Գազայի ավերակներում ապրողները սարսափած են, թե դժոխքը վերադառնալո՞ւ է:
«Ամբողջ երկիրը ցնցված է։ Մենք հազիվ սկսել էինք հավատալ, որ զինադադար կլինի, և Աստծո կամքով մի լուծում կգտնվի։ «Համաս»-ին, Իսրայելին կոչ ենք անում համաձայնության գալ, վերջ դնել այս ամենին, մարդիկ տառապում են», - ասում է Ռաֆայի բնակիչներից
Լոթֆի Աբու Թահան:
Իսրայելը մինչև շաբաթ կեսօր ժամանակ է տվել՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը պիտի իսրայելցի պատանդներին վերադարձնի, թե չէ վարչապետ Բենյամին Նեթանյահուն արդեն առավելագույն պատրաստվածության հրահանգ է տվել բանակին։ Պաղեստինցիներն իրենց խնայելու աղաչանքներ են ուղղում արդեն երկու կողմերին։
Երկուշաբթի ծայրահեղական «Համաս» խմբավորումը հայտարարեց, որ անորոշ ժամկետով պատանդների ու բանտարկյալների փոխանակումը հետաձգում է, որովհետև, պնդում է, Իսրայելը խախտում է հրադադարի համաձայնագիրը՝ կրակում մարդկանց վրա, թույլ չեն տալիս, որ տեղահանվածները Գազայի հատված վերադառնան։
Միացյալ Նահանգների նախագահը սպառնաց՝ «Համաս»-ի հայտարարությանն ի պատասխան. «Ես կասեի՝ կա՛մ չեղարկեք այդ ամենը, կա՛մ դժոխքն է, որ կսկսվի»:
Այժմ դժոխքից ուղիղ երկու օր է պակաս։ «Համաս» խմբավորման ղեկավարն այսօր Կահիրե է մեկնել՝ Եգիպտոսի ներկայացուցիչների հետ ճգնաժամի լուծումներ փնտրելու։ Իսրայելա-պաղեստինյան ճակատում հաստատված խարխուլ հրադադարը փրկելու գործին նաև Քաթարն է մասնակցում։
Առաջիկա ժամերի անորոշությունը Մերձավոր Արևելքում ոչ մի կերպ չի փոխում Միացյալ Նահանգների նախագահի գերպլանը՝ Գազայի հատվածի ապագայի հետ կապված։
Հորդանանի թագավորը Սպիտակ տանը վերահաստատել է իր ու հարևան արաբական երկրների դիրքորոշումը՝ դեմ են Գազայի հատվածից պաղեստինցիների տեղահանման Թրամփի պլանին։ Աբդալլահ Երկրորդը ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը խոսել է այն մասին, որ քաղցկեղ ու այլ ծանր հիվանդություններ ունեցող 2000 պաղեստինցի երեխայի կտեղափոխեն Հորդանան՝ բուժման։
«Հրաշալի, ֆանտաստիկ ժեստ է», - ասել է Թրամփը, չմոռանալով միաժամանակ, թե ինչի համար են հավաքվել, - «Պաղեստինցիները կամ մարդիկ, որ ապրում են այժմ Գազայում, հրաշալի կապրեն այլ վայրում: Նրանք չեն սպանվի և ստիպված չեն լինի 10 տարին մեկ տեղից տեղ գնալ»:
Նա խաղաղությունը Մերձավոր Արևելքում այսպես է պատկերացնում. Գազայի պաղեստինցիները հեռանում են դեպի Եգիպտոս ու Հորդանան, իսկ Նահանգները Գազան իր հսկողության տակ է վերցնում ու ծաղկուն տնտեսական գոտի սարքում։ Նա օրեր առաջ ասել էր, որ գնելու է Գազան, հիմա այլ կերպ է ձևակերպում. «Գնել չենք պատրաստվում, կունենանք Գազան»:
Պաղեստինցիներին տեղահանելու ծրագիրն էթնիկ զտում չէ՞, հարցրել են լրագրողները։ Նահանգների նախագահն արձագանքել է՝ հրաշալի է լինելու, պաղեստինցիները անվտանգ կլինեն, տարբեր ծառայություններից կօգտվեն, նոր տներ կունենան՝ նկատի ունի Հորդանանում, օրինակ։ Իսկ այդ երկրի թագավորը շարունակել է մերժումը դիվանագիտական բառապաշարով ձևակերպել։
Նախագահ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ եթե Հորդանանն ու Եգիպտոսը հրաժարվեն ընդունել պաղեստինցիներին, կկրճատի այդ երկրներին տրվող օգնությունը։ Նահանգների նախագահը մերժումներն առայժմ չնկատելու է տալիս. «Կընդունեն առաջարկս, նրանք բարի սրտեր ունեն», - ասել է Թրամփը: