Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վերսկսել է Կիևին ռազմական օգնության մատակարարումներն ու հետախուզական տվյալների տրամադրումը

Լրացված

ԱՄՆ-ի ու Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Սաուդյան Արաբիայում, 11-ը մարտի, 2025թ.
ԱՄՆ-ի ու Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները Սաուդյան Արաբիայում, 11-ը մարտի, 2025թ.

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի դիվանագետների երեկվա հանդիպումից հետո Վաշինգտոնը վերսկսել է Կիևին ռազմական օգնության մատակարարումներն ու հետախուզական տվյալների տրամադրումը, որ դադարեցվել էին Սպիտակ տանը նախագահներ Թրամփի և Զելենսկու սկանդալային հանդիպումից հետո:

Ուկրաինան երեկ համաձայնել էր 30-օրյա հրադադարի առաջարկին՝ պայմանով, որ Ռուսաստանը ևս կընդունի այն, և այժմ գլխավոր հարցն այն է, թե ինչ կպատասխանի Մոսկվան։

ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել է, որ առաջիկա օրերին, գուցե այս շաբաթ, կխոսի նախագահ Պուտինի հետ, ապա հույս հայտնել, որ նա ևս կհամաձայնի:

«Ըստ իս՝ հրադադարը շատ կարևոր է: Եթե կարողանանք հասնել նրան, որ Ռուսաստանը համաձայնի, հիանալի կլինի: Եթե չկարողանանք, պատերազմը կշարունակվի, և մարդիկ կսպանվեն, շատ մարդիկ», - նշել է ԱՄՆ նախագահը:

Ռուբիոն պնդում է՝ «գնդակը Ռուսաստանի դաշտում է», Մոսկվայից դեռ հստակություն չեն մտցնում

Սաուդյան Արաբիայում երեկ կայացած բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարն ասաց, որ գնդակն արդեն Ռուսաստանի դաշտում է: Այսօր Մարկո Ռուբիոն նախ տեղեկացրել է, որ Մոսկվայի հետ կշփվեն վաղը, ապա Ռուսաստանին կոչ է արել լրջորեն մտածել մարտական գործողությունները դադարեցնելու մասին: Նաև հավելել՝ դրական պատասխանն իսկական առաջընթաց կլինի:

«Եթե պատասխանը ոչ լինի, ապա ակնհայտ է, որ պետք է վերագնահատենք մեր դիրքորոշումը գլոբալ մակարդակում և փորձենք հասկանալ նրանց իրական մտադրությունները», - նշել է Ռուբիոն:

Մոսկվայից առայժմ չեն շտապում հստակություն մտցնել: Կրեմլի խոսնակն ասել է՝ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություն չեն ստացել բանակցությունների մասին։ Առաջիկայում Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը Դմիտրի Պեսկովը չի բացառել:

«Եթե նման անհրաժեշտություն առաջանա, ապա այն շատ արագ կկազմակերպվի։ Ամերիկացիների հետ երկխոսության գոյություն ունեցող խողովակները թույլ են տալիս դա անել համեմատաբար կարճ ժամանակում», - ասել է նա:

Պեսկովը նշել է, որ ռուսական զորքը շարունակում է առաջխաղացումը Կուրսկի շրջանում՝ ետ վերցնելով տարածքները, որոնք անցած տարվա անսպասելի հարձակման ժամանակ անցել էին ուկրաինական վերահսկողության տակ: Արևմտյան լրատվամիջոցներն իրենց հերթին գրում են, որ եթե առաջխաղացման այս տեմպը պահպանվի, ապա ուկրաինական զորքը շուտով կարող է դուրս մղվել Կուրսկից:

Զելենսկի. 30-օրյա հրադադարն անհրաժեշտ է՝ խաղաղության ծրագիրը կազմելու համար

Նախագահ Զելենսկին այսօր հայտարարեց՝ 30-օրյա հրադադարն անհրաժեշտ է՝ խաղաղության ծրագիրը կազմելու համար, որի ընթացքում կարող են քննարկվել նաև անվտանգության երաշխիքները, իսկ Մոսկվան իր պատասխանով ցույց կտա, թե արդյոք ուզո՞ւմ է խաղաղություն:

«Հիմա հերթը Ռուսաստանինն է: Արդյոք ցանկանո՞ւմ է շարունակել իր ագրեսիան Ուկրաինայի դեմ, թե՞ ոչ ... Պետք է հիշել, որ ռուսներն իրենց կպահեն այնպես, ինչպես սովորաբար են անում», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նաև ասել է, որ ռազմական դրությունն Ուկրաինայում կչեղարկեն միայն պատերազմի ավարտից և խաղաղության ծրագրի բոլոր փուլերի իրականացումից հետո, որոնց համաձայն Կիևը կստանա անվտանգության երաշխիքներ։

Լավրով. Եվրոպան և Մեծ Բրիտանիան անկասկած ցանկանում են, որ պատերազմը շարունակվի

Այս ֆոնին երեկ Ֆրանսիայի նախաձեռնությամբ Փարիզում եվրոպական 30-ից ավելի երկրի բարձրաստիճան զինվորականներ քննարկել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալու և խաղաղապահներ տեղակայելու հարցը:

Մասնակիցները համաձայնել են՝ կարևոր է ստեղծել Ուկրաինային օգնել ցանկացող երկրների կոալիցիա, որն ապագայում ռուսական հնարավոր ագրեսիան զսպելու համար եվրոպական և ՆԱՏՕ-ի անդամ երկրներից կստանա աջակցություն, այդ թվում՝ ռազմական:

Ռուսաստանի արտգործնախարարը, անդրադառնալով այս հանդիպմանը, պնդել է՝ Եվրոպան և Մեծ Բրիտանիան անկասկած ցանկանում են, որ պատերազմը շարունակվի, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որին նա «Ֆյուրեր Ուրսուլա» է անվանել, ռազմականացնում է Եվրոպան՝ առաջարկելով եվրոպական երկրների խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում:

«ՆԱՏՕ-ի երկրներից զորքերի առկայությունը ուկրաինական հողի վրա ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, նույն սպառնալիքն է ինչ ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Իսկ Ֆյուրեր Ուրսուլան բոլորին մոբիլիզացնում է՝ Եվրոպան նորից ռազմականացնելու համար», - ընդգծել է Լավրովը:

Դիվանագիտական ճակատում այս զարգացումների ֆոնին Ռուսաստանն ու Ուկրաինան այս ընթացքում շարունակում են հարվածել միմյանց: Գիշերը հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայում առնվազն հինգ խաղաղ բնակիչ է սպանվել: Հարձակման է ենթարկվել նաև Օդեսայի նավահանգիստը, այդ թվում՝ հացահատիկ տեղափոխող նավ: Կիևը հայտարարել է, որ դա սպառնալիք է պարենի գլոբալ անվտանգությանը:





Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG