Անշարժ ավտոբուսների շարասյուներ. այս պատկերը երեկ երեկոյան երևանյան բազմաթիվ փողոցներում կարելի էր տեսնել: Տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում ձեռք բերված նոր ավտոբուսները երեկ փաստացի չդիմացան ձյան առատ տեղումներին:
Վարորդները պարզապես հրաժարվում էին վարել։ Ու թեև «Երևանի ավտոբուս»-ի խոսնակը համոզված էր, որ վարորդները «դրսևորել են բարձր հոգատարություն ու գիտակցություն, առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չեն դրել քաղաքացիներին», այդուհանդերձ, կանգառներում սառած ու ի վերջո ժամեր անց ոտքով տուն հասած քաղաքացիները կարծես այդքան էլ չէին զգացել քաղաքային իշխանության հոգատարությունը.
«Նստել ենք ավտոբուս, որպեսզի հասնենք տուն, ճամփի կեսին մեզ ասում եք՝ «իջեք, գնացեք», ի՞նչ է նշանակում սա ... »:
«Այ սենց, ժողովուրդ, կանգնեցին մետրո «Բարեկամության» մոտ, ու մարդիկ իջան ... »:
«Անվադողերը, բնականաբար, ձմեռային չեն, ոնց հասկանում ենք՝ անվադողերը ընդհանուր սեզոնային են, դրա համար էլ չեն գնում, բոյկոտում են, սա էլ ՝ վարորդները, կանգնած են: Բոյկոտը շարունակում ենք, ժողովուրդ ջան, ուղղակի հիմա ավտոբուսներն են բոյկոտում, կանգնել են: Հիմա արդեն ավտոբուսներն են բոյկոտում, վարորդները, իհարկե, մեղք չունեն, ստեղ անվադողերի խնդիրն է». - նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի այս պնդումից հետո միայն Երևանի ավագանու իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը շտապեց ֆեյսբուքյան գրառում անել, մի փաստաթուղթ էլ կցել ու հայտարարել՝ ավտոբուսների համար երբևէ ձմեռային անվադողեր չեն գնվում։
Ավելի ուշ քաղաքապետարանն էլ մի գրառումով թվեր նշեց, թե քանի ավտոբուսի անվադողեր են դեռ հոկտեմբերից փոխարինվել համասեզոնային անվադողերով։ Ավելի համոզիչ լինելու համար էլ ուշ գիշերով ձյան տակ ուղիղ եթեր մտավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. - «Սրանք համասեզոնային, այսինքն՝ ծառայում են բոլոր սեզոններին, բայց դա չի նշանակում, որ առատ ձյան տեղումների դեպքում հանրային տրանսպորտը չի ունենում խնդիրներ»:
«Ընդամենը պետք էր հաշվի առնել և պլանավորում իրականացնել, որ եթե օգտագործում ենք համասեզոնային անվադողեր, ապա համասեզոնային անվադողերը մենք պետք է, այսպես ասած, փոխենք, հատկապես՝ տեղումներին ընդառաջ: Որովհետև մաշված կարող է լինել ինչպես համասեզոնային անվադողը, այնպես էլ՝ ամառայինը, այնպես էլ՝ ձմեռայինը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Պիպոյանի համար համոզիչ չեն քաղաքային իշխանության բացատրությունները։ Երեկվա փորձությունը, նրա գնահատմամբ, ևս մեկ ապացույց էր, որ ժամանակավրեպ է խոսել բարեփոխված տրանսպորտի մասին։ Վարորդները չէին խուսափի վարելուց, եթե վստահ լինեին, որ ավտոբուսները վթարային իրավիճակ չէին ստեղծի։
Պիպոյանն այստեղ մեկ այլ խնդրի վրա էլ է ուշադրություն հրավիրում. նրա պնդմամբ՝ գործող ավտոբուսների քանակը չի բավարարում ներկայիս ուղևորահոսքին։ Եվ եթե ոչ վարորդը, ապա ո՞վ ավելի լավ պետք է իմանար՝ կդիմանա՞ր արդյոք բոլոր սեզոնների համար նախատեսված այդ անվադողը։
«Ամենևին պատահական չէ, որ միջազգային խորհրդատուն խորհուրդ է տվել Երևան քաղաքին ունենալ 250 18-մետրանոց ավտոբուս: 250 18-մետրանոց ավտոբուսի տեղատարողունակությունը դա կստանանք 250X150, այսինքն՝ 300 հազարից ավել ուղևորափոխադրում ապահովելու էին էս շարժակազմերը: Երբ որ դու դրանց փոխարեն գիծ ես մտցնում ընդամենը 200 40-տեղանոց ավտոբուս, էդ ավտաբուսներն էլ աշխատում են ոչ թե մինչև 45 ծանրաբեռնվածությամբ, այլ՝ 55-60 ծանրաբեռնվածությամբ, բնականաբար, մեքենան էլ է ավելի շատ, շուտ շարքից դուրս գալիս, մաշվածությունն է արդեն կտրուկ փոխվում: Եվ, ինչպես նկատեցիք, երեկ արդեն կային անվադողեր, որոնցով անգամ ամռանը չարժեր դուրս գալ, ոչ թե որովհետև դա ձմեռային կամ ամառային էր, այլ որովհետև պարզապես ծանր մաշվածության են, և անվադողերը չէին փոխել», - ընդգծեց Բաբկեն Պիպոյանը:
Վատ կառավարում՝ կարճ այսպես է գնահատում «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահը երեկվա վիճակը, եզրահանգելով՝ ոչ մի ֆորս մաժոր չկար, ոչ մի տարերային աղետ չկար, պարզապես ձյուն էր եկել, պարզապես պետք էր կառավարել։