Երևանյան ավտոբուսների վարորդների աշխատանքային պայմանագրերում որևէ ուղիղ կետ չկա չվճարողներին իջեցնելու, ներս չթողնելու կամ էլ այդ պատճառով վարելուց հրաժարվելու մասին: Դրույթ կա միայն զգուշացման մասին, որպեսզի վճարները միայն սահմանաված կարգով կատարվեն, ևս մեկ կետով էլ վարորդները պարտավոր են թույլ չտալ կանխիկ վճարումները: Ուղևորավարձի վերաբերյալ կետերը պայմանագրում այսքանն են:
Աշխատանքային պայմանագրի կետերից մեկով էլ քաղաքապետարանին իրավունք է տրվում աշխատանքից բխող պարտադիր կատարման ցուցումներ ու կարգադրություններ տալ:
Հարցին, թե ի՞նչ ցուցում է տրվել վարորդներին, «Երևանի ավտոբուս» ընկերության խոսնակը պատասխանեց. «Ուղեվարձը չվճարող քաղաքացիներին բարեկրթության սահմաններում հորդորել, ուղղորդել անհրաժեշտության դեպքում նաև օգնել վճարում իրականացնել»:
Դժգոհության մեծ ալիքից հետո իշխանությունները միայն նկատողություն են տվել տեսանյութերից մեկում տարեց տղամարդուն իջեցրած վարորդին՝ բարեվարքության կանոնները խախտելու համար:
Այսօր էլ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը լուսանկար է հրապարակել, որտեղ հաշմանդամություն ունեցող տղամարդուն տրանսպորտային քարտ են տալիս. «Մենք գտանք այդ մարդուն և հաշմանդամության կարգի հաստատումից հետո նրան տրամադրեցինք տարեկան անվճար փաթեթ, որով նա կարող է անսահմանափակ օգտվել ավտոբուսից, մետրոյից և տրոլեյբուսից»:
Նման միջադեպերի հետևանքով բարձրացած աղմուկից հետո երեկ և այսօր նոր ահազանգեր չեն ստացվել: «Ազատության» հետ զրուցած ուղևորների կարծիքով՝ շատերը պարզապես փորձում են խուսափել հնարավոր վիճաբանությունից:
Երիտասարդներից մեկը սեփական փորձով կիսվեց՝ չվճարելու համար մի անգամ վարորդն իր հետ ծանր վիճաբանության մեջ է մտել: Նման դեպքերի մասին, սակայն, բոլորը չէ, որ լսել են: Մեկ այլ քաղաքացի, օրինակ, շատ գոհ է վարորդներից:
Քաղաքացիները շարունակում են դժգոհել նաև ավտոբուսների դռները բացել-չբացելուց:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.