Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և դաշնակիցները հարվածներ հասցրեցին Եմենում հութիների դիրքերին


Այս գիշեր Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հարձակվել են Եմենում իրանամետ հութիների մարտական դիրքերի վրա։ Հութիները վերջին մեկուկես ամսում բազմիցս հարձակումներ են գործել Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։
Սպիտակ տան պնդմամբ՝ հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավից։ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ ղեկավարության անանուն ներկայացուցչին, հաղորդել է, որ ի թիվս այլ զինատեսակների կիրառվել են Tomahawk թևավոր հրթիռներ:

Ինչպես ընդգծել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հայտարարության մեջ, այս քայլը նպատակ ունի ցույց տալ, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները «չեն հանդուրժի» Իրանի աջակցությունը վայելող ապստամբների խմբավորման հարձակումների աճը:

«Այս հարվածներն ուղղակի պատասխան են հութիների աննախադեպ հարձակումներին Կարմիր ծովում միջազգային նավերի վրա, ներառյալ՝ պատմության մեջ առաջին անգամ հականավային բալիստիկ հրթիռների կիրառումը», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը։

Կարմիր ծովում հութիների հարձակումները, ըստ Բայդենի, սպառնում են նավարկության ազատությանը «աշխարհի ամենակարևոր ջրային ուղիներից մեկում» և ռիսկեր են պարունակում քաղաքացիական տրանսպորտի, ինչպես նաև ամերիկյան անձնակազմի համար: Սպիտակ տան ղեկավարը հութիների հարձակումներն անվանել է «աննախադեպ»։

Սպիտակ տունը նաև հայտարարություն է տարածել Կարմիր ծովում նավարկության ազատության պաշտպանության համար ստեղծված երկրների կոալիցիայի անունից, որի կազմում են Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան, Դանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Կորեայի Հանրապետությունը, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները։

Կոալիցիան հութիների դեմ գործողություններն անվանում է ինքնապաշտպանություն: Նշվում է, որ հութիները հարձակվել են ոչ միայն քաղաքացիական նավերի վրա, այլև փորձել են գրոհել դաշնակիցների ռազմանավերը։

Իրանն անմիջապես դատապարտել է կոալիցիայի գործողությունը։ «Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական հարձակումները Եմենի քաղաքների վրա», - ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը՝ միջադեպն անվանելով Եմենի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում։ Միաժամանակ, Թեհրանն ընդգծել է, որ նման գործողությունները միայն կնպաստեն լարվածությանը տարածաշրջանում։

Մոսկվան, որը սերտ կապեր է պահպանում Թեհրանի հետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը «կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Եմենի վրա հարձակումը»։

«Մենք խստորեն դատապարտում ենք Միացյալ Նահանգների և դաշնակիցների այդ անպատասխանատու գործողությունները», - հայտարարել է Զախարովան։

Եմենում հութիների դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները դատապարտել է նաև Թուրքիայի նախագահը՝ դրանք անվանելով սպառնալիքին անհամաչափ։ Նրա կարծիքով՝ արևմտյան երկրները ցանկանում են Կարմիր ծովը դարձնել արյան ծով։ Ռեջեփ Էրդողանը հավելել է, որ իր տեղեկություններով՝ հութիները «հաջող պաշտպանություն են իրականացնում»։

Հութիներն իրենց հերթին այդ հարվածներն անվանել են չարդարացված՝ ընդգծելով, որ իրենց խումբը կշարունակի հարձակումները դեպի Իսրայել մեկնող նավերի վրա։ Հութիների առաջնորդ Աբդուլ-Մալիք ալ-Հութին ասել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում «անպատասխան չի մնա»:

«Եվ պատասխանը կլինի ոչ միայն ամերիկացիներին ուղղված վերջին գործողության մակարդակով՝ ծովում 24-ից ավելի անօդաչու թռչող սարքերով և մի քանի հրթիռներով, արձագանքը դրանից ավելի մեծ կլինի և դրանից ավելին», - հայտարարել է ալ-Հութին։

Հութիները, որոնք վերահսկում են Եմենի հյուսիսային մասը՝ ներառյալ ծովի ափի մի մասը, ավելի վաղ հայտարարել էին, որ միանում են Իսրայելի դեմ պատերազմին և կրակելու են այդ երկիր կամ այնտեղից գնացող ցանկացած նավի, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող նավերի վրա։ Հութիներն այդպիսով աջակցություն են ցուցաբերում «Համաս»-ին. պաղեստինյան այս խմբավորումը ճանաչված է որպես ահաբեկչական ԱՄՆ-ում և Եվրամիությունում։

Հութիների ստեղծած կառավարությունը չի ճանաչում աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ Ռուսաստանը։

Վերջին օրերին Կարմիր ծովում գնդակոծություններ են տեղի ունենում գրեթե ամեն օր։ Միաժամանակ, հարձակման են ենթարկվում այն նավերը, որոնք կապ չունեն Իսրայելի հետ։ Հրթիռակոծությունն արդեն իսկ խաթարել է միջազգային առևտուրը Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային ուղու վրա: Տարբեր նավագնացային ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը տարածաշրջանում՝ նավեր ուղարկելով Աֆրիկայի շուրջ երթուղիներով:

XS
SM
MD
LG