Կրեմլն առայժմ չի մեկնաբանում ռուս-ուկրաինական ճակատում 30-օրյա հրադադարի վերաբերյալ առաջարկը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ Միացյալ Նահանգներից չեն ստացել մանրամասն տեղեկատվություն Ջիդդայում անցկացված ամերիկա-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ։
«Երեկ լրատվամիջոցների հետ շփվելիս, Ռուբիոն ու Ուոլցը հայտարարեցին, որ մեզ տեղեկատվություն կտան տարբեր խողովակներով, նախ մենք այդ ամենը պետք է դեռ ստանանք», - հայտարարել է Պեսկովը, հավելել, որ առաջիկա օրերին շփումներ կլինեն ամերիկյան կողմի հետ։
Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցություններից հետո Վաշինգտոնն ու Կիևը համատեղ հայտարեցին, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։
Ի պատասխան՝ Վաշինգտոնը խոստացել է Կիևին անհապաղ վերացնել հետախուզական տվյալների փոխանակման արգելքը և վերականգնել ռազմական օգնությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ԱՄՆ պատվիրակներն Ուկրաինայի հարցով «այսօր կամ վաղը» կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։