Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում, ԱՄՆ և Ուկրաինայի դիվանագետներն ավելի քան 4 ժամ է՝ քննարկում են ժամանակավոր հրադադարի և խաղաղության համաձայնագրի նախագծերը: Մոտ երեք ժամ բանակցելուց հետո կողմերը կարճ ընդմիջում են վերցրել, ապա շարունակել հանդիպումը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասել է, որ բանակցություններում առաջընթաց կա: «Առաջ ենք շարժվում», - ասել է Մայք Ուոլցը:
Սա կողմերի առաջին հանդիպումն է օրեր առաջ Սպիտակ տանը նախագահներ Զելենսկու և Թրամփի սկանդալային վեճից հետո, ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ուկրաինականը՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, որը սոցցանցում գրել է, որ հանդիպումը սկսվել է շատ կառուցողական մթնոլորտում:
Բանակցությունների ֆոնին Մոսկվան ու Կիևը հաղորդում են ԱԹՍ զանգվածային հարձակումների մասին
Հանդիպումից ժամեր առաջ ուկրաինական կողմն անօդաչուներով հարձակվել է Մոսկվայի մարզի և այլ շրջանների վրա: Ըստ ռուսական կողմի՝ պատերազմի սկսվելուց ի վեր սա ամենալայնամասշտաբ հարձակումն է, որի հետևանքով սպանվել է երկու մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել, Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել: Ռուսական կողմը ևս անօդաչուներով հարվածել է ուկրաինական տարբեր շրջանների:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հարձակումները կարող են լրջորեն վնասել Ուկրաինայի հետ ընթացող երկխոսությանը:
Արտգործնախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով Ջիդդայի հանդիպմանը, ասել է, թե այս ամենը լուրջ չէ, քանի որ, ըստ նրա, Զելենսկին չի ձգտում խաղաղության, քանի դեռ ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ չի ստացել:
«Պարոն Զելենսկին հրապարակավ հայտարարում է, որ չի ցանկանում հրադադար, քանի դեռ ամերիկացիները նրան երաշխիքներ չեն տվել, որ անհրաժեշտության դեպքում միջուկային հարված կհասցնեն Ռուսաստանին։ Նա մոտավորապես հենց այդպես է հարցը դնում», - ասել է Լավրովը:
Ուկրաինան «ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ»
Հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարը երեկ ասել է, որ ցանկանում են լսել ուկրաինական կողմին և հասկանալ, թե նրանք ինչ զիջումների են պատրաստ: Մինչ այդ, սակայն, Ռուբիոն New York Times-ի հետ զրույցում ընդգծել է՝ պատերազմին վերջ դնելու ցանկացած գործարքի շրջանակում Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ:
«Կարծում եմ՝ ռուսները չեն կարող գրավել ողջ Ուկրաինան, և ակնհայտ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքեր», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Սակայն միայն Ուկրաինան չէ, որ պետք է զիջումների գնա. հրադադար կնքելու համար դա պետք է անեն երկու կողմերը, նշել է Ռուբիոն:
Ուկրաինական օգտակար հանածոների համատեղ շահագործման գործարքը ևս սեղանին է, սակայն դա այս հանդիպման օրակարգի ամենագլխավոր հարցը չէ, ասել է ԱՄՆ գլխավոր դիվանագետը՝ հավելելով՝ Վաշինգտոնը ցանկանում է ստորագրել ոչ թե փոխըմբռնման հուշագիր, այլ կոնկրետ համաձայնագիր, իսկ դրա համար ավելի շատ ժամանակ է հարկավոր:
Ջիդդայի հանդիպմանը զուգահեռ Կիևում բողոքի ցույց է անցկացվել: Մասնակիցները պահանջել են ազատ արձակել բոլոր գերիներին՝ պնդելով, որ դա պետք է նախապայման լինի խաղաղության ցանկացած պայմանագրի կնքման համար:
Ռուսաստանը հայտարարում է, թե վերջին օրերին Կուրսկի շրջանում իր զորքերը շարունակում են առաջխաղացումը
Ամերիկա-ուկրաինական բանակցություններին զուգահեռ Ռուսաստանը հայտարարում է, թե վերջին օրերին Կուրսկի շրջանում իր զորքերը շարունակում են առաջխաղացումը և հետ են վերցրել մի քանի բնակավայր, գրավել նորերը: Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ դրանով Մոսկվան ցանկանում է Կիևին զրկել բանակցությունների ժամանակ այդ տարածքների հաշվին սակարկումներ անելու հնարավորությունից: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հաստատել է, որ նահանջում են ճակատի այս հավածում:
Այս ֆոնին այսօր Փարիզում սպասվում է եվրոպական երկրների բարձրաստիճան զինվորականների հանդիպումը՝ քննարկելու Ուկրաինայում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը և այն, թե եվրոպական երկրները կոնկրետ ինչով կարող են նպաստել:
Անդրադառնալով խաղաղապահների հարցին՝ Լավրովն ասել է՝ դա նման է «Կիևի ռեժիմի մնացորդներին ժողովրդի զայրույթից պաշտպանելու փորձի»։