Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները բավականին ինտենսիվ են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պարզաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին տեղեկությունները։
«Ներկա փուլում ԱՄՆ-ի հետ երկկողմ շփումները բավականին ինտենսիվ են: Դրանց մակարդակն ու ձևաչափը հաճախ շատ արագ աշխատանքային ռեժիմով համաձայնեցվում են», - ասել է դիվանագետը՝ խոստանալով որևէ զարգացման դեպքում տեղեկացնել։
Նախօրեին Axios-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հայտնել էր, որ Ուիթքոֆը ծրագրում է մարտի 13-ին ժամանել Մոսկվա՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրել է նաև Bloomberg-ը։
Ուիթքոֆը փետրվարի սկզբին Մոսկվայում էր՝ բանակցելու բժշկական մարիխուանա պահելու համար դատապարտված ամերիկացի Մարկ Ֆոգելի փոխանակման շուրջ։ Նա Վաշինգտոն վերադարձավ Ֆոգելի հետ միասին։
Սթիվ Ուիթքոֆը Էր-Ռիյադում մասնակցել է նաև ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններին, իսկ այսօր նա Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում է՝ մասնակցելու Ամերիկայի և Ուկրաինայի ներկայացուցիչների՝ այսօր նախատեսված բանակցություններին։