Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հետ Եվրոպայի 75-ամյա դաշինքը փլուզվում է. Reuters


ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների սկանդալային հանդիպումը Սպիտակ տան Օվալաձև սենյակում, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2025թ.
ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների սկանդալային հանդիպումը Սպիտակ տան Օվալաձև սենյակում, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2025թ.

«Եվրոպայից պահանջվեց ընդամենը երեք շաբաթ և մեկ աղմկահարույց բանավեճ Օվալաձև գրասենյակում՝ հասկանալու, որ ԱՄՆ-ի հետ 75-ամյա դաշինքը փլուզվում է», - հաղորդում է Reuters-ը, որն այս եզրակացությանը հանգել է՝ զրուցելով ավելի քան երկու տասնյակ եվրոպացի ու ամերիկացի դիվանագետների հետ։ Եվրոպական կողմից գործակալությանը փոխանցել են՝ տրանսատլանտյան հարաբերություններում խզումը առաջին անգամ շոշափելի դարձավ անցած փետրվարին, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը որոշեց դաշնակիցների գլխին դասախոսություն կարդալ մի հարթակից, որտեղ որպես կանոն Նահանգներն ու եվրոպացիները իրենց սերտ համագործակցությունն էին ի ցույց դնում։

Փետրվարի 14

Մյունխենի Անվտանգության համաժողովում այս տարի բոլորն էին սպասում Միացյալ Նահանգների նոր վարչակազմին, որն իշխանության գալուց առաջ խոստացել էր կարճ ժամանակում խաղաղություն բերել Ուկրաինային։ Եվրոպացիները հույս ունեին, որ ամերիկյան պատվիրակությունը կմանրամասնի՝ ինչպես է նախագահը Թրամփը դա պատկերացնում։ Եվրոպացիները պատրաստ էին նաև ամերիկյան կողմից կշտամբանքներ լսել ռազմական ծախսերն ավելացնելու, ՆԱՏՕ-ի բեռը հավասարաչափ կիսելու անհրաժեշտության մասին։ Բայց որևէ մեկը պատրաստ չէր նրան, ինչ տեղի ունեցավ.

«Եվրոպային սպառնացող վտանգը, որն ինձ ամենից շատն է անհանգստացնում,կապ չունի ոչ Ռուսաստանի, ոչ Չինաստանի, ոչ էլ այլ՝ արտաքին ուժի հետ։ Ինձ ամենից շատ անհանգստացնում է ներքին սպառնալիքը՝ Եվրոպայի նահանջը իր որոշ հիմնարար արժեքներից, արժեքներ, որ համընդհանուր էին Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ելույթ է ունենում Մյունխենի Անվտանգության համաժողովում, 14-ը փետրվարի, 2025թ.
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ելույթ է ունենում Մյունխենի Անվտանգության համաժողովում, 14-ը փետրվարի, 2025թ.

Աղմկահարույց այս ելույթի երեկոյան փոխնախագահ Վենսը և ամերիկյան պատվիրակության մյուս անդամները նստել են բանակցությունների Ուկրաինայի նախագահի և նրա խորհրդականների հետ։ Ուկրաինացիները, ըստ Reuters-ի, ամերիկյան կողմից պահանջել են անվտանգության երաշխիքներ։ Ամերիկացիները՝ որ Զելենսկին համաձայնի հանածոների գործարքին։ Արդյունքում ընդհանուր հայտարարի չեն եկել, երկու կողմն էլ հեռացել են դժգոհ՝ ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների։

Ժամեր անց հաղորդվեց` Ամերիկան տարանջատ բանակցություններ է նախաձեռնել ռուսների հետ Սաուդյան Արաբիայում։ Այս լուրից, ըստ Reuters-ի,եվրոպացիներն այնքան են մտահոգվել, որ որոշել են հաջորդ օրն իսկ բարձր մակարդակով արտահերթ հավաք նախաձեռնել Փարիզում։

Փետրվարի 17


Ֆրանսիայի նախաձեռնած առաջին հավաքին մասնակցում էին եվրոպացի ութ առաջնորդներ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Հանդիպումից առաջ հաղորդվեց, որ Ֆրանսիայի նախագահը 20-րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Reuters-ը պարզել է, որ Միացյալ Նահանգների նախագահը դրանից առաջ ու հետո էլ հաճախակի է զանգահարել Ֆրանսիայի առաջնորդին և հարցեր տվել Ուկրաինայի մասին։ «Թրամփը հազվադեպ է համաձայնում Մակրոնի հետ, սակայն Մակրոնի համոզմունքն այն է, որ պետք է խոսել Թրամփի հետ որքան հնարավոր է շատ», - ասել է ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը՝ անանուն մնալու պայմանով։

Հավաքից առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետը հոդված էր հրապարակել՝ ընդգծելով, որ Լոնդոնը պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա՝ խաղաղապահ առաքելության։ Reuters-ը, սակայն, պարզել է, որ այդ երեկո հավաքին հրավիրված եվրոպացի առաջնորդներից որևէ մեկը խաղաղապահների առաջարկը չի պաշտպանել։

Իտալիայի վարչապետը, որ Թրամփի երդմնակալությանը հրավիրված եվրոպացի միակ առաջնորդն էր, Ելիսեյան պալատ ժամանել է մեկ ժամ ուշացումով, դուրս գալիս ոչինչ չի ասել, բայց ավելի ուշ իտալական լրատվամիջոցներին փոխանցել է, թե ինքը դեմ է եղել «հակաթրամփական» տպավորություն թողած հավաքին:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ևս նախատեսվածից շուտ է հեռացել՝ հայտարարելով, թե այդ պահին խիստ անժամկետ ու սխալ է քննարկել Ուկրաինայում զորք տեղակայելու հարցը։
«Ինձ նույնիսկ մի փոքր նյարդայնացնում են այս բանավեճերը, մարդիկ խոսում են չկայացած խաղաղ բանակցությունների արդյունքների մասին, որոնց Ուկրաինան այո չի ասել և չի նստել սեղանի շուրջ։ Սա, անկեղծ ասած, խիստ անտեղի է, վաղաժամ և սխալ», - ասել է Շոլցը:

Փետրվարի 18

Ռիյադում ամերիկացի ու ռուս պատվիրակները չորսուկես ժամ քննարկեցին ուկրաինական պատերազմը՝ առանց ուկրաինացիների։ Բայդենի կարգախոսը՝ ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի, մնաց անցյալում։ Զելենսկին դժգոհությունն ի ցույց դրեց առանց դիվանագիտական մեղմասացությունների.

«Կարող եք խոսել ինչից ուզեք, բայց ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց Ուկրաինայի՝ Ուկրաինայի պատերազմը կանգնեցնելու մասին։ Մեզ չեն հրավիրել Սաուդյան Արաբիա՝ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հանդիպմանը, ինչն անսպասելի էր մեզ ու շատերի համար»։

Միացյալ Նահանգների նախագահի արձագանքը կրկին ցնցեց ուկրաինացիներին, և ոչ միայն։ Դոնալդ Թրամփը պատերազմը սկսելու պատասխանատվությունն անուղղակիորեն վերցրեց Ռուսաստանի ուսերից՝ կշտամբելով Ուկրաինայի առաջնորդին.

«Այսօր լսեցի՝ նրանք դժգոհում են, թե իրենց չեն հրավիրել։ Ինչ ասեմ, դուք այնտեղ էիք երեք տարի։ Դուք երբեք չպետք է սկսեիք դա, դուք գործարք պետք է կնքեիք»։

Փետրվարի 19

Քիթ Քելլոգը՝ Միացյալ Նահանգների նախագահի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնացը, ժամանեց Կիև՝ առաջ տանելու բնական հանածոների համաձայնագիրը և լսելու Զելենսկու մտահոգությունները։ Հանդիպման ավարտին, սակայն, ամերիկյան կողմը հրաժարվեց նախապես հայտարարված ասուլիսից՝ ակնհայտ դարձնելով, որ ինչ-որ բան այն չէ։ Ամերիկացի և ուկրաինացի դիվանագետներն ավելի ուշ Reuters-ին ասել են՝ բանակցությունները տապալվել են, քանի որ ուկրաինական կողմն ականջալուր չի եղել գործարքն անմիջապես կնքելու՝ Քելլոգի հորդորներին և փորձել է նրան շրջանցելով այլ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Զելենսկու խորհրդականը՝ Անդրեյ Երմակը, մասնավորապես, նախաձեռնել է շփումներ Միացյալ Նահանգների Առևտրի դեպարտամենտի ղեկավար Հովարդ Լյուտնիկի հետ և խնդրել Թրամփի հետ առանձին հանդիպում կազմակերպել։ Մի շարք ամերիկացի պաշտոնյաներ Reuters-ին ասել են, որ դա Թրամփի վարչակազմի պաշտոնյաներին իրար դեմ հանելու Երմակի առաջին փորձը չի եղել, ինչն ավելի է խորացրել հիասթափությունները Վաշինգտոնում։ Երմակը, մինչդեռ, Reuters-ին ասել է, թե ինքն առաջարկել է Նահանգների առևտրի նախարարին ևս ներառել բանակցություններում՝ «քննարկումների շրջանակն ընդլայնելու և դրանք ավելի արդյունավետ դարձնելու նպատակով»։

Փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի հարձակման երրորդ տարելիցին, եվրոպացի առաջնորդները մեկնեցին Կիև, այնտեղ էր նաև Կանադայի վարչապետը, բայց ոչ ոք չկար Միացյալ Նահանգներից։ Նույն օրը ՄԱԿ-ում քննարկման դրվեց Ուկրաինայի ու Եվրամիության հեղինակած նախագիծը, որը պահանջում էր Ռուսաստանից դուրս բերել զորքերն Ուկրաինայից ու դադարեցնել բռնությունները։ Ըստ Reuters-ի, Թրամփի վարչակազմը նախ հորդորել է Կիևին ու Բրյուսելին ետ կանչել այդ նախագիծը, հետո, երբ դա չի հաջողել, շրջանառության մեջ է դրել սեփական բանաձևը, որը պատերազմի փոխարեն օգտագործում է հակամարտություն բառը և հորդորում հասնել «Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև տևական խաղաղության»։ Բացի այդ, ըստ Reuters-ի, Վաշինգտոնը նամակ է ուղարկել տասնյակ երկրների մայրաքաղաքներ, գրելով՝ «Մենք պատրաստվում ենք դեմ քվեարկել Ուկրաինայի նախագծին և առաջ ենք տանում պարզ մի տեքստ, որին, համոզված ենք, ՄԱԿ անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ Ուկրաինան ու Ռուսաստանը, կարող են համաձայնել»։

Չնայած այս հորդորին, ուկրաինական նախագիծն ընդունվեց՝ ձայների 93 կողմ, 65 ձեռնպահ, 18 դեմ հարաբերակցությամբ։ Վաշինգտոնը դրան դեմ քվեարկողների շարքում էր՝ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի ու Իսրայելի հետ։

Անվտանգության խորհուրդն իր հերթին ընդունեց Միացյալ Նահանգների առաջարկած բանաձևը, դրան կողմ քվեարկեցին տասը երկրներ, այդ թվում՝ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանը։ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Հունաստանն ու Սլովակիան ձեռնպահ էին մնացել։ Եթե Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկը կիրառեր վետոյի իր իրավունքը, ամերիկյան բանաձևը կտապալվեր։ Ըստ Reuters-ի աղբյուրների, Վաշինգտոն մեկնելուց առաջ Ֆրանսիայի նախագահը մտադիր է եղել հենց այս հարցը խաղարկել, եթե Թրամփի հետ հանդիպումը վատ ավարտվեր։

Մեկը մյուսին հաջորդած այս զարգացումների կուլմինացիան դարձավ փետրվարի 28-ի՝ Օվալաձև սենյակի հանդիպումը։ Ըստ Reuters-ի, բանակցություններից առաջ դեռ Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Քիթ Քելլոգը և Ուկրաինայի աջակից, կոնգրեսական Լինդսի Գրահամը օրեր շարունակ զգուշացրել են Ուկրաինայի նախագահին զինվորական համազգեստի փոխարեն պաշտոնական հանդերձանքով գալ Սպիտակ տուն։ Եվ թերևս պատահական չէր, որ Դոնալդ Թրամփի առաջին ակնարկն այդ օրը հենց այդ թեմայով էր. - «Բոլորդ այսօր ավելի պատշաճ եք հագնված»:

Օվալաձև սենյակում, երբ Թրամփը ձայն տվեց լրագրողներին, առաջին հարցը կրկին այդ մասին էր՝ «ինչո՞ւ պատշաճ չեք հագնվել, բաճկոն չունե՞ք»։ Այդ պահից կրքերը սկսեցին թեժանալ անկանխատեսելի արագությամբ, րոպեներ անց արդեն առաջնորդները բղավում էին իրար վրա՝ տեսախցիկների առաջ.

«Դուք երրորդ համաշխարհային պատերազմի հետ եք խաղում, այն, ինչ անում եք, անհարգալից է այս երկրի հետ, որն օգնել է ձեզ ավելի, քան շատերի համոզմամբ պետք է աներ»:

Ուկրաինայի առաջնորդը, որ մինչ այդ միայն հոտնկայս ու որոտընդոստ ծափահարությունների էր արժանանում, ստիպված էր արագորեն հեռանալ Սպիտակ տնից։ Նրա պատվին տրված ընթրիքն այդպես էլ մնաց սեղանին, հաղորդում է Reuters-ը։ Օրեր անց նախագահ Թրամփը նախ սառեցրեց ամերիկյան զենքի մատակարարումն Ուկրաինային, հետո՝ նաև հետախուզական տվյալների տրամադրումը՝ Եվրոպայի խոցելիությունը դարձնելով առավել շոշափելի:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG