Իրանը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց 99 տոկոսը խոցվել է, կիրակի օրը հայտնել են իսրայելյան զինվորականները։
Իսրայելի բանակի խոսնակ, ծովակալ Դանիել Հագարին նշել է, որ զինված ուժերը շարունակում են լիարժեք գործել և քննարկում են հետագա տարբերակները։
Հեռուստատեսային ճեպազրույցում գլխավոր ռազմական խոսնակը Իրանի գործողությունները շատ լուրջ է որակել՝ շեշտելով՝ դրանք «տարածաշրջանը մղում են էսկալացիայի»:
- Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-ներով հարձակվել է Իսրայելի վրա։
- Թեհրանը պնդում է՝ Իրանի հարվածն ինքնապաշտպանություն է՝ նախատեսված ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
- Իրանը նախազգուշացրել էր, որ Իսրայելը «կպատժվի» ապրիլի 1-ին Դամասկոսում իր հյուպատոսությանը հարվածելու համար, որի հետևանքով զոհվել են Հեղափոխության կորպուսի յոթ պահապաններ, այդ թվում՝ երկու գեներալ։
- Անցած հոկտեմբերից Իսրայելի և ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Իրանը խուսափում էր Իսրայելի հետ ուղիղ առճակատումից, սակայն Դամասկոսի հարձակումը սրեց իրավիճակը։
- Իսրայելը այդ հարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, թեև մինչ այդ ընդունել էր, որ վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ըստ նրա, կապված են Իրանի հետ:
- Նախագահ Բայդենը խոստացել էր «երկաթե» աջակցություն» տրամադրել Իսրայելին հարվածի դեպքում։