Գազայի հատվածի բնակչությանը վերաբնակեցնելու և այն շքեղ ու բարգավաճ տարածաշրջանի վերածելու մասին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Իսրայելի պաշտպանության նախարարը բանակին հրամայել է ծրագիր պատրաստել, որը պաղեստինցիներին թույլ կտա ինքնակամ լքել Գազան:
«Սա մեր երկիրն է, մեր հողն է, մենք նրանից կկառչենք մինչև վերջին պահը». Գազայի բնակիչ
Իսրայել Կացը ողջունել է Դոնալդ Թրամփի ծրագիրը և նշել, որ պաղեստինցիներին պետք է ազատություն տրվի արտագաղթել: Պաղեստինցիները, սակայն, համաձայն չեն նախարարի հետ: Գազայի բնակիչ Քասեմ Աբու Հասունն ասել է, որ ինչ էլ ասի Իսրայելի պաշտպանության նախարարը, Գազայի հատվածից բնակիչների տեղահանումը հնարավոր չէ։
«Սա մեր երկիրն է, մեր հողն է, մենք նրանից կկառչենք մինչև վերջին պահը։ Մենք մեկուկես տարի սպասում ենք, ինչպես փոքրիկն է ուտելիքի ու ջրի սպասում, այնպես էլ մենք ենք սպասել, որ հրադադարը սկսի վերադառնալ մեր տներ։ Թեև այլևս տներ չունենք, տեղափոխվել ենք փլատակների տակ, վրաններ ենք խփել ու մնացել», - նշել է նա:
Գազայից տեղահանված Հասան Աշուրը ևս մտադիր չէ լքել իր տունը և հուսով է, որ ամեն ինչ լավ կլինի. - «Մենք ուզում ենք Իսրայելի պաշտպանության նախարարին ասել, որ չնայած պաշարմանը՝ Գազայում մենք անդրդվելի ենք, և չնայած ամեն ինչին, մենք հաստատակամ ենք։ Աստծո կամոք մենք չենք լքի մեր երկիրը… Տա Աստված, որ այստեղ՝ Գազայում, ամեն ինչ ավելի լավ լինի»։
Թրամփի հայտարարությունը, որը ողջունել է նաև Իսրայելի վարչապետը, քննադատության մեծ ալիք է բարձրացրել ինչպես աշխարհում, այնպես էլ Միացյալ Նահանգներում:
Տեխասից Ներկայացուցիչների պալատի անդամ Ալ Գրինը Թրամփի հայտարարությունն էթնիկ զտում է որակել՝ հավելելով, որ Իսրայելի վարչապետը պետք է ամաչի դրանից՝ իմանալով իր ժողովրդի պատմությունը: Գրինը նաև հայտարարել է՝ պատրաստվում է նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել:
«Գազայում էթնիկ զտումը կատակ չէ, հատկապես, երբ այն նախաձեռնել է Միացյալ Նահանգների նախագահը՝ աշխարհի ամենահզոր մարդը: Ես այստեղ եմ՝ հայտարարելու, որ իմփիչմենթի հոդվածներ եմ ներկայացնելու նախագահի դեմ: Նախագահին իմփիչմենթ ներկայացնելու շարժումն սկսված է», - հայտարարել է նա:
«Լուծումներ փնտրելիս մենք չպետք է ավելի վատթարացնենք խնդիրը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, պաղեստինցիների իրավունքներին նվիրված քննարկմանը, առանց Թրամփի անունը նշելու, հայտարարել է, որ Գազայում էթնիկ զտումներից պետք է խուսափել: Երկարատև խաղաղության հասնելու համար, ըստ նրա, անհրաժեշտ կլինի շոշափելի և մշտական առաջընթաց ունենալ խնդրի այնպիսի կարգավորման ուղղությամբ, որը վերջ կդնի օկուպացիային, կստեղծի պաղեստինյան անկախ պետություն, որի անբաժանելի մասը կկազմի Գազան:
«Լուծումներ փնտրելիս մենք չպետք է ավելի վատթարացնենք խնդիրը: Կարևոր է հավատարիմ մնալ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին: Կարևոր է խուսափել ցանկացած ձևի էթնիկ զտումներից: Կենսունակ, ինքնիշխան Պաղեստին պետությունը, որն Իսրայելի հետ խաղաղության և անվտանգության մեջ է ապրում, միակ կայուն լուծումն է Մերձավոր Արևելքի կայունության համար», - ընդգծել է Գուտերեշը:
ՄԱԿ-ում Պաղեստինի բանագնաց Ռիադ Մանսուրն իր հերթին դատապարտել է ԱՄՆ նախագահին՝ հավելելով, որ պաղեստինցիներն այլ երկիր չունեն բացի Պաղեստինից, և Գազան դրա թանկարժեք մասն է, որից իրենք չեն պատրաստվում հեռանալ:
«Երկրագնդի վրա չկա որևէ ուժ, որը կարող է հեռացնել պաղեստինցիներին մեր նախնիների հայրենիքից, ներառյալ Գազայից: Մենք ցանկանում ենք վերականգնել այն և բոլոր երկրներին խնդրում ենք օգնել մեզ այս գործում և այս հարցում: Մենք այլ հայրենիք կամ այլ երկրներ չենք փնտրում», - ասել է ՄԱԿ-ում Պաղեստինի բանագնացը:
Արաբական աշխարհի մի քանի երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Հորդանանը, խստորեն դեմ են արտահայտվել ԱՄՆ նախագահի գաղափարին, իսկ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն ասել է, որ այն կոտնահարի պաղեստինցիների իրավունքները:
«Սա խախտում է մարդասիրական, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի այլ սկզբունքներ»
Թրամփի հայտարարությունը նաև մտավախություններ է առաջացրել, որ այն կարող է վնասել Իսրայելի ու պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև հունվարին ձեռք բերված հրադադարին:
Ռատգերսի համալսարանի պրոֆեսոր, իրավաբան Նուրա Էրակատն ասել է, որ Գազայում մարդկանց տների մեծ մասը, կրթական հաստատություններն ավերվել են, մարդիկ տեղահանվել են և սովամահության են մատնված, իսկ Գազան անմարդաբնակ է դարձել և այս ամենի ֆոնին Թրամփն իր այդ հայտարարությամբ ավարտին է հասցնում աշխատանքը, որ չէր արել Իսրայելը:
«Դա օրինական չէ։ Ցեղասպանությունն օրինական չէ: Էթնիկ զտումներն օրինական չեն: Տարածքի բռնի ուժով ձեռքբերումն օրինական չէ: Սա խախտում է մարդասիրական, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի այլ սկզբունքներ», - ասել է Նուրա Էրակատը։
Հունվարին ուժի մեջ մտած հրադադարի շրջանակում բազմաթիվ պաղեստինցիներ դեռ շարունակում են վերադառնալ Գազա, որտեղ շինությունների 60 տոկոսից ավելին ավերված է: Մինչդեռ շատերը վերադառնալուց հետո կրկին հեռանում են Գազայից՝ ապրելու համար նվազագույն պայմանների բացակայության պատճառով: