Ինչո՞ւ այնուամենայնիվ որոշվեց սահմանազատումը սկսել հյուսիսից։ Ավելի խելամիտ չէ՞ր այն սկսել Հայաստանի օկուպացված տարածքներից, օրինակ, Ներքին Հանդից կամ Ջերմուկից, արտգործնախարար Արարատ Միրզոյանին հարցրեց դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Արարատ Միրզոյանն, ըստ էության, նշեց՝ որոշվել է սահմանազատումը սկսել հյուսիսից, քանի որ երկկողմ համաձայնությունը դրա վերաբերյալ է եղել։
«Մենք կրկին ասում ենք, որ մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ 200 քառակուսի կիլոմետրից ավելի, որոնք, իհարկե, պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ՝ մեր փաստարկները, հիմնավորումները, թղթերը և այլն: Սկսել հյուսիսից, թե հարավից, եթե անկեղծ գնահատականս եք ուզում, Դուք Ձեր մտքի մեջ մի հատ բան գծած, որը Ձեր մտքի մեջ է: Ինձ մնար, Հայաստանի սահմանազատումը կսկսեր Խաղաղ օվկիանոսից, կարող է ավարտեի Ատլանտյան օվկիանոսով, բայց մոլորակի վրա բացի մեզնից կա 200 հատ էլ պետություն: Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական կարևոր բաղադրիչ», - արձագանքեց Միրզոյանը:
Վարչապետը բացատրեց, թե ինչու է սահմանազատումը սկսվելու Տավուշից
Ի դեպ, սահմանազատումը հյուսիսց սկսելու հարցին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ պատասխանում էր Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության մասին հարցին: Թե ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը լուռ հարցին, Փաշինյանն արձագանքեց՝ խնդրին մոտենում են Բաքվում պահվող գերիներին չվնասելու տրամաբանությամբ:
Ապա վարչապետը բացատրեց, թե ինչու է սահմանազատումը սկսվելու Տավուշից: Ըստ Փաշինյանի, այնտեղ արդեն որոշ հատվածներ արդեն սահմանազատվել են ու իրենք ցանկանում են այդ հատվածում սահմանազատումը դարձնել ամբողջական:
«Մենք այդ հատվածում ունենք մի քանի հատվածական սահմանազատում, նույն Կիրանցի հատվածում, ինչքան էլ մենք ասում ենք, Կիրանցի հատվածի մի հատվածն է սահմանազատված: Այսինքն՝ Բերքաբերից Կիրանց, էդ արանքը, Բաղանիսից դեպի Ջուջևան, էդ հատվածը, Կոթիի հատվածը սահմանազատված չեն: Հիմա մենք էնտեղ ունենք սահմանազատված հատվածներ, որոնք, այո, անվտանգության երաշխիք են: Մենք ուզում ենք այդ կտորները դարձնել ամբողջական: Դուք ասում եք՝ Ներքին Հանդ, մենք համաձայն ենք դրա հետ, բայց դա չի նշանակում, որ մենք Բերդավան կամ մյուս գյուղի բնակչի անվտանգությունը ասում ենք, չէ, էնտեղ ավելի կարևոր է, քան էնտեղ, չենք ասում», - նշեց վարչապետը:
Մհեր Գրիգորյանը չհստակեցրեց՝ Հայաստան- Վրաստան միջպետական ճանապարհն անցնելո՞ւ է Ադրբեջանի վերահսկողության տակ
Արդյոք Տավուշի մարզում առաջիկայում իրականացվելիք սահմանազատման արդյունքում Հայաստան - Վրաստան միջպետական ճանապարհը անցնելո՞ւ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցը 2 անգամ ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Վերջիս, սակայն, այդպես էլ հստակ պատասխան չտվեց։
«Պայմանավորվածությունների շրջանակները, հարցերը, որոնց շուրջ ձեռք է բերվում պայմանավորվածություն, հրապարակվում են և չեն կարող գաղտնի մնալ: Վերջին հանդիպման վերաբերյալ կա հաղորդագրություն, որտեղ արտացոլված է, թե ինչ ենք մենք պայմանավորվել: Եթե Ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն», - պատասխանեց Գրիգորյանը:
Միրզոյանն անդրադարձավ Հայաստանի - ԱՄՆ -ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանին արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ անդրադարձավ Հայաստանի - ԱՄՆ -ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին, նշեց, որ այն շատ հաջողված և լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ է, որը վերաբերում է տնտեսական համագործակցությանը, անվտանգության և պաշտպանության ոլորտներին։ Ամեն դեպքում արտգործնախարարը կոչ արեց ոչ գերագանհատել և ոչ էլ թերգնահատել այդ փաստաթուղթը։
Արարատ Միրզոյանը նաև անդրադարձավ այն քննարկումներին, որ ԱՄՆ - ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համար Մոսկվան և Թեհրանը պատժելու են Երևանին։ Արտգործնախարարը շտապեց վստահեցնել՝ մոսկովյան և թեհրանյան գործընկերների հետ շատ սերտ կապի մեջ են, շատ հարցեր կոորդինացվում են և փոխըմբռնման մթնոլորտում աշխատում։
Կրկին հորդորելով ճիշտ գնահատել Հայաստանի և ԱՄՆ -ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը՝ Արարատ Միրզոյանը շեշտեց՝ այն «ռազմական դաշինք անվանել չի կարելի, այն ընդհանրապես պայմանագիր չէ, կանոնադրություն է»։
«Տեսարանները, որ տեսանք, իհարկե, մտահոգիչ են». Փաշինյանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության մասին
«Այն տեղեկությունները, որ մենք իմացաք և տեսաք այն տեսարանները, դրանք իհարկե մտահոգիչ են, բայց նաև պետք է արձանագրենք, որ այս իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ և՛ մեր դիվանագիտական շփումներում, և՛ օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է», - խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչո՞ւ է պաշտոնական Երևանը լուռ, երբ Բաքվի բանտերում կեղեքման և խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի քաղաքացիները։
«Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի։ Էլի եմ ասում՝ մեր խնդիրը առաջին հերթին չվնասելն է: Ես հիմա կարող եմ հայտարարություններ անել, որ ձեր հայրենասիրական էմոցիները բավարարող հայտարարություն լինի, բայց այդ հայտարարության հետևանքները և ազդեցությունն էդ մարդիկ զգալու են բանտում ՝ իրենց մաշկի վրա։ Սա մենք հասկանում են, թե չենք հասկանում», - նշեց վարչապետը։