«Եվ խցանումների առաջացման նաև պատճառների ուղիղ երևի թե 80 տոկոսը պայմանավորված էին ամառային անվադողերով, ավտոմեքենաների հետևանքով», - այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ո՞վ էր մեղավորը։ Առատ ձյան պատճառով երևանյան փողոցներում առաջացած քաոսային իրավիճակն էին քննարկում այսօրվա նիստում։ Փետրվարի 20-ի երեկոյան ձյան տեղումների պատճառով կաթվածահար էր եղել երթևեկությունը. ավտոբուսների վարորդները չէին վարում, ծայրամասեր գնացող մարդկանց հույսը սեփական ոտքերն էին։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ առավոտյան նիստի ընթացքում շտապեց վերահաստատել քաղաքապետի խոսքերը, թե առատ տեղումների օրը արձանագրված վթարների կեսը եղել են անվադողերի պատճառով։
«Մաշված ամբողջովին եղել են ձմեռային սեզոնի անվադողերը, որոնք այս պայմաններում ամենամեծ խոչընդոտն են եղել երթևեկի համար, ինչը վկայեց, որը խոչընդոտ դարձավ հենց ավտոբուսների երթևեկի համար, մյուս տրանսպորտային միջոցների երթևեկի համար», - ասաց Արեյանը:
Չնայած քաղաքային իշխանության պնդումներին, Ոստիկանությունից «Ազատության»-ը բոլորովին այլ թվեր հայտնեցին՝ փաստացի հերքելով Ավինյանի ու Արեյանի խոսքերը։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ փետրվարի 20-24-ը արձանագրվել է 482 պատահար, և վթարի մասնակիցներից միայն մեկ մեքենա է եղել ամառային, 8-ն էլ՝ մաշված անվադողերով։ Վթարային իրավիճակից բացի, Ոստիկանությունը նաև ստուգել է 193 տրանսպորտային միջոց, և միայն 15-ն են եղել մաշված անվադողերով։
«Եվ մարդիկ մեղավոր չեն, մարդիկ չեն կարող մեղավոր լինել այստեղ», - քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր, սակայն, գլխավոր մեղավորին գտել էր. ժողովրդի լեզվով ասած՝ ԱՊՊԱ-ները, այսինքն՝ ապահովագրական համակարգը, երբ վթարային իրավիճակում հայտնված մեքենան ժամերով սպասում է, որ պատահարն արձանագրվի։
«Մարդիկ, այո, միգուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, և վստահաբար, էդ հանգամանքը եթե հաշվի առնվի, ինձ թվում է՝ ԱՊՊԱ-ն նույնիսկ էստեղ հարց պետք է առաջացնի՝ արդյոք պիտի փոխհատուցվի ավտոմեքենաները, թե չպիտի փոխհատուցվեն», - ասաց քաղաքապետը՝ շարունակելով. - «Բայց, այնուամենայնիվ, էդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է՝ աղետ է այն առումով, որ ամեն տենց, կներեք, բայց իրար թեթև քսած ավտոմեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են, ժա-մե-րով: Եվ դա ստեղծում է ոչ միայն խնդիր ընդհանուր երթևեկության համար, դա ստեղծել է խնդիր նաև մեր տեխնիկայի համար, որը հենց այդ կարևոր ժամերին պետք է հասներ համապատասխան վայրեր»:
Օրեր շարունակ հնչող մեղադրանքերը, թե ավտոբուսները ևս համասեզոնային ու մաշված անվադողերով էին, այս քննարկումների ժամանակ շրջանցվեցին։
«Սառույցի վրա ձմեռային ավադողը չի օգնի»
«Փորձում են իրենց մեղքի բաժինը վերագրել մեկ այլ անձի վրա. չենք կարող 600 հազար վարորդի հարցաքննել և պարզենք՝ իրենք արդյոք մեղք ունեին էս կաթվածահար վիճակի համար, թե չունեին». - «Վարորդի ընկեր» կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն այդ օրը ղեկին էր ու տեսել էր՝ մարդիկ զգույշ և դանդաղ էին վարում ոչ թե վատ անվադողերի, այլ եղանակի ու ճանապարհների անմխիթարական վիճակի պատճառով:
«Ասեմ ավելին՝ եթե անգամ սառած ճանապարհին դու ձմեռային անվադողով երթևեկես, դա նույն բանն է, ինչ որ ամառայինով կերթևեկես՝ մեկ է, սառույցի վրա էդ ձմեռային ավադողը քեզ չի կարողանալու օգնել», - ընդգծեց Քեյանը:
Նորմայից ավելի շատ ձյուն և ջերմաստիճանի կտրուկ անկում. Երևանում ստեղծված բարդ իրավիճակի մյուս պատասխանատուն բնությունն էր, որն իր հերթին էր դժվարեցրել քաղաքային իշխանության աշխատանքը։ Մեղքի չափաբաժին, բայցևայնպես, ունեն՝ ձնամաքարման աշխատանքների համար նախատեսված մեքենաները բազմաֆունկցիոնալ չեն, «որպեսզի կարողանանք տարբեր ռելիեֆային հարթություններում գտնվող և տարբեր թողունակություն ունեցող փողոցները մաքրել», - ասաց Արեյանը:
Բայց քաղաքապետի խորհրդականը պնդում էր՝ ընդհանուր առմամբ պատրաստ են եղել ձմռանն ու ձյանը։ Արեյանը թվեր էլ ներկայացրեց՝ ութ տասնյակից ավելի մեքենա, 300-ից ավելի աշխատողներ, բավարար աղ ու ավազ բաժանված է եղել համայնքներին։
Վարորդի ընկեր Քեյանը կասկածի տակ չի դնում այս պնդումը, սակայն հարցնում է՝ արդյոք դրանք նպատակային են օգտագործվել. - «Մենք չենք կարող օդից ձյունը բռնենք և հավաքենք, չթողնենք գետնին հասնի, թող ձյունը գա, կանգնի՝ նոր մաքրենք: Էստեղ հարցը ոչ թե միայն մաքրելն է, այլ գոնե էդ աղ, ավազ ցանելը, որ ինքն իրեն կարող էին ձյան եղանակին էդ աղ, ավազը հանգիստ ցանեին, որ չսառցակալեր ճանապարհները»:
«Զգուշացեք սառցաբեկորներից», - Տիգրան Ավինյանի հոգատար հորդորն էր երևանցիներին և պահանջը թիմակիցներին՝ մաքրել տանիքները։
Ձյան, բուքի, նոր տեղումների մասին նոր զգուշացում չկա Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանից։ Նրա էջում վերջին գրառումը ջերմաստիճանի բարձրացման մասին է, բայց ոչ թե եղանակի, այլ՝ սեփական մարմնի. - «Ես մեր կանխատեսած ցրտերի վրա հիվանդացա՝ 39 աստիճան տաքություն»։