Կոթեցի Սպարտակ Խաչիկյանը հատուկենտներից է, որ հայ-ադրբեջանական սահմանին շինություն է կառուցել ու բիզնես դրել։ Հյուրատուն-խորտկարան է հիմնել Բաղանիսում՝ դեպի Իջևան գնացող մայրուղու վրա։ Բայց սահմանը ռիսկային տեղանք համարելով բանկերը վարկեր չեն տվել, նույնիսկ մերժել են սեփական մեծ տունը գրավ վերցնել։ Բիզնեսն այդպես էլ չի ծաղկել։
«Էկոնոմիկայի նախարարություն էլ ենք գնացել՝ խմբով ենք գնացել, որ խնդիրներ ունենք։ Մեզ կառավարության ծրագրով՝ կորոնավիրուսի, որ գնացել ենք, ասել են՝ «այ էս որոշումով գումար վերցրեք, ձեր ծրագրերը շարունակեք»։ Բերել ենք տվել բանկին, բանկն ասում է՝ «Երևան պատի տակին որոշում են կայացրել, գնացեք իրենցից վերցրեք», չեն տվել», - «Ազատության»-ը փոխանցեց Սպարտակ Խաչիկյանը։
«Բաղանիսից մինչև Կիրանց, ոչ մի բիզնես չեմ տեսել»
Վերջերս վարչապետն էր խորհրդարանում հայտարարել, թե սահմանին՝ Բաղանիսից մինչև Կիրանց, ոչ մի բիզնես չի տեսել։
«Ես հարց եմ տալիս՝ Կիրանցից մինչև Բաղանիս միջպետական ճանապարհի վրա, ինչի՞ ոչ մի խանութ չկա, ոչ մի հատ, ոչ մի հատ ռեստորան չկա, ոչ մի հատ հյուրատուն չկա։ Դա կարա մի բացատրություն ունենա՝ էն պրոբլեմը, որ մենք էսօր քննարկում ենք, էդ մարդիկ էդ պրոբլեմը գիտեն, անկախ նրանից՝ ով դրա մասին բարձր խոսում է և ով դրա մասին բարձր չի խոսում», - հայտարարեց վարչապետը։
Գործարարն արձագանքում ու հակադարձում է վարչապետին
Բաղանիսում բիզնես հիմնած Խաչիկյանն արձագանքում է․ - «Միշտ մտածել են, որ մի օր մի վտանգավոր բան կլինի, կրակոց կլինի, շարժ կլինի, կտուժեն, այ դրա համար չեն սարքել»։
Նա նաև հակադարձում է Փաշինյանին՝ արտագաղթն ու զարգացման սակավ հնարավորություններն անգամ սահմանի ոչ վիճելի հատվածներում հույս չեն տվել ներդրողներին, եղած գումարները ոչ թե սահմանին, այլ Երևանի կենտրոնում են ծախսվել, ասում է ու հաստափոր՝ տուգանքներով ու սնանկացման տանող գրություններով թղթապանակները հանում դարակից։
«Վարկային պատմությունն է փչացած, նամակներ՝ ինչքան ուզես։ Եթե Հյուսիսային պողոտայում լինեի իմ բիզնեսով հանդերձ, ո՛չ էսքան թղթեր կունենայի, ո՛չ էսքան խնդիրներ։ Ես էսօր կլինեի դոնոր, ոչ թե բանկից փող վերցնող», - դժգոհեց Խաչիկյանը։
Հիմա, երբ կառույցը կա, շատ, թե քիչ աշխատող բիզնես է համարվում, համայնքապետարանից 2,5 միլիոն դրամի տուգանքի ծանուցում է ստացել՝ կառույցն ապօրինի է, նախապես շինթույլտվություն չի ստացել։
«Շեշտը գիտես որտեղ են դնում՝ միջպետական ճանապարհի վրա Սպարտակ Խաչիկյանն անօրինական շինարարություն է անում։ Բա ո՞ւր է մեր միջպետական ճանապարհը, որ վաղն էսա փակվելու է, ո՞ւր է հայտնվելու էդ ճանապարհը, որտեղո՞վ», - հարցեր են որի պատասխանը Խաչիկյանը չունի։
«Սարքել ենք՝ մտածելով, որ մի օր կկարգավորվի»
Մշտական ռիսկի տակ գտնվող գործարարն ինքն էլ չի դիմել պետական ու համայնքային կառույցներին՝ մեծ դժվարություններով կանգնեցրած շինությունն օրինականացնելու համար։ Ասում է՝ կասկածը, թե ամեն րոպե ռումբերն իրեն կհասնեն, խանգարել է։
«Այդ ժամանակ էլ կրակոցներ կային, վարպետները, որ աշխատում էին, ուղիղ նշանառության տակ էին, կրակում էին իրենց վրա, չէին թողնում, որ մարդը գործ անի, բայց սարքել ենք՝ մտածելով, որ մի օր կկարգավորվի», - ասաց գործարարը։
Հիմա, երբ հնարավոր սահմանազատումն իր բիզնեսից մի քանի մետր հեռավարության վրա կարող է անցնել, նոր կասկածներ ունի, թե Ոսկեպար գնացող ճանապարհի ուղղությունը փոխվի, իր խորտկարանի հարակից ճանապարհն այլևս մայրուղի չի համարվի, գնացող-եկողներ չեն լինի։
«Մի տարի է առևտուրը կտրված է»
Սպարտակը գործարարությամբ զբաղվող հարևաններ գրեթե չունի։ Իր խորտկարանին կից մի երկաթե տնակում ավտոմասեր են վաճառում։ Գեորգի Վարդանյանն ասում է՝ վերջին մեկ տարում իր անշուք խանութ մտնողներն էլ քիչ են։ Հստակ չգիտի՝ պատճառն ինչն է, բայց փաստ է՝ գործը առաջ չի գնում։
«Մի տարի է առևտուրը կտրված է։ Ինչո՞վ է պայմանավորված, չգիտեմ, մեր ժողովուրդի հավեսը երևի կտրվել է, չեն սարքում», - «Ազատության»-ը ասաց Վարդանյանը։
Ինչո՞ւ սահմանային գյուղերում բիզնես չեն դնում, ինչպես վարչապետն էր հարց բարձրացնում, ինչո՞ւ գործարարի մեկը երկու չի դառնում, ինչո՞ւ ի վերջո սահմանամերձ Տավուշում գյուղերն այդպես էլ չեն զարգացել երեսուն տարիներին։ Արդյո՞ք հարկային արտոնությունները բավարար են եղել, որ սահմանամերձի բնակիչն իրեն ապահով զգա։ Սպարտակ Խաչիկյանն ասում է՝ իր սեփական 5 հեկտար վարելահողից հազիվ կես հեկտար է մշակում՝ այն էլ մեծ դժվարություններով։
«Հողի հարկ չենք տալիս, ինչից հարկ տաս, անջրդիից ի՞նչ հարկ տաս, ի՞նչ ես ստանում դու էդ հողից, որ դրա համար էլ հարկ տաս, ընդհակառակը ՝ պետք է փոխհատուցում տա, որ էսքան տարի ես էդ հողը չեմ կարողացել մշակել», - ասաց Խաչիկյանը։
Ինչպես կավարտվի հնարավոր սահմանազատման գործընթացը, Ադրբեջանի հարևանությամբ ապրող մարդիկ դժվարանում են կանխատեսել, բայց միանշանակ ասում են՝ այսկերպ շարունակել հնարավոր չէ՝ տարածքը զարգացնել է պետք։
Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
Վարչապետն ուղիղ հայտարարում է՝ եթե անգամ հայկական զորքը Բաքվի պահանջած 4 գյուղերից հետ քաշվի սահմանագիծ, Ադրբեջանը հայկական 31 բնակավայրերի տարածքներից միաժամանակ չի նահանջելու։ Ընդդիմանալու վերջը, ըստ Փաշինյանի, մոտալուտ պատերազմը կլինի, իսկ պաշտոնական Երևանի քաղաքականությունը, վարչապետի խոսքով, պատերազմ թույլ չտալն է, «և սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման»։