ, որ դա տեղի ունենա, քանի որ դա Իսրայելի որոշումն է: Բայց ինչ վերաբերում է ինձ, ես կասեի, որ պատանդները պետք է վերադարձվեն շաբաթ օրը՝ ժամը 12-ին, իսկ եթե չվերադարձվեն բոլորը, ոչ թե մեկ, երկու, երեք, չորս հոգի, շաբաթ՝ ժամը 12-ին, և դրանից հետո, ես կասեի, որ դա կհանգեցնի իրավիճակի զգալի սրացման», - ասել է ԱՄՆ առաջնորդը:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ անորոշ ժամանակով հետաձգելու է իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման հաջորդ փուլը, որը նախատեսված է Իսրայելի և «Համաս»-ի միջև Գազայի հատվածում ձեռք բերված հրադադարի համաձայնագրով։ «Համաս»-ի ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդայի տարածած հայտարարությունում ասվում է, որ Իսրայելը խախտում է համաձայնագրի պայմանները:
«Այդ խախտումները ներառում են Գազայի հյուսիսային հատված տեղահանվածների վերադարձը ձգձգելը, Գազայի տարբեր շրջաններում նրանց վրա կրակելը և համաձայնեցված բոլոր ձևերով մարդասիրական հասանելիությունը չապահովելը: Համապատասխանաբար, բանտարկյալների ազատ արձակումը, որը նախատեսված է շաբաթ՝ 2025 թվականի փետրվարի 15-ին, կհետաձգվի մինչև հետագա ծանուցումը», - շեշտել է նա:
Ավելի ուշ «Համաս»-ը հայտարարել է, որ երկխոսության «դուռը բաց է մնում», որպեսզի փոխանակումն «ընթանա այնպես, ինչպես նախատեսված էր», և միջնորդներին կոչ է արել գործի անցնել:
Իսրայելից արձագանքում են
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, արձագանքելով հայտարարությանը, ասել է, որ դրանով հենց «Համաս»-ն է խախտում հրադադարի համաձայնագիրը:
«Համաս»-ի հայտարարությունը, թե կդադարեցնի իսրայելցի պատանդների ազատ արձակումը, հրադադարի և պատանդների գործարքի ամբողջական խախտում է: Ես հրամայել եմ Իսրայելի պաշտպանության բանակին ամենաբարձր մակարդակով պատրաստվել Գազայում հնարավոր ցանկացած սցենարի և պաշտպանել բնակեցված տարածքները։ Մենք թույլ չենք տա վերադառնալ հոկտեմբերի 7-ի իրականություն», - ասել է նա:
Թել Ավիվն այսօր հաստատել է, որ Իսրայելի քաղաքացի 86-ամյա Շլոմո Մանսուրը, որը 33 պատանդներից էր և պետք է վերադարձվեր հրադադարի առաջին փուլում, սպանվել է «Համաս»-ի 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ, իսկ նրա դին տեղափոխվել է Գազա:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ցավակցել է նրա ընտանիքին և նշել, որ ամեն ինչ կանեն, որպեսզի վերադարձնեն բոլոր պատանդներին. «Մենք կիսում ենք ընտանիքի խորը վիշտը: Մենք հանգիստ չենք նստի և չենք լռի, մինչև նրան չվերադարձնեն, որպեսզի հուղարկավորվի Իսրայելում: Մենք կշարունակենք վճռական և համառ քայլեր ձեռնարկել, մինչև չվերադարձնենք մեր բոլոր պատանդներին՝ ողջերին և մահացածներին»:
Իսրայելում ցույցեր են
Իսրայելում երեկվանից նաև բողոքի ցույցեր են տեղի ունենում, որոնց մասնակիցները պահանջում են վերադարձնել իսրայելցի պատանդներին: Ցուցարարներն այսօր առավոտյան նաև փակել են Երուսաղեմ տանող գլխավոր ճանապարհը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն X-ում արած գրառմամբ կողմերին կոչ է արել շարունակել պատանդների և բանտարկյալների փոխանակումը:
«Մենք պետք է ամեն գնով խուսափենք Գազայում ռազմական գործողությունների վերսկսումից, որը կհանգեցնի հսկայական ողբերգության։ Ես կոչ եմ անում «Համաս»-ին շարունակել պատանդների ծրագրված ազատագրումը։ Երկու կողմերն էլ պետք է լիովին պահպանեն հրադադարի համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները և վերսկսեն լուրջ բանակցությունները», - գրել է նա։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե պատերազմի ավարտից հետո Գազայի բնակչությունը կարող է վերաբնակեցվել հարևան երկրներում, իսկ Գազան կանցնի ԱՄՆ-ին, որն այն շքեղ ու բարգավաճ բնակավայրի կվերածի: Նա նաև ասել էր, թե կարող է դադարեցնել Հորդանանին և Եգիպտոսին տրամադրվող օգնությունը, եթե չաջակցեն իր ծրագրին:
Մի շարք երկրներ այսօր արձագանքել են նրա հայտարարությանը: Սիրիան հայտարարել է, որ պաղեստինցիներին իրենց հողից դուրս հանելը ծանր հանցագործություն է, իսկ Թուրքիան Իսրայելին մեղադրել է հրադադարի հարցում իր խոստումները չկատարելու համար, Եգիպտոսն էլ կոչ է արել Գազան վերակառուցել առանց պաղեստինցիներին տեղահանելու:
Գազան վերահսկող «Համաս»-ի և Իսրայելի միջև ձեռք բերված համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունվարին: Այն բաղկացած է երեք փուլից, որոնց ընթացքում պետք է ազատ արձակվեն պատանդներն ու բանտարկյալները, վերջ դրվի պատերազմին, վերադարձվեն մահացած պատանդների դիերը, ապա պետք է սկսվի Գազայի վերականգնումը: Մինչ օրս իսրայելցի 16 պատանդ է ազատ արձակվել 566 պաղեստինցի բանտարկյալի դիմաց:
2023 թվականին Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումից հետո սկսված պատերազմի հետևանքով սպանվել է ավելի քան 47 հազար պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 111 հազարը: Իսրայելական կողմն ունեցել է 1200 զոհ, ավելի քան 5 հազար վիրավոր: