Իրանի գերագույն առաջնորդը ռազմաօդային ուժերի հրամանատարության հետ հանդիսավոր հանդիպման ժամանակ արձագանքել է Սպիտակ տնից հնչող ուղերձներին: «Ամերիկայի հետ բանակցությունները խելացի, իմաստուն, պատվաբեր չեն», - հայտարարել է այաթոլա Ալի Խամենեին:
ԱՄՆ նախագահը օրեր առաջ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը վերականգնելու մասին հուշագիր ստորագրեց և այդ մասին հայտարարեց Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից հետո:
«Այսօր ես նաև քայլեր ձեռնարկեցի Իրանի ռեժիմի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու համար: Եվ մենք ևս մեկ անգամ կկիրառենք հնարավոր ամենաագրեսիվ պատժամիջոցները, զրոյի կհասցնենք Իրանի նավթի արտահանումը և կնվազեցնենք ահաբեկչությունը ֆինանսավորելու ռեժիմի կարողությունը ողջ տարածաշրջանում և աշխարհում», - ասաց Դոնալդ Թրամփը:
«Մենք թույլ չենք տա նրանց միջուկային զենք ունենալ», - սպառնում էր Թրամփը, բայց և տեղ թողնում բանակցության համար, որովհետև, ասում էր` «չքնաղ երկիր է, չքնաղ մարդիկ»: «Շատ կցանկանայի մի հիանալի համաձայնություն կնքել», - հայտարարեց ԱՄՆ նախագահը:
Իրանի գերագույն առաջնորդը Միացալ Նահանգների այս վարչակազմի հետ բանակցություն չի պատկերացնում, այսօր Խամենեին հիշել է այն, ինչ տեղի ունեցավ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում․ - «Մենք բանակցեցինք, զիջումների գնացինք, բայց ցանկալի արդյունքի չհասանք։ Մյուս կողմը խախտեց այդ նույն համաձայնությունը»:
Ինչ վերաբերում է ամերիկյան սպառնալիքներին, Իրանից ասում են՝ համաչափ պատասխան կստանան: «Եթե նրանք սպառնան մեզ, մենք կսպառնանք նրանց: Եթե նրանք գործի դնեն սպառնալիքները, մենք էլ նույնը կանենք», - ասել է Ալի Խամենեին:
Թրամփի նոր հուշագրում Թեհրանի միջուկային զենքի, հրթիռների մշակման կանխումն է, նավթի արտահանման շանսերի զրոյացումը։ Ըստ ամերիկյան կողմի՝ Իրանը նավթի վաճառքից ստացած փողով իր միջուկային ծրագիրն է զարգացնում և հարևան երկրներում ահաբեկիչներին է ֆինանսավորում։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային այսօր արձագանքել է պատժամիջոցների թարմացմանը, ընդգծել՝ Վաշինգտոնի ճնշումները խոչընդոտում են օրինական առևտուրը Իրանի ու նրա տնտեսական գործընկերների միջև։ Դա, ըստ արտգործնախարարության ներկայացուցչի, հակաիրավական է ու միջազգային պատասխանատվության կհանգեցնի։
«Մեր միջուկային ծրագրի ստուգումը հեշտ գործ է։ Եվ նրանք եկել ու ստուգել են ամեն անգամ, երբ ցանկացել են, կարող են գալ ու ստուգել ևս հարյուր անգամ», - նախօրեին Թեհրանում դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Միջուկային զենք չենք ստեղծում», - հարյուրերորդ անգամ հայտնում են Իրանի առաջնորդները, և նույնքան անգամ էլ նրանց չեն հավատում, հակադարձելով՝ ուրանի հարստացման տոկոսները սպառնալից չափերի են հասնում։
Միջուկային թեմայից բացի, Վաշինգտոնի ու Թեհրանի միջև նոր սեպ է խրել Թրամփի մեկ այլ՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին հանելու ու տեղում ամերիկյան դրախտ սարքելու պլանը:
«Ամերիկացիները նստում ու թղթի վրա վերաձևում են աշխարհի քարտեզը։ Բայց դա միայն թղթի վրա է, իրական չէ», - նշել է այաթոլա Ալի Խամենեին:
Իսկ Սպիտակ տան ղեկավարն այս շաբաթ սոցցանցի իր հարթակում Թեհրանի հետ համաձայնության հասնելու հույսի մասին էր գրել, որն, ըստ նրա, մերձավորարևելյան տոն կդառնար։