«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսում՝ որպես խնդրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ «դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը»։
«Լիովին սատարելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի հիմքում ընկած պահանջները, այս պահից Ազատության հրապարակում սկսում եմ հացադուլ՝ որպես խնդրանք Ռուբենին՝ դադարեցնելու իր կյանքի համար անդառնալի սպառնալիք հանդիսացող այս հացադուլը», - նշել է Թանդիլյանը։
«Յուրաքանչյուր մեկ ավել օր հացադուլը իր առողջության համար անշրջելի հետք է թողնում՝ կյանքի անդառնալի սպանալիքով։ Դժվար է պատկերացնել, թե ինչերի միջով է անցնում Ռուբենը, սակայն մի բան ակնհայտ է և ինքնախաբեության տեղիք չի թողնում․ Ռուբենի կողմից այս քայլին գնալը խոսում է այն մասին, որ սպառվել են մնացած գործիքները», - նաև նշել է նա։
Մանե Թանդիլյանն ընդգծել է՝ սա քայլ է՝ հրավիրելու միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի բանտերում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատավարական ֆարսին. - «Ռուբենն ու մեր մյուս գերիները պայքարում են հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության, որի համար կրում են անպատկերացնելի զրկանքներ՝ մնալով հոգեպես և բարոյապես շատերիցս ուժեղ ու ամուր»։
«Ես ամաչում եմ հենց միայն այն գիտակցումից, որ դուք դեռ գտնվում եք Բաքվի բանտերում, ու որևէ ջանք չի ունենում իր ազդեցությունը գոնե այնքանով, որ դուք ստիպված չլինեք դիմել այսպիսի ծայրահեղ քայլերի։
Բայց ուզում եմ իմանաք․ մեր հայրենիքը ձեզ սպասում է, վերադարձեք Հայաստան` ողջ և առողջ», - հայտարարել է Մանե Թանդիլյանը։
Փետրվարի 19-ից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել: Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով դիմել էր աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, պատմել իր նկատմամբ «ադրբեջանական ապօրինությունների մասին», հայտարարել՝ «հրաժարվում է մասնակցել դատական ֆարսին»։