Մատչելիության հղումներ

Արտաքին հետախուզության ծառայությունը Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում


Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։ Այս մասին ասված է ծառայության «ՀՀ 2025 թվականի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ» զեկույցում: Այս կանխատեսումը, ինչպես նշված է զեկույցի նախաբանում, հիմնվում է 2023-2024 թվականների զարգացումների՝ գնահատականի վրա։

«Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում», - նշում է կառույցը։

Տարեսկզբին Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել էր ֆաշիստական պետություն, մի շարք այլ հայտարարություններ արել, այդ թվում՝ չէր շրջանցել նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի», «Զանգեզուրի» միջանցքի թեմաները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ երեք տարի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելուց հետո հայտարարել էր՝ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել:

Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած Արտաքին հետախուզության ծառայությունը իր զեկույցում միաժամանակ նկատում է՝ պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը։

«Այս համատեքստում ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է», - նշվում է զեկույցում։

Այդ խոսույթներից արտաքին հետախուզության ծառայությունն առաձնացրել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները։

Իլհամ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» «պետք է բացվի և կբացվի»:

XS
SM
MD
LG