Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ, ասվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ:
Երկու կողմերը նաև պայմանավորվել են որքան հնարավոր է շուտ Ուկրաինայի օգտակար հանածոների մասին համաձայնագիրը ստորագրել։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ը կվերսկսի հետախուզական տվյալների տրամադրումը Կիևին, ինչպես նաև կվերսկսի ռազմական օգնությունն Ուկրաինային։
«Ուկրաինացիները պատրաստ են դադարեցնել մարտերը, նրանք պատրաստ են դադարեցնել կրակոցները, նրանք պատրաստ են նստել սեղանի շուրջ», - լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Պետդեպարտամենտի ղեկավարը նշել է նաև, որ առաջարկները կփոխանցի Ռուսաստանին և որ այժմ գնդակը Մոսկվայի դաշտում է:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն էլ լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ և ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների միջև ուկրաինական պատերազմի վերաբերյալ բանակցությունները դրական և արդյունավետ են եղել։
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը բանակցություններ են վարում ուկրաինացիների հետ և շուտով կներկայացնեն բանակցությունների մասին։
«Բայց ես կարող եմ հավաստիացնել ձեզ, այստեղ բոլորին և Ամերիկայի ժողովրդին, որ այն լուրերը, որոնք մենք ողջ օրվա ընթացքում ստացել ենք այդ հանդիպումից, և նախագահին տեղեկացվել է, դրական են: Այս հանդիպումը արդյունավետ է եղել», - ասել է Սպիտակ տան խոսնակը։