Իրանը չի ողջունում էսկալացիան տարածաշրջանում, սակայն եթե Իսրայելի ռեժիմն արկածախնդրություն է փնտրում, ապա Իրանի հաջորդ պատասխանը կլինի «անհապաղ, ավելի ուժեղ և ավելի ընդգրկուն», երեկ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Իրանցի դիվանագետը շեշտել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամերը բխում են «Իսրայելի օկուպացիոն ռեժիմի կործանարար դերից»։
Քեմերոնն իր հերթին մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ, մասնավորապես, Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածներից հետո։
Վերջին վեց ամսվա ընթացքում մի քանի հազար տոննա ռումբեր են նետվում Գազայի ճնշված ժողովրդի վրա, սակայն Բրիտանիան անհանգստացած է Իրանի պատասխանից Իսրայելի հարձակմանը, հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ հարցնելով՝ «ի՞նչ է շահում բրիտանական կառավարությունը Իսրայելին այսքան անպատասխանատու աջակցությունից»։
Քեմերոնը շեշտել է, որ Բրիտանիան շուրջօրյա ռեժիմով աշխատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վերջին քննարկմանը՝ Գազայում հրադադար հաստատելու և գերիների փոխանակման համար:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը պնդել է՝ Իրանի ռազմական գործողությունն Իսրայելի դեմ անհանգստացնող են և մեծացրել է տարածաշրջանային լարվածությունը՝ շեշտելով՝ Լոնդոնը կխնդրի Թել Ավիվին որևէ քայլ չանել, քանի որ «չի ցանկանում տեղի ունեցածի կրկնությունը շատ ավելի լայն ձևով»։
Քեմերոնը նաև X-ում է գրառում կատարել՝ նշելով, որ Աբդոլահիանի հետ հեռախոսազրույցում պաշտոնապես խստորեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և հասկացրել, որ Իրանը պետք է դադարեցնի այս անխոհեմ հարձակումները և թուլացնի լարվածությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Աբդոլահիանն ու Քեմերոնն ընդգծել են Թեհրանի և Լոնդոնի միջև խորհրդակցությունների շարունակականության կարևորությունը։