Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հինգշաբթի հրամայել է բանակին պլան պատրաստել, որը թույլ կտա պաղեստինցիներին «ինքնակամ լքել» Գազայի հատվածը, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Այս կարգադրությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները «ծրագրում է վերցնել» Գազայի հատվածը, վերաբնակեցնել այնտեղ բնակվող պաղեստինցիներին և տարածքը վերածել «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»:
«Ես ողջունում եմ նախագահ Թրամփի համարձակ ծրագիրը՝ Գազայի բնակիչներին պետք է ազատություն տրվի լքել Գազան և արտագաղթել, ինչը նորմա է ամբողջ աշխարհում», - Կացի խոսքերը մեջբերում է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը:
Հարցին, թե ով կընդունի պաղեստինցիներին, Կացն ասել է, որ դրանք պետք է լինեն այն երկրները, որոնք դեմ են հանդես եկել Գազայում Իսրայելի ռազմական գործողություններին:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Թրամփի առաջարկը «հրաշալի» է, և կոչ է արել ուսումնասիրել այն: