Մատչելիության հղումներ

Կաթվածահար Երևան՝ վաղուց կանխատեսված ձյան տեղումներից հետո


Երևանցիներն ձյան առատ տեղումների տակ դրսում են մնացել տրանսպորտի կաթվածահար վիճակի պատճառով, 20-ը փետրվարի, 2025թ.
Երևանցիներն ձյան առատ տեղումների տակ դրսում են մնացել տրանսպորտի կաթվածահար վիճակի պատճառով, 20-ը փետրվարի, 2025թ.

Կաթվածահար Երևան՝ վաղուց կանխատեսված ձյան առատ տեղումներից հետո: Երեկ երեկոյան մայրաքաղաքի երթևեկությունն իսկական էքստրիմի էր վերածվել, սառցակալած փողոցներում շղթայական վթարներ էին:

Վթարները պաշտոնատար անձանց էլ չեն շրջանցում, տուժում է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, փողոցներ են փակվում, անգամ՝ միջքաղաքային: Թե քանի վթար եղավ ու քանիսը տուժեցին, պետական գերատեսչությունները դեռ չեն հստակեցնում:

Կանգառներում մարդիկ ժամերով ավտոբուսի են սպասում, տրանսպորտ չկա: Մարդիկ ստիպված ոտքով են ճամփա ընկնում՝ վերհիշելով մութ ու ցուրտ 90-ականները...

Ժամեր են անցնում, քաղաքապետարանը լուռ է՝ ոչ զգուշացնում են, որ ձյան պատճառով տրանսպորտը թերի է աշխատում, ոչ հորդորում են զուր տեղը կանգառներում չսառչել, ոչ էլ ներողություն են խնդրում պատճառված լուրջ անհարմարությունների համար. քաղաքային իշխանությունների կողմից անտարբերության մատնված քաղաքացիները դեռ սպասում ու սպասում են: Փոխարենը՝ այդ պահին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարության շենքից «սքանչելի տեսարաններ ու գեղեցիկ պատկերներ» էր վայելում: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհեց, թե «մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե ինչպես է փոխվում եղանակը, ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ»:

Շատ վարորդներ անվտանգության նկատառումներից ելնելով կանգնեցնում են ավտոբուսները:

Միայն ուշ երեկոյան՝ 21:40-ին, երբ շատերն արդեն ճարահատյալ ոտքով տուն էին հասել, քաղաքապետարանը հայտարարեց տրանսպորտի դժվարացած աշխատանքի մասին ու տեղեկացրեց՝ հնարավոր են ուշացումներ: Հրապարակման տեքստում քաղաքային իշխանությունները փաստի առաջ կանգնած երևանցիներից նույնիսկ ներողություն չխնդրեցին, փոխարենը շնորհակալություն հայտնեցին ըմբռնման համար: Վստահեցրին՝ մաքրման աշխատանքներն արտակարգ ռեժիմով են ընթանում, բայց ինտենսիվ տեղումների պատճառով ճանապարհները կրկին ձյունով են ծածկվում:

Մինչ սառչող քաղաքացիներն իրավիճակից ելք էին փնտրում, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավանաբար բավականին տաք սենյակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին էր մասնակցում ու անգամ ժամանակ գտնում ֆեյսբուքյան հին գրառումները փակել-բացելու համար:

Այս ընթացքում սոցցանցերում դարձյալ տարածվում էր տարիներ առաջ դեռ ակտիվիստ Տիգրան Ավինյանի առաջարկած լուծումը. եթե տեխնիկա չկա, քաղաքապետարանի աշխատակիցները՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, պետք է վերցնեն բահերը ու «հայդե փողոցներով ձյուն մաքրելու»: Factor TV-ից նկատում են, որ քննադատության ալիքին զուգահեռ՝ Ավինյանը նախ փակում, ապա դարձյալ ակտիվացվում է այդ գրառումը:

Եթե Ավինյանն իր անձնական էջի կառավարումն այլ անձի չի պատվիրակել, ստացվում է, որ այդ ծանր պահին, երբ երևանցիները պարզաբանում էին ցանկանում լսել, քաղաքապետը Ֆեյսբուքը փորփրելու ժամանակ էր գտել:

Թեման, սակայն, այսքանով չեզրափակվեց. համացանցում տեսանյութեր տարածվեցին, որտեղ Ավինյանը բահով ձյուն է մաքրում:

Իսկ երեկ միայն օրվա ավարտին՝ կեսգիշերին մոտ, Երևանի քաղաքապետը ֆեյսբուքյան լայվով Նոր Նորքից ձնամաքրման աշխատանքների մասին խոսեց. - «Երևանի քաղաքապետարանի մոտավորապես 40 տեխնիկա հենց այս պահին աշխատում է քաղաքի փողոցներում՝ առաջնային և երկրորդային փողոցներում, ցանում է աղ և ավազ, որոշ դեպքերում՝ միայն աղ»:

Մի քանի օր առաջ կանխատեսված առատ տեղումների վերաբերյալ նորություններն արդեն այլ գերատեսչությունների հաղորդագրություններով շարունակվեցին: Դպրոցներում դասերը հետաձգվեցին, Երևանի Պետական համալսարանն անցավ հեռավար ռեժիմի, եղանակը խառնեց նաև Զինված ուժերի պլանները՝ հետաձգվել են նորակոչիկների երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, արձակուրդներն էլ ժամանակավորապես արգելել են:

Օրն ավարտվեց, սկսվեց նորը... Բահը ձեռքին Տիգրան Ավինյանին տեսանք միայն համատարած աղմուկից հետո, իսկ քաղաքապետարան վաղ առավոտից աշխատակիցների ձեռքն է բահ ու ցախավել տվել ու աշխատանքի ուղարկել: Բահով սառույց կոտրող տարեց մի կին տեսախցիկի հետևում նեղրստում ու զայրանում է՝ ինչո՞ւ են իրենք այս գործն անում, որտե՞ղ է հատուկ տեխնիկան:

Դեռ 2023-ին քաղաքապետարանը տեղեկացրել էր մայթ մաքրող սարքեր ձեռք բերելու մասին. - «Այս տարի գնումներով ձեռք ենք բերել 50 մեխանիզմներ խոզանակով, որոնք կօգտագործվեն մայթերի մաքրման ժամանակ մայրաքաղաքի փողոցներում»:

Անցած տարի ձյան տեղումներից հետո Ավինյանն ընդունել էր՝ իրենց իրականացրած աշխատանքը բավարար չէ, տեխնիկայի խնդիր էլ ունեն. - «Մենք իմացել ենք, չէ՞, որ էս օրերին ձյունը գալու ա, և վստահ եմ, որ ԵԱՍՄ հիմնարկում էլ են իմացել, վստահ եմ, որ տեխնիկայի առումով մենք հարցեր ունենք դեռևս մայթերի մաքրման առումով»:

Այս խոսքերից մեկ տարի անց քաղաքային իշխանությունների հրահանգով մարդիկ դեռ հին եղանակով են մայթեր մաքրում, գովազդված հատուկ տեխնիկայով աշխատանքներ մի քանի ժամվա նկարահանումների ընթացքում անձամբ մենք չնկատեցինք:

Այս տեղումների մասին քաղաքապետը մի քանի օր առաջ էլ էր խոսել: «Շատ կարևոր է, որպեսզի գալիք արդեն, փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումների ժամանակ մենք պատրաստ լինենք ձնամաքրման աշխատանքներին ամբողջ ծավալով», - ասել էր Ավինյանը:

Բայց քաղաքն այս անգամ էլ սահադաշտի վերածվեց, իսկ տեղումները դեռ շարունակվում են:

XS
SM
MD
LG