Մատչելիության հղումներ

Իրանը միասնականություն ու ուժ է ցուցադրում՝ ԱՄՆ-ի ճնշումներին ի պատասխան


Իրանը միասնականություն ու ուժ է ցուցադրում՝ Միացյալ Նահանգներից ավելացող ճնշումներին ի պատասխան։ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձը, տեղի պաշտոնական լրատվամիջոցներն էլ են շեշտում, երբեք այսքան մեծ չի նշվել։

13 տարբեր երթուղիներով հազարավոր իրանցիներ հավաքվել են Ազադի հրապարակում, այրել Ամերիկայի ու Իսրայելի դրոշները, վեր պարզել Իրանինն ու Պաղեստինինը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ելույթն էլ ամբողջությամբ պատասխան է Թրամփին:

«Թրամփը հայտարարում է, որ ուզում է բանակցել, հետո այդ նույն տեղում ստորագրում հուշագիր դավադրություններով, որ ծնկի բերի Իրանին։ Հետո՝ թե բաց ենք բանակցությունների համար։ Մեղադրում է, որ Իրանն է ապակայունացրել տարածաշրջանը, այնինչ Իսրայելն է Նահանգների աջակցությամբ ռմբակոծում Գազայի, Լիբանանի, Պաղեստինի, Սիրիայի ու այլ վայրերի խեղճ ժողովրդին», - ասել է Իրանի նախագահը։

Իրանում չեն հասկանում՝ ինչպես են Սպիտակ տանը ճնշումները համեմում բանակցության հրավերով: Նախագահ Թրամփը նախորդ շաբաթ Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշումը» վերականգնելու փաստաթուղթ ստորագրեց:

Թրամփը, սակայն, սրան զուգահեռ նաև բանակցությունների համար էր տեղ թողել, ինչպես ինքն էր ձևակերպել՝ «մի հիանալի համաձայնություն» կարելի է կնքել։ Առաջինն Իրանի գերագույն առաջնորդը՝ Այաթոլա ալի Խամենեին էր արձագանքել՝ Ամերիկայի հետ բանակցությունները «խելացի, իմաստուն, պատվաբեր չեն»:

«Այն, ինչ Ամերիկան է առաջարկում, բանակցություն չէ, կապիտուլյացիա է», - այսօր Ազադի հրապարակում հայտարարեց Իրանի արտգործնախարարը, - «Մենք համառ չենք. ոչ մի երկիր բանակցության չի գնա ճնշումների ու պատժամիջոցների սպառնալիքների տակ»:

Թրամփի՝ Գազայի հատվածն ամերիկյան ծաղկուն տնտեսական գոտի դարձնելու ու այնտեղից պաղեստինցիներին հարևան երկրներում վերաբնակեցնելու պլանն Աբբաս Արաղչին անհավատալի որակեց, թե «ինչպես կարելի է մարդուն քշել իր հողից», երբ նա այնտեղից չի հեռացել պատերազմի ժամանակ անգամ։

Թեհրանի Ազատության հրապարակում նաև պաղեստինյան «Համաս» ահաբեկչական խմբավորման ղեկավարն էր, նա ևս նույնն է ասել:

«Համաս»-ը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

Հրապարակում հավաքվածները «Մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին» գրությամբ պաստառներ են պարզել, այստեղ նաև 5 տարի առաջ Բաղդադում ամերիկյան օդուժի հարձակման հետևանքով սպանված իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սուլեյմանիի նկարներն էին։

«Նրանք մեզ ահաբեկիչ են ասում, բայց ահաբեկիչն իրենք են, իսկ մենք՝ ահաբեկչության զոհ», - պնդել է Իրանի նախագահը, - «Երբեք չենք հնազանդվի օտարներին»:

Անցած հինգշաբթի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն արդեն իսկ թարմացրեց պատժամիջոցները մի շարք ընկերությունների նկատմամբ, որ Իրանից Չինաստան նավթ էին արտահանում։ Իրանի պնդումներին, թե միջուկային զենք չեն ստեղծում, միայն խաղաղ նպատակով է, Նահանգներում չեն հավատում՝ վկայակոչելով իրենց տվյալներն այն մասին, որ այդ երկրում ուրանի հարստացման ծավալներն այնքան են մեծացել, որ խաղաղության հոտ չի գալիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG