ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ օրակարգում Իրանի կողմից Իսրայելի վրա բացահայտ և աննախադեպ հարձակումն էր:
ԱՄՆ կողմի հաղորդմամբ, Բլինքենը շնորհակալություն է հայտնել Ֆիդանին տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ նրա շարունակական ներգրավվածության համար:
Պետքարտուղարը վերահաստատել է Իսրայելի անվտանգության հանդեպ Ամերիկայի «երկաթյա» հանձնառությունը՝ ընդգծելով՝ Վաշինգտոնը զգոն է բոլոր սպառնալիքների նկատմամբ և չի վարանի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ «մեր ժողովրդին պաշտպանելու համար»։
Anadolu փոխանցմամբ, Ֆիդանն իր հերթին, ընդգծել է, որ որ Իսրայելի և Իրանի հակամարտության հիմքում Գազայի պատերազմն է, և որ անհրաժեշտ է զինադադար, հակառակ դեպքում ճգնաժամը կշարունակի սրվել։
Թուրքիայի արտգործնախարարն ամերիկացի իր գործընկերոջ հետ զրույցում նաև շեշտել է, որ Անկարան անհանգստացած է տարածաշրջանում ճգնաժամի էսկալացիայի և տարածման հնարավորությամբ՝ նշելով՝ Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ճիշտ ազդակներ ուղարկեն՝ կանխելու լարվածության աճը։
Իրանը շաբաթ ուշ երեկոյան ԱԹՍ-ներով հարձակում էրսկսել Իսրայելի ուղղությամբ։
- Իրանը նախազգուշացրել էր, որ Իսրայելը «կպատժվի» ապրիլի 1-ի Դամասկոսում իր հյուպատոսությանը հարվածելու համար, որի հետևանքով զոհվել են Հեղափոխության կորպուսի յոթ պահապաններ, այդ թվում՝ երկու գեներալ։
- Անցած հոկտեմբերից Իսրայելի և «Համաս»-ի միջև շարունակվող հակամարտության ընթացքում Իրանը խուսափում էր Իսրայելի հետ ուղիղ առճակատումից, սակայն Դամասկոսի հարձակումը սրեց իրավիճակը։
- Իսրայելը այդ հարվածի պատասխանատվությունը չի ստանձնել, թեև մինչ այդ ընդունել էր, վերջին տարիներին հարյուրավոր հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող այն օբյեկտներին, որոնք, ըստ նրա, կապված են Իրանի հետ:
- Նախագահ Բայդենը խոստացել էր «երկաթե» աջակցություն» տրամադրել Իսրայելին Իրանի կողմից հարվածի դեպքում։
- Հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ օգնել են Իսրայելին խոցել գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները։