Մատչելիության հղումներ

Երևանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում սկանդալային ձայնագրությունները


Երևանի քաղաքային ավտոբուսները, արխիվ
Երևանի քաղաքային ավտոբուսները, արխիվ

«Կանգնեք մի քշեք, մինչև չվճարեն». - սկանդալային ձայնագրությունները, որոնցում անհայտ անձինք Երևանի ավտոբուսների վարորդներին հրահանգում են կանգնեցնել մեքենաները, եթե ուղևորները չեն վճարում, համացանցում են արդեն երկու օր: Քաղաքային իշխանությունները մինչ այս պահը չեն մեկնաբանել հրապարակումները, բայց ձայնագրությունների իսկությունն ու այս զրույցների կապը քաղաքապետարանի հետ չի հերքվել:

Փոխարենը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը կիսվել է նոր այգի հիմնելու մասին մի տեսանյութով:

Այսօր «Ազատությանը» հաջողվեց կապ հաստատել «Երևանի ավտոբուս» ընկերության խոսնակի հետ, ձայնագրությունները լսել է, տեղյակ է, բայց չեն մեկնաբանում: Ասում է՝ եթե հարկ լինի, կա՛մ իրենք, կա՛մ Երևանի քաղաքապետարանը պաշտոնական պարզաբանում կտան:

Փորձեցինք պարզել՝ իրավապահները որևէ գործողություն նախաձեռնե՞լ են: Քննչական կոմիտեից տեղեկացրին՝ ձայնագրությունների առիթով հաղորդում չեն ստացել:

«Շատ սխալ եք աշխատում, ով որ ըտենց ա աշխատում, էրկու դուռը միանգամից բացել չկա: Հազար անգամ ասում ենք, հազար անգամ էլ նույն բանը տենում ենք; Մի դուռը բացում եք՝ մտնում են, երկրորդ դուռը բացում եք՝ իջնում են: Ինչքա՞ն կարելի ա նույն բանը ասել: Մինչև էդ լավ աշխատում էիք, ախպեր, հիմա խի՞ չեք աշխատում, էրկու դուռ եք միանգամից բացում ... »:

«Էդ թուլեքին էլ, որ կանգնի թող չքշեն, էդ ժողովուրդդ նույն թո գոռան լակոտներին, էթան իրանց հերերին ասեն՝ «վճարեք, որ էթանք դասի, գանք», ախպեր ... »:

Աղմակահարույց այս պատմությունից տարակուսած քաղաքացիները, մինչդեռ, արդեն երկու օր է պարզաբանում են պահանջում:

Պարզաբանման պահանջով Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն էին երեկ «Երևանի ավտոբուս» ընկերություն գնացել, դուռն ու դարպասը փակ էին, ոչ ոք նրանց լսելու չեկավ:

«Մեկը կա՞ պատասխան տա: Չկա, նայեք, մեծ հիմնարկ ա, գոյություն չունի, ոչ հերթափոխ է լինում, ոչ էլ մարդ կա, որ դուրս գա պատասխանի: Էս մարդիկ փա-խել-են, մեզնից չեն փախնում՝ մեր քաղաքացիներից փախած են», - հայտարարեց ավագանու ընդդիմադիր անդամը:

Ձայնագրություններում կոշտ հրահանգներ տալուց ու երիտասարդներին «թուլա» ու «լակոտ» անվանելուց զատ, վարորդներին նաև սպառնում են, թե բոլորին օնլայն հետևում են, իսկ տեսախցիկներին հասանելիություն ունեն «Երևանի ավտոբուս» ընկերությունում: Արդյոք նաև քաղաքապետարանում հասանելիություն ունեցողներ կան, լրատվականից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել:

Վարորդների աշխատանքային պայմանագրերում որևէ ուղիղ կետ չկա չվճարողներին իջեցնելու, ներս չթողնելու, կամ էլ այդ պատճառով վարելուց հրաժարվելու մասին:

Մինչ քաղաքապետարանը լռությունը չի խախտում, վարորդներին արդեն նաև սոցցանցերում են հսկելու կոչեր անում: Առանց սեփական լուսանկարի ֆեյսբուքյան մի օգտատեր քաղաքացիներին հորդորում է ֆիքսել այն ավտոբուսները, որոնց վարորդները չվճարող ուղևորներին չեն զգուշացնում, և իրեն կամ մեկ այլ օգտատիրոջ ուղարկել, որպեսզի «քաղաքի տրանսպորտային համակարգը զարգանա»:

Ձայնագրություններից առանց այն էլ վրդովված քաղաքացիներին այս գրառումն է՛լ ավելի է զայրացրել: «Ո՞վ եք դուք, որ նման բան եք հորդորում», - գրում են քաղաքացիները:

XS
SM
MD
LG