Իսրայելը պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե «Համաս» խմբավորումը մինչև շաբաթ օրը՝ փետրվարի 15-ը, ազատ չարձակի իսրայելցի պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Ynet-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ իսրայելական կողմն իր որոշմամբ աջակցել է ԱՄՆ նախագահի վերջնագրին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե մինչև փետրվարի 15-ի կեսօր պատանդներին չվերադարձնեն, խորհուրդ է տալիս վերացնել հրադադարը Գազայում։
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն ավելի վաղ հայտարարել է, որ անորոշ ժամանակով հետաձգելու է իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման հաջորդ փուլը, որը նախատեսված է Իսրայելի և «Համաս»-ի միջև Գազայի հատվածում ձեռք բերված հրադադարի համաձայնագրով։ «Համաս»-ի ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդայի տարածած հայտարարությունում ասվում է, որ Իսրայելը խախտում է համաձայնագրի պայմանները:
Իսրայելի և «Համաս»-ի միջև հրադադարը գործում է հունվարի կեսերից։ Առաջին 42 օրվա ընթացքում «Համաս»-ը պարտավորվել է ազատ արձակել 33 իսրայելցի պատանդների, որոնցից ութը, ենթադրաբար, մահացած են: Ի պատասխան՝ Իսրայելը պետք է ազատ արձակի մոտ երկու հազար պաղեստինցի բանտարկյալների և սկսի զորքերը դուրս բերել Գազայի հատվածից։
Փետրվարի 9-ին, համաձայնագրի շրջանակներում, Իսրայելն իր զորքերը դուրս բերեց Նեցարիմ միջանցքից, որը բաժանում է գոտու կենտրոնական մասը։