Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի հեղինակած «Զանգեզուրի միջանցք» նախագիծը մի քանի տարվա ընթացքում դարձել է միջազգային եզրույթ և աշխարհում ընդունված արտահայտություն, ու, իհարկե, Ադրբեջանը «գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքի բացման ուղղությամբ»։ Այս մասին Ադրբեջանի նախագահը խոսել է տրանսպորտի հարցերով նիստի ընթացքում:
«Իսկապես, հայկական կողմն արդեն ավելի քան չորս տարի է՝ ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում այս հարցում և փաստացի չի կատարում նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո իր պարտավորությունները։ Այնտեղ հստակ ասված է՝ պետք է տրանսպորտային կապեր լինեն Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,- ասել է Ալիևը՝ պնդելով, թե Հայաստանը պարտավորությունները կատարելու փոխարեն «ցանկանում է խեղաթյուրել միջազգային հանրության կարծիքը՝ օգտագործելով տարատեսակ արդարացումներ, ստեղծելով տարատեսակ անիրական ու անիմաստ նախագծեր, զբաղվում մանիպուլյացիաներով»։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց ինչպես շեշտել է, «Հայաստանը պետք է կատարի իր պարտականությունները և անխափան անցում ապահովի Ադրբեջանից դեպի Ադրբեջան»:
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է՝ միջանցքային տրամաբանությունը մերժում է: Պաշտոնական Երևանը Ադրբեջանին առաջարկում է տարածաշրջանի ապաշրջափակումն իրականացնել կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ»-ի հիման վրա՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
Ադրբեջանի նախագահն, առաջին անգամ հրապարակավ մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ» տարածաշրջանային նախաձեռնությունը, հայտարարել է, որ այն «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել»։
«Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այդ նախագիծը, դուք նախ պետք է դիմեիք Ադրբեջանին, որովհետև առանց մեզ այն ընդամենը թղթի կտոր է, իսկ մեր պայմաններն արդար են, հիմնված միջազգային իրավունքի և հենց Հայաստանի ստանձնած պարտավորությունների վրա»,- պնդել է Իլհամ Ալիևը։
«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս ընդգծել էր, որ հայկական կողմն ապաշրջափակման հարցում առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը», իսկ խաղաղության պայմանագրի հարցում առաջարկել են լուծումներ և շարժվելու են այս ուղղությամբ: Ալիևի նախորդ հարցազրույցից հետո էլ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: