Իրանական կողմի նախաձեռնությամբ երեկ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Ռուսական կողմի հաղորդմամբ, ուշադրության կենտրոնում էր Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ Աբդոլլահիանը Լավրովին տեղեկացրել է Թեհրանի ձեռնարկած միջոցառումների մասին, որոնք պատասխանն էին ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի, որի հետևանքով իրանցի պաշտոնյաներ են զոհվել։
Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը և նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի, իսկ նման սցենարների կանխարգելումը և դրանց արմատական պատճառների վերացումը պետք է լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ առաջնահերթ ուշադրության առարկան։
Կողմերի վերահաստատել են Գազայի հատվածում անհապաղ զինադադարի ու ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը։
Իրանը շաբաթ ուշ երեկոյան ԱԹՍ-ներով հարձակում էրսկսել Իսրայելի ուղղությամբ։
- Իրանը նախազգուշացրել էր, որ Իսրայելը «կպատժվի» ապրիլի 1-ի Դամասկոսում իր հյուպատոսությանը հարվածելու համար, որի հետևանքով զոհվել են Հեղափոխության կորպուսի յոթ պահապաններ, այդ թվում՝ երկու գեներալ։
- Անցած հոկտեմբերից Իսրայելի և «Համաս»-ի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Իրանը խուսափում էր Իսրայելի հետ ուղիղ առճակատումից, սակայն Դամասկոսի հարձակումը սրեց իրավիճակը։
- Իսրայելը այդ հարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, թեև մինչ այդ ընդունել էր, վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ըստ նրա, կապված են Իրանի հետ:
- Նախագահ Բայդենը խոստացել էր «երկաթե» աջակցություն» տրամադրել Իսրայելին Իրանի կողմից հարվածի դեպքում։
- Հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ օգնել են Իսրայելին խոցել գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները։
- Երեկ նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին են հեռախոսքվ քննարկել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։